logo
ՓԱԿԵԼMenu
2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Երեք հավակնորդները

2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Երեք հավակնորդները

2020 թ. «Երիտասարդական Ավրորա» նախագծի հավակնորդներն են Տանզանիայի UWC Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սինգապուրի UWC Հարավարեւելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողական թիմերը: Նրանք պատրաստվում են նոյեմբերի 3-ին իրենց նախագծերը ներկայացնել ժյուրիին:

Մենք հպարտ ենք բոլոր ուսանողներով, որոնք չնայած կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մարտահրավերներին եւ ուսումնական ուղեւորությունների սահմանափակումներին, հետ չկանգնեցին իրենց մարդասիրական գաղափարներն իրագործելու մտքից, որոնց կարիքը կա հատկապես այս տարի: UWC դպրոցներից եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից տասներկու նախագիծ է ներկայացվել 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»՝ առաջարկելով խնդիրների հաղթահարման հեռանկարային եւ մանրամասն նախագծեր իրենց դպրոցների գտնվելու վայրերում. Հնդկաստանի Մուլշի Տալուկա գյուղական վայրերում կանխարգելիչ բժշկական խնամքից մինչեւ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում որոշակի դեղերի եւ սննդի համադրության վնասակար փոխազդեցությունից խուսափելու համար նախատեսված հավելված, Տանզանիայի Սանյա Հոյի գյուղում տեղացիների եւ փղերի խաղաղ գոյակցությունից մինչեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի Մոստար քաղաքում փախստականների ու տեղի համայնքի միջեւ խաղաղ համակեցության ստեղծում:

Նախագծերից յուրաքանչյուրը հիշեցում էր եւ ապացույց «Երիտասարդական Ավրորան» հիմնադրած կազմակերպության՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելության կարեւորության մասին: «Ավրորան», որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին բազմաթիվ նախագծերի միջոցով օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այդ նախագծերից մեկն էլ «Երիտասարդական Ավրորան» է, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ խրախուսում է, ներկայացնում եւ աջակցում ուսանողական ծրագրերին, որոնք վեր են հանում մարդասիրական հստակ խնդիրներ եւ առաջարկում կայուն ու նորարարական լուծումներ:

Մարդասիրական ոգին իր հստակ արտահայտությունն է գտնում  ներկայացված յուրաքանչյուր նախագծում, որոնք գնահատում է մարդասերներից եւ ձեռներեցներից կազմված նախընտրական հանձնաժողովը՝ ըստ յոթ հիմնական չափորոշիչների. ստեղծարարություն, կայուն լուծումներ, հետազոտության որակ, հնարավոր ազդեցություն, ինչպես նաեւ նվիրվածություն, ինքնահայեցողություն եւ ձեւաչափ: Բոլոր թիմերը մանրամասն կարծիք-վերլուծություն են ստանում ժյուրիից, որպեսզի կարողանան հետագայում եւս զարգացնել իրենց ծրագիրն ու իրագործել այն:

Անդրադառնալով «Երիտասարդական Ավրորայի» կարեւորությանը՝ Global Shapers Community Kampala Hub-ի («Գլոբալ շեյփերս» համայնքի Կամպալայի կենտրոն) եւ 2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» նախընտրական հանձնաժողովի անդամ Ջուլյանա Բիտարաբեհոն ասաց. ««Երիտասարդական Ավրորան» յուրահատուկ նախաձեռնություն է, որը սովորեցնում է ուսանողներին դուրս գալ սեփական «ես»-ի սահմաններից եւ ազդեցություն գործել ուրիշների կյանքի վրա: Կարեկցանքն արդյունավետ է, երբ կա անցում զգացողությունից գործողության: Եվ ես հավատում եմ, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսանողներին գործնական մասնակցություն ունենալ այդ պրոցեսին: Այս տարի նախագծի առաջարկները տպավորիչ էին եւ համայնքակենտրոն: Դրանք շոշափում էին մի շարք խնդիրներ, որոշները նույնիսկ ինձ համար էին բացահայտում, քանի որ դրանց մասին շատ չի խոսվում: Փոփոխություն բերող՝ աշխարհն ավելի լավը դարձնող երիտասարդներն են մեր ապագան: Լավագույնն եմ մաղթում երիտասարդ մարդասերների թիմերից յուրաքանչյուրին»:  

Եզրափակիչ դուրս եկած Տանզանիայի UWC Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սինգապուրի UWC Հարավարեւելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողական թիմերն այժմ պատրաստվում են իրենց նախագծերը ներկայացնել ժյուրիին: Հաղթող թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար: Նախորդ տարիներին հավակնորդ-նախագծերը ներկայացվում էին Հայաստանում, սակայն այս տարի կորոնովիրուսի հետեւանքով առաջացած սահմանափակումների պատճառով  այն տեղի կունենա առցանց: Նախագծերին կարող եք ծանոթանալ եւ դիտել տեսանյութերը՝ ստորեւ․

Եզրափակիչ փուլ դուրս եկած երեք թիմերը

UWC Արեւելյան Աֆրիկա՝ «Փեթակ-բաժանարար» (Beehive Divide) նախագիծ   

«Փեթակ-բաժանարար» նախագծի նպատակն է խաղաղ գոյակցություն հաստատել փղերի եւ Տանզանիայի Սիհա շրջանի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: Տեղանքի պատճառով Սանյա Հոյիում մարդիկ ու փղերը հաշտ չեն ապրում՝ բերելով կյանքի կորուստ եւ դաշտերի ոչնչացում: Թիմը մտադիր է փղերին վանող երկու պաշտպանիչ պատնեշ կառուցել դաշտերի եւ փղերի գտնվելու տարածքների միջեւ՝ փեթակ-ցանկապատ եւ «կծու» պատնեշ: UWC Արեւելյան Աֆրիկայի ուսանողները փեթակներ կպատրաստեն իրենց փայտե իրերի նախագծման եւ պլաստիկի վերամշակման աշխատարաններում: Այս նախագիծը կապահովի վտանգված փղատեսակների պաշտպանություն եւ կօգնի Չագա համայնքին բարգավաճել. մի կողմից՝ հացահատիկի դաշտերը պաշտպանված կլինեն, մյուս կողմից՝ մեղվապահությունը կապահովի սնունդ եւ կկրճատի աղքատությունը: Խոսելով նախագծում իր փորձառության մասին՝ թիմի անդամ, տանզանիացի Միրիամ Յուսաբանին ասում է. «Մենք սկսեցինք շատ փոքր նախագծից եւ երբեք չէինք պատկերացնի, որ կհասնենք այս կետին։ Ես սովորել եմ, որ վճռականության շնորհիվ նույնիսկ շատ փոքրիկ նախաձեռնությունը կարող է դրականորեն ազդել բազմաթիվ մարդկանց կյանքի վրա»:

 

UWC Մահինդրա քոլեջ՝ «Բուժզինվորներ » (MedRangers) նախագիծ

«Բուժզինվորներ» նախագիծը մեկնարկեց, երբ Սադհանա գյուղի կանայք թիմին պատմեցին գյուղական վայրերում բուժօգնություն ստանալու խնդիրների մասին: Հարցումների եւ տեղացի մենթորների օգնությամբ արված հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Մուլշի Տալուկայում բժշկական սխալները կրթության պակասից է, իսկ բուժօգնությունն անբավարար է սոցիալ-տնտեսական, մշակութային եւ ենթակառուցվածքային խնդիրների պատճառով։ Չնայած Հնդկաստանի բնակչության 68,4 տոկոսն ապրում է գյուղական վայրերում, դրանց բաժին է հասնում Հնդկաստանի առողջապահական ենթակառուցվածքների միայն 25 տոկոսը: «Բուժզինվորներ» նախագծի նպատակն է բարելավել առողջապահության վիճակը Մուլշի Տալուկայում՝ կանխարգելիչ եւ ախտորոշիչ գործընթացով: Առաջին հերթին, դրան հասնում են գիտության, ախտանշանների եւ տարածված հիվանդությունների բուժման վերաբերյալ դասընթացների, առաջին բուժօգնության հիմնական հմտությունների ուսուցման եւ դպրոցների անձնակազմի, գյուղի բնակիչների առողջապահական ապահովագրության սխեմաների եւ Սոցիալ-առողջապահության ոլորտի հավատարմագրված աշխատողների (ASHA) բժշկական հետագա վերապատրաստումների կազմակերպմամբ: Ախտորոշման նպատակով թիմն առողջապահական ճամբարներ կկազմակերպի Մուլշի Տալուկայում՝ բժշկական օգնությունն ավելի հասանելի դարձնելու համար: Նրանց նպատակը հստակ է. «Մենք ձգտում ենք խրախուսել տեղացիներին անկախ եւ տեղեկացված որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ»:

Խոսելով նախագծի վրա աշխատելու մասին՝ թիմի անդամ Պրյանկա Չահահրիան ասում է. «Ես հասկացա, որ համայնքին օգնելու իմ ցանկությունը բավարար չէ: Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, թե ինչի կարիք ունեն մեր շահառուները, եւ ոչ թե՝ ինչ է մեր կարծիքով անհրաժեշտ նրանց: Մենք պետք է ողջամտորեն ընդունենք, որ երբեմն լավագույն քայլը մտքերին ազատություն տալն է»:

 

UWC Հարավարեւելյան Ասիա՝ «ՆՐԱ ճամփորդությունը» (HER Journey) նախագիծ

«ՆՐԱ ճամփորդությունը» նախաձեռնության նպատակն է պաշտպանել Սինգապուրում օտարազգի տնային աշխատողների (FDWs) իրավունքները եւ աջակցել նրանց: Թիմը հույս ունի հասնել դրան եռակողմ մոտեցմամբ. (1) տեղի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ նրանք սոցիալական հոլովակներ են պատրաստում՝ «Իմացի՛ր, քո իրավունքները» խորագրով, որոնք լուծումներ են առաջարկում աշխատանքային իրավունքների վեճերի վերաբերյալ: (2) Ջանքեր են գործադրում հանրությանը (հատկապես գործատուներին) կրթելու ուղղությամբ, ինչի համար մշակել են «Փոխըմբռնման մարտահրավեր» (Empathy Challenge) թղթախաղը, որտեղ խաղացողները հանդես են գալիս դերերով՝ որպես տնային աշխատող եւ գործատու, բանակցություններ վարում աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների լուծման ուղղությամբ: (3) Թիմն օտարազգի տնային աշխատողների հետ հարցազրույցների հիման վրա պատրաստել է փոդքասթեր, որտեղ նրանք ներկայացնում են իրենց միգրացիոն պատմությունը եւ խորհուրդներ տալիս գործընկերներին: Հետադարձ հայացք գցելով նախագծի անցած ճանապարհին՝ թիմի անդամ Սինչան Լյու (Քերըն) գրում է. «Մեր նախագիծը երկար ճանապարհ է անցել այն պահից, երբ 2019 թ. մայիսին կապ հաստատեցինք Միգրանտ աշխատողների եւ Տնային աշխատողների կենտրոնների հետ: Մենք մեզ համար նպատակներ սահմանեցինք եւ բաց ենք վերափոխումների համար՝ ելնելով մեր հնարավորություններից: Մենք ուսումնասիրում ենք արձագանքներն ու պարբերաբար շտկումներ անում: Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով ցրված ենք աշխարհով մեկ, մենք շարունակում ենք աշխատել հեռավար»:

 

Լուսանկարում ՝ (ձախից աջ) «ՆՐԱ ճամփորդությունը» (HER Journey) նախագծի թիմը՝ UWC Հարավարեւելյան Ասիայի դպրոցից, «Փեթակ-բաժանարար» (Beehive Divide) նախագծի թիմը՝ UWC Արեւելյան Աֆրիկա դպրոցից, «ԲուժԶինվորներ» (MedRangers) նախագծի թիմը՝ UWC Մահինդրա դպրոցից