2015թ. մարտի 10-ին Նյու Յորքում տեղի կունենա արմատներով դեպի Հայոց ցեղասպանությունը գնացող 100 LIVES նախաձեռնության համաշխարհային մեկնարկի արարողությունը։
Մի շարք հայտարարություններով հանդես են գալու համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը, ինչին հետեւելու է հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, ճանաչված բարեգործների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ակտիվ քննարկումը։
Միջոցառման ընթացքում աշխարհով մեկ կոչ է արվելու վերհանել տոկունության ու վերապրումի նորանոր դրվագներ Հայոց Եղեռնից։
Ներկայացվելու է օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելի համանախագահությամբ ամենամյա նոր միջազգային մրցանակը, որը պիտի շնորհվի մարդկանց, ովքեր մեծ աղետներ հաղթահարելով՝ առաջ են շարժվել եւ օգնել ուրիշներին գոյատեւել եւ հասնել բարեկեցության։
Հայտարարվելու է 100 LIVES եւ Not On Our Watch նախաձեռնությունների գործընկերության սկիզբը։ «Վաշինգտոնյան հեռուստաշաբաթ» (Washington Week) ծրագրի մոդերատոր եւ գլխավոր խմբագիր, PBS ցանցի «Լրատվական ժամ» (PBS Newshour) հեռուստալրատվականի հաղորդավար եւ խմբագիր Գվեն Իֆիլը հարցազրույց կվարի Ռուբեն Վարդանյանի եւ Ջորջ Քլունիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն նոր մրցանակն ու դրա առաքելությունը, ինչպես նաեւ ցեղասպանության դեմ պայքարի եւ աշխարհով մեկ մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված համատեղ միջոցառումները։
Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ եթերով։