«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք մարդասերների՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար
ԱՊՐԻԼԻ 24, 2018թ., ԵՐԵՎԱՆ – Այսօր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության եւ անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության եւ աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.
- Չո Լա Աուն, իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգեւի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական եւ ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։
- Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաեւ Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։
- Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության եւ ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի եւ հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց եւ երեխաների կյանքում։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։
Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ կպարգեւատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։
«Ավրորայի» յուրաքանչյուր հերոսին առաջարկվել է այս տարվա 1,000,000 դոլարի մրցանակին առաջադրել թվով մինչեւ երեք կազմակերպություն։ Չո Lա Աունն առաջադրել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières International), «Բժշկական օգնության մալայզիական ընկերություն» (Malaysian Medical Relief Society) եւ «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով» (International Catholic Migration Commission – ICMC) կազմակերպությունները։ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն առաջադրել է «Օազիս Սան Խուան դե Դիոս» (El Oasis San Juan de Dios) եւ «”Ու Յից Կա-ան” բնապահպանական գյուղատնտեսության դպրոց» (La Escuela de Agricultura Ecológica U Yits Ka'an) կազմակերպությունները։ Սունիտա Քրիշնանն առաջադրել է «Փրաջվալա» (Prajwala), «Վերջ կանանց եւ երեխաների թրաֆիքինգին» (Stop Trafficking & Oppression of Children & Women – STOP) եւ «Սանլափ Հնդկաստան» (Sanlaap India) կազմակերպությունները։
Օսկարակիր դերասան եւ մարդասիրական գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող Ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։ Հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրվել են երեք հերոսներ։
«Ձեր առջեւ մարդասերներ են, որոնք շատ բան են զոհաբերել՝ անընդհատ պայքարելով ներկայիս ամենադժվարին հումանիտար ճգնաժամերի առաջնագծում»,– ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ խոսելով Ընտրող հանձնաժողովի անունից: «Լինելով միանգամայն տարբեր վայրերից եւ ապրելով տարբեր պայմաններում՝ «Ավրորայի» հերոսներն ամենախոցելի մարդկանց պաշտպանելու պատրաստակամության մարմնավորումն են։ Հայ ժողովուրդը, որը հարյուր տարի առաջ տառապել է ցեղասպանությունից, եւս զգացել է այդ կարողության շնորհը։ «Ավրորա» մրցանակի նպատակն է ճանաչման արժանացնել դրա դրսեւորումները, մեծարել խիզախ այս անհատներին եւ նրանց անմնացորդ նվիրումը, որպեսզի այս մարդկանց անցած ուղուն հարգանքի տուրք մատուցելուն զուգահեռ շարունակենք մարդասիրության եւ երախտագիտության շղթան»։
2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Բժիշկ Թոմը, ինչպես նրան անվանում են տեղացիները, «Գթության Մայր» կաթոլիկ հիվանդանոցում տարիներ շարունակ հասանելի է եղել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր եւ սպասարկել ավելի քան 750,000 մարդու ընդամենը 500 մահճակալ ունեցող հիվանդանոցում։ Ամեն օր բժիշկ Թոմը բուժում է մարդկանց, որոնք դիմում են իրեն ամենատարբեր հիվանդություններով՝ ռմբակոծություններից ստացած վերքերից սկսած մինչեւ մալարիա, թերսնում, բորոտություն եւ այլն։
«Ես երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին մեր ջանքերը գնահատելու եւ դափնեկիրներին իրենց գործն առաջ մղելու հարցում անչափ անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար»,– ասել է Թոմ Քաթինան։ «Իսկ ամենակարեւորը գուցե այն է, որ այս մրցանակն օգնում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց շատերս ականատես ենք լինում ամեն օր, սակայն որոնք այդպես էլ մնում են չլուսաբանված։ Մրցանակի շնորհիվ մենք այժմ հնարավորություն ունենք պարզաբանելու Նուբա լեռներում տիրող իրավիճակը, եւ ես մեծ սպասումով եմ նայում այն լույսին, որը մրցանակը կարող է սփռել այն հրատապ հիմնախնդիրների վրա, որոնց աշխարհի տարբեր կողմերում դիմագրավում են այս տարվա հերոսները»։
2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» («Խաղաղության Տուն») խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին եւ փախստականներին։ Մրցանակի առաջին դափնեկիրը դառնալուց հետո նա աջակցել է հինգ երկրում իրականացվող 11 ծրագրի՝ առաջ մղելով բուրունդացի փախստականների կրթության հիմնախնդիրները, զբաղվելով կանանց, աղջիկների եւ սեռական բռնության ենթարկված անձանց ներգրավմամբ, ինչպես նաեւ փախստականների եւ մարդկային թրաֆիքինգից տուժած անձանց ռեաբիլիտացիայով։
2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանն ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքի ավարտին։ Այդ միջոցառումներից են Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է, որտեղ հումանիտար ոլորտի եւ գորժարար առաջնորդները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունն ինչպես կարող է ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։ Այս տարվա քննարկումների ընթացքում նախատեսված են զրույցներ երեք հերոսների հետ, որոնք կներկայացնեն իրենց պայքարի պատմությունների մանրամասները։