Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում ներկայացվեց 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը: Ձեռագրում ամեն տարի 365 բառով ներկայացվում են այդ տարվա «Ավրորայի» հերոսների եւ դափնեկրի պատմությունները եւ «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը (նահանջ տարիներին՝ 366 բառով): 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները հատուկ արարողակարգով եւս տեղ գտան մատյանում:
2016թ. ապրիլի 24-ը վերաիմաստավորեց այդ օրվա խորհուրդը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսներին եւ մրցանակի դափնեկրին: Հաջորդող տարիներին ապրիլի 24-ին հերոսների անունները Մատենադարանում՝ այս մատյանում ներկայացնելով բացվեց նոր էջ մարդասիրական հարատեւ արժեքների ժամանակագրության մեջ: Հաջորդ փուլում ձեռագիր մատյանում ներկայացվում է «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:
Ավելի քան 20,000 ձեռագրերին ավելանում է եւս մեկը, որն առաջինն է, որ ստեղծվում է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգության պահպանման եւ hումանիզմի այս կարեւորագույն կենտրոնում: Ձեռագիրն ստեղծվել է հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են: Այս տարվա ապրիլի 24-ից հունիսի 10-ը ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի հիմնական ցուցասրահում:
2018թ. հունիսի 10-ին ձեռագրում կարձանագրվի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը: «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ձեռագիրը հետագայում կզարդարվի մանրանկարներով՝ պահպանելով հայ մանրանկարչության ավանդույթները: «Մատյան մարդասիրացը» կհամալրվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ապագա գործունեության նոր պատումներով: