logo
ՓԱԿԵԼMenu
Միջազգային հանրությունը կոչ արեց ստանձնել պաշտպանելու պատասխանատվությունը (R2P)

Միջազգային հանրությունը կոչ արեց ստանձնել պաշտպանելու պատասխանատվությունը (R2P)

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փետրվարի 15-ին անցկացրեց «Անտեսումից դեպի պաշտպանություն. Պաշտպանելու պատասխանատվության վերաստանձնում» (Neglect2Protect: R2P revisited) միջոցառումը, որին մասնակցում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հումանիտար գործիչներ: Այն յուրօրինակ հարթակ էր՝ քննարկելու, թե ինչպես իրագործել պաշտպանության պատասխանատվության (R2P) սկզբունքները՝ ցեղասպանություններին, էթնիկ զտումներին, պատերազմի ընթացքում եւ մարդկության դեմ իրագործվող հանցանքներին արձագանքելու եւ դրանք կանխարգելելու համար: Միջոցառումը վարում էր միջազգային թոք-շոուների վարող Ալի Ասլանը:

Պետք է հաղթահարել պաշտպանությունն իրականացնելու ճանապարհին եղած խոչընդոտները, հայտարարեցին Մյունխենի անվտանգության համաժողովի փորձագետները: Ավելի վաղ՝ 2018թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկմանը, դեսպան Վոլֆգանգ Իշինգերը նկատել էր, որ քաղաքական կուսակցությունները եւս մեղքի իրենց բաժինն ունեն, եթե կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց չեն գործում: Այս թեման քննարկվեց համաժողովի հետագա միջոցառումների ընթացքում եւս:

2005-ին ընդունելով «Պաշտպանելու պատասխանատվության» (R2P) սկզբունքները՝ ՄԱԿ-ի  անդամ պետություններն ստանձնեցին պատասխանատվությունը՝ մարդկությանը պաշտպանելու ցեղասպանությունից, պատերազմի հանցանքներից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ իրագործվող հանցանքներից: Միաժամանակ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում՝ արձագանքելու, պաշտպանելու եւ վերակառուցելու, երբ պետությունն ի վիճակի չէ պաշտպանել իր բնակչությանը:

Միջոցառման մասնակիցները հաստատեցին R2P վավերականությունը, բայց նաեւ ընդունեցին, որ կա բաց խոսքի եւ գործի միջեւ: Համաձայնեցին, որ R2P պետք է կյանքի կոչել՝ անկախ պետությունների մեկուսացումից եւ հասարակությունների միջեւ եղած պառակտումներից, որոնց ականատես ենք լինում այսօր: Պետք է վերջ դրվի միջազգային օրենքները խախտողների անպատժելիությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան ընդգծեց. «Հիմա, քան երբեւէ, կարեւոր է, որ միջազգային հանրությունը մենակ չթողնի մարդասիրական աշխատանք իրականացնողներին, որոնք ջանք են գործադրում թեթեւացնելու մարդկանց տառապանքը: Պարտադիր չէ, որ «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքը նշանակի «տեղում զորք ունենալ»: Գլոբալ պատասխանատվություն կարող է նշանակել նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ներառյալ ոչ թռիչքային գոտիների սահմանումը: Ի վերջո, ճնշումներ գործադրող կառավարությունը պետք է իմանա, որ միջազգային հանրությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել»:

Միջոցառման բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան եւ IRC նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը: Նրանք ընդգծեցին, որ հաճախ պետության սուվերենության իրավունքը դիտարկվում է որպես արդարացում՝ խուսափելու ներպետական հարցերում թույլ տված սխալների համար պատասխանատվություն կրելուց: Ըստ նրանց՝ պետք է մի կողմ դնել սուվերենությունը, եթե պետությունը վնասում է սեփական բնակչությանը: IRC նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը նկատեց, որ մենք ապրում ենք անպատժելիության դարաշրջանում, երբ խոսքը վերաբերում է անհատի իրավունքներին: Դա ոչ միայն շեղում է R2P-ից, այլեւ համաձայնեցված հարձակում դրա վրա: Փոխկապակցված աշխարհում պետությունների սուվերենությունը պետք է սահման ունենա:

Քրիստոֆ Հոյսգենը բացատրեց, որ կան նաեւ այլ հնարավոր միջոցներ՝ կանխելու բռնությունը մարդու իրավունքների նկատմամբ, օրինակ՝ իրերն իրենց անուններով կոչելու եւ ամոթանքի ճանապարհով: Հստակ դեպքերով եւ հանրային կարծիքի միջոցով ճնշում գործադրելով՝ քայլ առ քայլ հնարավոր է հասնել մարդկության պաշտպանությանը: Բացի այդ, նա կարեւորեց քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը՝ շեշտելով, որ այն կարող է լուրջ գործոն լինել:

Դեյվիդ Միլիբենդը նաեւ նկատեց, որ չի կարող լինել խաղաղություն, եթե չկան վստահելի եւ լեգիտիմ ինստիտուտներ, որոնց ձեռքում է քաղաքական իշխանությունը: Խաղաղության պահպանումը  պետք է սահմանում ունենա: Այն կարող է ավելի արդյունավետ լինել, եթե վերջնական նպատակը հստակ է: Այլապես դա անվերջ ձգվող գործընթաց է քաղաքական եւ ոչ քաղաքական կառույցների համար:

Մասնակիցները համաձայնեցին, որ միջազգային արդարադատությունը գլոբալ պաշտպանություն է: Այդ պաշտպանությունն իրականացնելու համար պետությունները պետք է հետեւեն միջազգային իրավունքի գործող կառույցներին, որոնք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ Միջազգային քրեական դատարանը:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան բացատրեց, որ գործող ինստիտուտները լավագույն գործիքներն են՝ վերջ տալու անպատժելիությանը: Միջազգային քրեական դատարանի աշխատանքը չափազանց կարեւոր է, եթե նույնիսկ կա դիմադրություն: Միջազգային արդարադատությունը գլոբալ պաշտպանություն է, որից կշահի ամբողջ մարդկությունը: Նա նաեւ պնդեց, որ պետք է փոխել մտածողությունը: Քանի որ առանց արդարության չկա խաղաղություն: Չպետք է կենտրոնանալ միայն խաղաղության համար վարվող բանակցությունների վրա, պետք է նաեւ ճանապարհներ փնտրել, որտեղ խաղաղությունը եւ արդարությունը կարող են միաժամանակ գոյություն ունենալ: