2019թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՆ ՍԿՍՎԱԾ Է

2019թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՆ ՍԿՍՎԱԾ Է

«Ավրորա» ամենամյա մրցանակի համար կարող եք առաջադրել հերոսների

2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները հայտարարվում են բացված։ «Ավրորա» մրցանակը համաշխարհային մարդասիրական պարգեւ է, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է մերօրյա հերոսներին՝ ճանաչման արժանացնելով նրանց, ովքեր սեփական կյանքին սպառնացող ռիսկերի պայմաններում փրկում եւ վերափոխում են բազում մարդկանց կյանքը ։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ վարկանիշին սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի պահպանման գործում։ Առցանց առաջադրված թեկնածություններն ապա ուսումնասիրում է Փորձագետների հեղինակավոր խորհուրդը, իսկ «Ավրորա» մրցանակի հերոսներն ու դափնեկիրն ընտրվում են մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից։ Օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող Ընտրող հանձնաժողովում ներառված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

«Ավրորա» մրցանակի չափանիշների եւ ընտրական գործընթացի նկարագրությունը ներկայացված է մրցանակի կայքում։ 2019 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2018 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ին (EDT)։

Առաջադրումների փուլի բացումն անմիջապես հետեւում է 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին, Խոր Վիրապում, եւ որի ընթացքում Չո Լա Աունը հռչակվեց մրցանակի երրորդ դափնեկիր։ Չո Լա Աունը  մեծարանքի արժանացավ Մյանմայում հետապնդումների ենթարկվող ռոհինջա ժողովրդի իրավունքների վերականգնման պայքարին ցուցաբերած բացառիկ նվիրվածության համար։

Անդրադառնալով մրցանակի գործունեության երրորդ տարուն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018 թվականի դափնեկիր է ընտրվել այս տարի ստացված շուրջ 750 թեկնածությունների շարքից։ Պատիվ ունենք ի հայտ բերելու սակավաթիվ մարդկանց կատարած բացառիկ եւ նշանակալի գործն ու աջակցելու դրան։ Այս մարդիկ իսկական հերոսներ են։ Լիահույս ենք, որ առաջադրումների փուլի մեկնարկով մենք կկարողանանք գտնել ավելի մեծ թվով հերոսների եւ բացահայտել 2019 թվականի դափնեկրին»։

Ամեն տարի «Ավրորա» մրցանակն ընտրում է մեկ դափնեկրի, որն ստանում է 1.000.000 դոլար պարգեւ, ինչն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակն 2016 եւ 2017 թվականներին ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ աջակցելով դափնեկիրների առաջադրած վեց կազմակերպություններին Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում։ Այս կազմակերպությունները պայքարում են ընդդեմ մանկական աղքատության, բարելավում են փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրությունը եւ կրթական, հոգեբանական ու բժշկական օժանդակություն ցուցաբերում պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին եւ սեռական բռնության զոհերին։ Այս ազդեցության շարժիչ ուժերն են մրցանակի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ նախաձեռնությունները, այդ թվում՝ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական եւ բարձրագույն կրթության ծրագրերը, արհեստակցական-մասնագիտական ուսուցումը, բժշկական պարագաներով զինումը եւ այլն։ Վերջին երկու տարվա ընթացքում «Ավրորա» մրցանակի դափնեկիրների առաջադրած կազմակերպություններն աջակցել են սեռական բռնության առնվազն 54 զոհի, 1,168 փախստականի, 1,148 պատանիների ու երիտասարդների եւ 813 երեխաների, ինչպես նաեւ առողջապահական ուղղակի ծառայություններ են մատուցել պատերազմներից եւ աղքատությունից տուժած վայրերում բնակվող ավելի քան 82,867 մարդու։

Անդրադառնալով այն ազդեցությանը, որն «Ավրորա» մրցանակը թողել է իր գործունեության եւ համայնքի վրա՝ «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասել է. «Ավրորա մրցանակն ինձ շնորհվել է «Մեզոն Շալոմում» կատարած աշխատանքի համար եւ օգնել ինձ շարունակելու սեր եւ հույս պարգեւլ փախստական երեխաներին, որոնց կեսից ավելին պատանի աղջիկներ են, եւ կերտել նրանցից ապագա առաջնորդների։ Ավելի քան քսան տարվա ընթացքում մենք «Մեզոն Շալոմում» ընդունել ենք 30,000-ից ավելի պատերազմից ու ՁԻԱՀ-ից տուժած, փողոցում հայտնված կամ ծայրաստիճան աղքատ ընտանիքների երեխաների։ «Ավրորայի» շնորհիվ մեր երեխաները գիտեն, որ հեռավոր Հայաստանում մարդիկ հոգում են նրանց ապագայի համար եւ արժեւորում նրանց երազանքները»։

««Ավրորա» մրցանակի ազդեցությունը տարածվում է սահմաններից, մշակույթներից եւ գաղափարախոսություններից դուրս։ Բարեգործության շղթան շարունակելու՝ մեր դափնեկրին տրված բացառիկ հնարավորությունը համաշխարհային շարժման դրսեւորում է, որով մենք մեր նախնիներին փրկած մարդկանց ուղղված երախտագիտությունը վերափոխել ենք իմաստալից եւ ազդեցիկ քայլերի, որն այսօր իսկ օգուտ է բերում հասարակության ամենախոցելի մարդկանց»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Աշխարհով մեկ անհամար վերապրողներ, որ իրենց գոյությամբ պարտական են այլոց գթասրտությանը, երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել նույնատիպ քայլերի դիմելով։ Մենք շարունակելու ենք մեծարել այդպիսի գթասրտությունը»։  

Գործունեության երրորդ տարում «Ավրորա» մրցանակը 115 երկրից ստացել է 509 թեկնածուի համար 750 առաջադրում։ Վերջին երեք տարիներին ընդհանուր առմամբ կատարվել է 876 թեկնածուի համար 1,494 առաջադրում։

2019թ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն այժմ բաց է եւ կտեւի մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 23:59 (EDT)։ Առաջադրումների գործընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ «Ավրորա» մրցանակի կայքի առաջադրումների բաժնում։