logo
ՓԱԿԵԼMenu
2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումներ մեկնարկ

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումներ մեկնարկ

Մինչ աշխարհն սպասում է, թե երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը: Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն ու նվիրվածություն եւ մեծ ազդեցություն ունենում մարդկանց կյանքը փրկելու ու բարելավելու գործում: 2015 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց եւ բարձրացնում իրազեկությունը նրանց անձնուրաց աշխատանքի մասին:

«Ավրորայի» հերոսի կարող է առաջադրել յուրաքանչյուր ոք: Մրցանակին հավակնում են այն խիզախ եւ անձնվեր մարդիկ, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը՝ պահպանելու այլոց կյանքը: Առցանց առաջադրումներին հետեւում է մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք առանձնացնում են մրցանակի ամենահավանական թեկնածուներին, որի հիման վրա «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում՝  հայտարարելով «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին: Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ միջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների պաշտպաններ: «Ավրորա» մրցանակի չափանիշներն ու ընտրական գործընթացի նկարագրությունը ներկայացված են մրցանակի կայքում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ է շնորհում դափնեկրին՝ բացառիկ հնարավորություն տալով շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 

«Ավրորա» մրցանակի մեկնարկից սկսած՝ ստացվել է 1,399 առանձին թեկնածուների ավելի քան 2,200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից, ավելի քան 20 լեզուներով։ 2019թ. «Ավրորա» մրցանակի համար եղել է 719 առաջադրում 72 երկրից, որոնցից 523-ը՝ չկրկնվող թեկնածուներ: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերի 20-ին` առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Տարիների ընթացքում ընտրվել է «Ավրորայի» 14 հերոս, որոնցից  երեքը դարձել են դափնեկիր: Դափնեկիրներից յուրաքանչյուրն առաջադրել է երեքական կազմակերպություն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է պայքարել մանկական աղքատության դեմ, բարելավել փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրությունը, կրթական, հոգեբանական եւ բժշկական օժանդակություն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին եւ սեռական բռնության զոհերին։ «Ավրորա» մրցանակը լուրջ ազդեցություն է գործում աշխարհով մեկ տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ ներառյալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին եւ մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը եւ այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել մարդասիրության 11 ոլորտներում իրականացվող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը, չնայած հալածանքներին եւ 12 տարի անազատության մեջ անցկացրած տարիներին, շարունակում է պայքարել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար: «Ավրորա» մրցանակն աջակցում է Չո Լա Աունի առաջադրած միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական եւ այլ անհրաժեշտ օգնություն են տրամադրում Մյանմայի փախստականներին:

«Հայ ժողովուրդն իր մեծագույն ողբերգությունն ապրեց մեկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհավիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք եք հույս ներշնչում եւ օգնության ձեռք մեկնում ծայրահեղ կարիքի մեջ հայտնված մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ սա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ ավելի ապահով վայր մարդկության համար՝ անկախ էթնիկ, ռասայական եւ կրոնական պատկանելությունից», - ասել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2020 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսվում է 2019 թվականի մայիսի 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու եւ արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ եւ կայուն աշխարհի ստեղծման: Առաջադրումների փուլը կավարտվի 2019թ. հոկտեմբերի 31-ին։

Լուսանկարը՝ Թորլիֆ Սվենսոն/Փանզի հիվանդանոց