«Երիտասարդական Ավրորան» «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագծերից է, որը UWC դպրոցների ուսանողներին հնարավորություն է ընձեռում՝ մշակելու սեփական նախագծերը, որոնք, հաղթահարելով մարդասիրական խնդիրները, դրականորեն կազդեն իրենց համայնքի կյանքի վրա: Մրցույթի երրորդ տարում UWC թիմերից երեքն ընտրվել էին եւ անցել վերջնական փուլը, որն անցկացվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում Հայաստանում: Վերջնական ընտրությունից հետո հաղթող ճանաչվեց UWC Արեւելյան Աֆրիկայի թիմն իր «Անծուխ խոհանոցներ» նախագծով, եւ թիմը տուն կվերադառնա 4000 ԱՄՆ դոլար մրցանակով: Այն կնպաստի նախագծի հետագա զարգացմանը: Ժյուրին այնքան տպավորված էր բոլոր երեք նախագծերով, որ մրցույթի վերջին պահին որոշվեց մյուս երկու թիմերին տալ 2000-ական ԱՄՆ դոլար մրցանակ:
2019թ. «Ավրորա» ֆորումի չորրորդ օրը UWC Արեւելյան Աֆրիկայի, UWC Փիրսոն քոլեջի եւ UWC Ատլանտիկ քոլեջի ուսանողներն իրենց նախագծերը վերջնական ժյուրիին ներկայացրին 300 հոգանոց դահլիճում «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովին: Ժյուրիի կազմում են կրթության եւ մարդասիրության ոլորտի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են «Teach for all» համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ուենդի Կոպը, հայտնի սոցիալական ձեռներեց եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ ֆինլանդացի ականավոր քաղաքական գործիչ Պեր Սթենբեքը: «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի նպատակն է բացահայտել կրթության դերը սոցիալապես պատասխանատու անհատների ձեւավորման գործում: Քանի որ սա նաեւ UWC կրթական մոդելի առանցքն է, ոգեւորիչ էր լսել UWC թիմերի տպավորիչ ներկայացումները, որտեղ նրանք քննարկում էին իրենց մտահոգությունները տեղական մակարդակի մարդասիրական խնդիրների վերաբերյալ: Խնդիրներ, որոնք նրանք բացահայտել էին և բարձրաձայնել՝ առաջարկելով լուծումներ:
UWC Ատլանտիկ քոլեջի «Երիտասարդ ձայներ» թիմի համար դա կլինի իրենց հասակակիցների մշակած քաղաքացիական կրթական ծրագիրը, որի նպատակն է Ուելսի երիտասարդներին ներգրավել եւ մասնակից դարձնել քաղաքացիական խնդիրների լուծմանը: UWC Արեւելյան Աֆրիկայի «Անծուխ խոհանոցների» թիմը ներկայացրեց իրենց նախագիծը՝ կրճատելու եւ վերացնելու խոհանոցում առաջացած ծխի վնասակար հետեւանքները Կիլիմանջարոյի վարչական կենտրոն Մոշիում ապրող Չագա եւ Մաասայ ցեղախմբերի մոտ: Եվ վերջապես, UWC Փիրսոն քոլեջը ներկայացրեց իր «Արժեքավոր պլաստիկ» նախագիծը, որի ուշադրության կենտրոնում միջավայրի աղտոտումն է պլաստիկե նյութերով: Խնդիրը լուծելու համար թիմն առաջարկում է ստեղծել պլաստիկի վերամշակման փոքրիկ գործարան հենց ուսումնական ավանում, որի արտադրած նյութերը կվաճառվեն:
«Հիանալի է տեսնել, թե ինչպես են UWC դպրոցների ուսանողներն իրենց էներգիան և նվիրվածությունը փոխակերպում եւ դրական ազդեցություն գործում իրենց համայնքների վրա: Տպավորիչ է այսօր տեսնել նրանց՝ ոչ միայն որպես ապագա առաջնորդների, այլեւ՝ հիմա եւ այստեղ փոփոխություն իրականացնողների»,- ասաց Յենս Ուոլթերմանը՝ UWC International:
Մարդասիրական խնդիրների այն բազմազանությունը, որոնց լուծմանն են ուղղված այս նախագծերը, ինչպես նաեւ այդ նպատակին հասնելու համար չափազանց լավ մտածված ռազմավարությունն ապահովեցին հագեցած օր եւ լարված մրցակցություն:
«Բոլոր երեք նախագծերը, որ ներկայացվեցին այսօր, տպավորեցին բոլորիս՝ թե ինտելեկտուալ առումով, թե հուզական: Չափազանց բարդ էր որոշում կայացնել: Հեշտ չէր համաձայնության գալ, ինչը վկայությունն է բարձրորակ նախագծերի եւ ներկայացումների: Անհամբեր ենք տեսնել, թե ինչպես է այսօր ստացած այս մրցանակը նպաստելու նախագծերի զարգացմանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ ժյուրիի անդամ Նուբար Աֆեյանը:
Ի սրտե շնորհավորում ենք երկրորդ տարվա հաղթողներ Քելվինին, Յահալային եւ Նիկոլիին իրենց «Անծուխ խոհանոցներ» նախագծի, դրսեւորած եռանդի, մանրամասն ուսումնասիրության եւ տքնաջան աշխատանքի համար, ինչն ունեցավ իր արդյունքը: Թիմը մտադիր է որպես մրցանակ ստացած գումարն օգտագործել՝ հետազոտություն սկսելու, ավելի արդյունավետ, էժան եւ կայուն գազօջախների ծրագիրը զարգացնելու համար: Այդ գումարը հնարավորություն կտա թիմին բարելավելու գազօջախների տեղադրման գործընթացը՝ վերապատրաստելով տեղացի «դեսպաններին» խոհանոցների կառուցման եւ պահպանության գործում: Ավելի երկարաժամկետ՝ սա թույլ կտա մշակելու գազօջախների ինքնուրույն տեղադրման ծրագիր: