logo
ՓԱԿԵԼMenu
Փորձագետները՝ COVID-19-ի հետեվանքների մասին

Փորձագետները՝ COVID-19-ի հետեվանքների մասին

«Ավրորայի» համահիմնադիրները եւ Ընտրող հանձնաժողովի նախագահը մասնակցել են առցանց հատուկ քննարկման

2020թ. մարտի 28-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին մասնակցեցին կորոնավիրուսային հիվանդության բռնկմանը նվիրված առցանց հատուկ քննարկմանը, որը կազմակերպել էր «Ֆյուչըրս ստուդիո» քննարկումների հարթակը:

«Ավրորայի» համահիմնադիրներին եւ Ընտրող հանձնաժողովի նախագահին էին միացել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն եւ McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը: Բանախոսները ներկայացրին, թե ինչպես է ներկա համավարակն ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա եւ քննարկեցին հնարավոր մարտահրավերները, որոնց կբախվի աշխարհն առաջիկա ամիսներին եւ տարիներին:

Քննարկումը վարում էր Ռուբեն Վարդանյանը, որը ողջունեց բանախոսներին եւ մասնակիցներին, ապա Դեյվիդ Նաբարոյին խնդրեց հակիրճ ներկայացնել, թե համաճարակի ու դրան հաջորդած հետագծի ինչպիսի պատկերի առջեւ ենք կանգնած, եւ թվարկել այն հատուկ գործողությունները, որոնք ձեռնարկել ենք կամ կարող ենք ձեռնարկել՝ իրավիճակը պատշաճ վերահսկողության տակ պահելու համար։ 

Դոկտոր Նաբարոն, խոսելով գիտելիքի կատարած դերի մասին, զգուշացրեց, որ «խելամիտ չէ COVID-19-ի մեր կանխատեսումներն անելիս հիմնվել այլ վիրուսների իմացության վրա, որոնցից է, ասենք, էբոլան, քանի որ այս վիրուսը լիովին այլ կերպ է իրեն դրսեւորում։ Երկարաժամկետ կտրվածքով, մարդկությունն ստիպված է լինելու համակերպվելու այս վիրուսի հետ, քանի որ քիչ է հավանականությունը, որ բավականաչափ մարդիկ շուտով իմունիտետ ձեռք կբերեն: Բոլոր երկրները պետք է մշտապես զգոն մնան, որպեսզի կանխեն բռնկումները, եւ մենք պետք է համակերպվենք դրան»: Դոկտոր Նաբարոն նաեւ ավելացրեց, որ «միջազգային սերտ գործակցությունը խիստ կարեւոր է, բայց կարող է դժվար հասանելի լինել՝ COVID-19-ի հետ առնչություն չունեցող պատճառներով»:  

Համաշխարհային բռնկման համատեքստում «Ավրորան» վերջերս հայտարարեց, որ թոքերի արհեստական օդափոխության սարքեր կտրամադրի հայաստանյան հիվանդանոցներին՝ օգագործելով #AraratChallenge շարժման հանգանակությունները: Նկարագրելով ներկա վիճակը երկրում՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ ստիպված էին շատ արագ գործել, բայց մինչեւ հիմա երկրի արձագանքն առողջապահական ճգնաժամին եղել է համարժեք: Նա նաեւ բարձրացրեց համապատասխան սարքավորումների կարեւորության եւ դրանք ձեռք բերելու հարցը:

«Եթե բժիշկներն ու բուժքույրերը վարակվեն, նրանք կտարածեն վարակը հիվանդանոցում, հետեւաբար անձնակազմի պաշտպանիչ միջոցների հարցը խիստ կարեւոր է: Մենք փորձում ենք անհատական պաշտպանության միջոցներ (PPE) ձեռք բերել Չինաստանից, բայց լոգիստիկ շատ խնդիրներ կան, քանի որ սահմանները փակ են, տեղում էլ այլ սահմանափակումներ կան: Հայկական համայնքն ու Սփյուռքն օգնում են մեզ՝ հիմնականում Միացյալ Նահանգներից, եւ մենք շարունակում ենք հնարավորություններ փնտրել, տեսնել, թե ինչպես կարող են նրանք մեզ օգնել, չնայած հիմա ԱՄՆ-ն էլ մեկ այլ թեժ կետ է դարձել: Ըստ էության, հիմա մենք վնասներն ենք վերահսկում՝ առողջապահության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան երկարաժամկետ հեռանկարում»,- նկատեց նախարար Թորոսյանը:

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին մատնանշեց մեր ժամանակների մեկ այլ ընդհանուր նշան՝ վախ եւ տագնապ: «Դժվար ժամանակներ են: Վախն այնպիսի խնդիր չէ, որը կարելի է հեշտությամբ կառավարել: Վիրուսը դեռեւս նստած է մեքենայի ղեկին. այն մեզնից շատ առաջ է՝ ինչ էլ որ փորձենք անել»,- ասաց Լորդ Դարզին: «Աշխարհում ոչ մի առողջապահական համակարգ, նույնիսկ լավագույնը, կարողություն չունի սպասարկելու ծանր հիվանդություն ստացած բնակչության 15-20 %-ին։ Միակ բանը, որ կարող ենք անել՝ նվազեցնել սրընթաց աճը, ընդլայնել կորը, որպեսզի կարողանանք գոնե կառավարել մահճակալների պահանջարկը հիվանդանոցներում»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը շատ մոտ է կանգնած COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծին, քանի որ նրա համահիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնիկական ընկերությունը պատվաստանյութ է մշակում այս նոր վիրուսի դեմ: «Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային կենսաբանական պատերազմ: Այն մարդածին չէ, բայց կենսաբանական շատ մեծ պատերազմ է: Կենսաբանական այս պատերազմը նախադեպ ունեցել է, սակայն այն մարդկության վրա այսքան տեսանելիորեն չի ներգործել»,- ասաց նա՝ հավելելով, որ պատվաստանյութի մշակումը «մրցակցություն չէ տարբեր ընկերությունների եւ տարբեր մոտեցումների միջեւ: Ըստ էության, այն մրցակցություն է մեր եւ վիրուսի միջեւ»:

Վերջում Նուբար Աֆեյանը զուգահեռներ անցկացրեց ճգնաժամի, որին այսօր բախվում է ամբողջ մարդկությունը եւ ավելի քան մեկ դար առաջ հայերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների միջեւ: «Գոյատեւման բնազդը, որ մենք ունենք, էական կլինի այս ճակատամարտն անցնելու համար: Չհանձնվելու զգուշավոր լավատեսությունը, որից մենք չպետք է հրաժարվենք, ծանոթ է մեզնից շատերին, քանի որ մեր ընտանեկան պատմություններում ստիպված ենք եղել նման պայքարի միջով անցնելու: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, թե սա պարզապես վատ մղձավանջ է, եւ այն պահից, երբ արթնանանք, վերադառնալու ենք նախկին վիճակին, վախենամ՝ շատ է հիասթափվելու», - ասաց նա:

McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի անդամ Անդրե Անտոնյանն ափսոսանք հայտնեց, որ ինֆորմացիան բավարար չէ, որպեսզի փորձագետները միանշանակ պատասխաններ տան այն հարցերին, որոնք աշխարհն է առաջադրում, բայց հաստատեց, որ իր ընկերությունն էլ մյուսների նման «ուսումնասիրում է փաստերը եւ մշակում տարբեր սցենարներ, եւ այդ սցենարները կախված են կյանքի պաշտպանությունից, ապրուստի միջոցների պահպանումից, արժեք ստեղծելու ձեւից, աշխատանք ունենալուց եւ այդպես շարունակ: Յուրաքանչյուր ճգնաժամ հնարավորություն է: Նախ՝ պետք է անցնենք սրա միջով, սա է իրականությունն անհատների, կառավարությունների եւ երկրների համար: Երկրորդ՝ պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի վերադառնալու ճիշտ ժամանակը: Մենք պետք է հասկանանք դա եւ ապահովենք տնտեսության շարունակականությունը: Բայց ապագան նույնը չի լինի»:

Ամփոփելով քննարկումը՝ սոցիալական ձեռներեց եւ հանրօգուտ ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդայնանն ասաց. «Ցավոք, մարտահրավերներից մեկը, որին բախվում ենք, [այն է, որ] մարդիկ չգիտեն, թե առաջինն ինչի մասին պետք է հոգ տանել: Սա կատարյալ փոթորիկ է. դու բազմաթիվ խնդիրներ ունես, որոնք պետք է լուծել: Կարեւոր կդառնա մի բան՝ խոսել իրար հետ, սովորել փոխանակել փորձը: Ամբողջ աշխարհից մարդիկ պատրաստ են փոխանցելու իրենց գիտելիքները, իրենց փորձը`ուրիշներին օգնելու համար»: