«Ավրորան» UWC ցանցի համար՝ հայտնի են 2018թ. մարդասիրական նախագծի հավակնորդները

«Ավրորան» UWC ցանցի համար՝ հայտնի են 2018թ. մարդասիրական նախագծի հավակնորդները

Խիստ մրցակցային ընտրական գործընթացի ավարտին UWC International-ը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սիրով հրապարակում են UWC ցանցի այն երեք քոլեջների անունները, որոնց ներկայացրած նախագծերն ընտրվել են մասնակցելու UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագծի 2018թ. մրցույթի եզրափակիչ փուլին։ Դրանք են՝ Չինաստանի UWC Չանշու Չինաստան, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սվազիլենդի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջները։ Նախագծերը առանձնանում են UWC շարժման քոլեջների եւ դպրոցների կողմից ներկայացված 12 մրցունակ առաջարկների ցանկում։ 
 
Եզրափակիչ փուլ անցած յուրաքանչյուր նախագծից թվով մինչեւ չորս պատվիրակներ կներկայացնեն UWC շարժումը 2018թ. «Ավրորա» մրցանակին ուղեկցող միջոցառումների ընթացքում, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին Երեւանում։ Միջոցառման ընթացքում թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն կստանա ներկայացնելու իր նախագիծը պատվավոր ժյուրիին, որի թվում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ եւ պետությունների նախկին ղեկավարներ։ Հաղթող թիմը կպարգեւատրվի $4,000 մրցանակով՝ նախագծի հետագա զարգացման համար։ 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից UWC ցանցի հետ համագործակցությամբ ներկայացված «Ավրորա» մարդասիրական նախագիծը UWC դպրոցների եւ քոլեջների համար նպատակ ունի քաջալերելու UWC ցանցի աշակերտներին՝ գործնականորեն, տնտեսապես, սոցիալականորեն եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից կայուն կերպով ներգրավվելու իրենց համայնքների կյանքում առկա հումանիտար հիմնախնդիրների լուծմանը։ «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժն է։ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ UWC Dilijan քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կողմից համահիմնադրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչված է զորացնելու մերօրյա փրկիչներին՝ կյանք եւ հույս պարգեւելով մարդասիրական օգնության հրատապ կարիքն ունեցողներին աշխարհով մեկ եւ առաջ մղելով համաշխարհային այնպիսի նախագծերը, որոնք թողնում են նշանակալի ազդեցություն։ Անցյալ տարվանից դրանցում ներառված են նաեւ աշակերտական նախագծերը, որոնք ներկայացվում են որպես «Ավրորա» մարդասիրական նախագծի բաղկացուցիչ մաս։ 
 
UWC ցանցի տասներկու մասնակից դպրոցների եւ քոլեջների կողմից այս տարվա մրցույթին ներկայացված նախագծերն առաջարկում են մտածված, ստեղծագործական եւ համագործակցային լուծումներ հումանիտար հիմնախնդիրների լայն շրջանակի համար։ UWC Միջազգային խորհրդի անդամներից կազմված ժյուրին, քննելով դրանք վեց հիմնական չափանիշներին (ստեղծագործականություն, ինքնահայեցողություն, հետազոտական խորություն, նվիրում, կայունություն եւ ազդեցություն) համաձայն, հայտարարում է, որ յուրաքանչյուր առաջարկ արտացոլել է UWC աշակերտական հանրույթի խորը նվիրումը, տաղանդն ու եռանդը, ինչի առթիվ եւ շնորհավորում է մասնակից բոլոր թիմերին։ 
 
Եզրափակիչ փուլ անցած երեք նախագծերն են՝ 
 
HOPE նախագիծ (UWC Չանշու Չինաստան)
 
Երեխաների սեռական շահագործումը կանխելուն ուղղված այս նախագիծը հիմնել են Չինաստանի UWC Չանշու (UWCCSC) քոլեջի աշակերտները 2017 թվականին։ Չանշուում եւ հարակից վայրերում HOPE նախագիծը կազմակերպում է վերապատրաստման առցանց եւ դպրոցական դասընթացներ՝ սովորեցնելով երեխաներին եւ ուսուցիչներին, թե ինչպես է հարկավոր գործ ունենալ եւ կանխել սեռական շահագործումը։ Նախագիծը սպասարկող աշակերտները համագործակցում են ինչպես այլ կազմակերպությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպատակ ունենալով ձեւավորել լիարժեք համակարգեր, որոնք ունակ կլինեն պաշտպանելու երեխաներին եւ ուսանողներին սեռական շահագործումից։ UWCCSC քոլեջի 50 աշակերտներ հաջողակ ընթացք են հաղորդել HOPE նախագծին, որը կրթության միջոցով զորացնում եւ պաշտպանում է չինացի աշակերտներին։ UWCCSC աշակերտուհի Վերոնիկան, որը ներգրավված է HOPE-ի ուսուցչական անձնակազմում, այսպես է գրում նախագծում իր ստացած փորձառության մասին. «Ապրելու, աշխատելու եւ շփվելու ապահով միջավայրի ստեղծումը հիմնարար նշանակություն ունի մարդկանց ինչպես բարօրության, այնպես էլ հասարակության մեջ ներդրում ունենալու համար։ Այս նախագծի միջոցով ես հասկացել եմ, թե որքան խորն է իմ սերն ու խանդավառությունը սեռական բռնության մասին իրազեկությունը բարձրացնելու գործում, եւ խորացրել եմ հավատս առ այն, որ կրթությունը փոփոխության ամենազորեղ գործիքներից մեկն է եւ որ փոփոխությունը, որքան էլ դանդաղ, այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ»։ 
 
Amaavasya նախագիծ (UWC Մահինդրա քոլեջ, Հնդկաստան)
 
Այս նախագծի նպատակն է տեղի համայնքներում հնարավորություն ստեղծել ձեռնարկելու եւ վարելու դաշտանային ցիկլի վերաբերյալ քննարկումներ՝ բարձրացնելով մարդկանց իրազեկությունը կանանց առողջության այս կողմի մասին եւ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռելով կանանց։ Ուսումնական ռեսուրսներ տրամադրելու, քննարկումներ կազմակերպելու եւ դաշտանային հիգիենայի կայուն ապահովման անվճար տարբերակներ (ներառյալ դաշտանային բաժակները եւ կրկնօգտագործվող միջադիրները) հատկացնելու միջոցով՝ Amaavasya նախագիծը նպատակ է դրել օգնելու մերձակա Ասդե եւ Սավարգաոն գյուղերում բնակվող 300 կանանց։ UWC Մահինդրա քոլեջի երկրորդ տարվա ուսանողուհի Հելինան այսպես է անդրադառնում Amaavasya նախագծի մշակմանն ու հումանիտար խնդիրների հետ աշխատելուն. «Այս նախագծին մասնակցելով՝ ես շատ բան սովորեցի ծառայությունների մատուցման բազմաշերտ բնույթի մասին եւ հասկացա, որ միայն օգնելու ցանկությունն ինքնին բավարար չէ։ Իմացա նաեւ, որ մոտեցումները չպետք է կառուցվեն նրա շուրջ, թե ինչ կարող եմ առաջարկել ես, այլ թե՝ ինչ են ուզում մարդիկ, որոնց եկել եմ ծառայելու, եւ որ չպետք է համարել, թե իմ օժանդակությունն առհասարակ անհրաժեշտ է»։ 
 
Mpaka Peers նախագիծ (Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջ, Սվազիլենդ)
 
Mpaka Peers նախագիծը աջակցության խումբ է, որը բաղկացած է Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջի եւ Մպակա փախստականների ճամբարի երիտասարդներից։ 2017 թ. ստեղծված այս նախագիծը UWC ցանցի աշակերտներին ուղղորդում է Մպակա փախստականների ճամբար, որպեսզի նրանք քննարկումներ եւ գործունեություն ծավալեն՝ երիտասարդ փախստականներին մատուցելով ինչպես ուսումնական աջակցություն, այնպես էլ ֆիզիկական զբաղվածության եւ ստեղծագործական արտահայտման հնարավորություններ, եւ միաժամանակ ձեւավորեն երկարաժամկետ կապեր ծրագրում ընդգրկված բոլոր երիտասարդների միջեւ։ Ինչպես Mpaka Peers նախագծի թիմը գրում է իր առաջարկում՝ «Այս նախագիծը իրականություն է ստանում շնորհիվ նրա, որ մենք հիմնվում ենք ուբունտուի ոգու վրա, որը նգունի ժողովրդի կողմից ստեղծված փիլիսոփայություն է մարդկայնության եւ որպես մարդ՝ իրար հետ կիսվելու պարտավորության մասին։ Ի տարբերություն բարի կամքով զինված միջազգային ուսանողների, որոնք երկու տարով գալիս են «օգնելու», մենք՝ երկու կողմն էլ, համախոհ երիտասարդներ ենք, որ տարբեր պատմություն ունենալով հանդերձ՝ միավորվել ենք իրար աջակցելու եւ իրար հետ կիսվելու համար։ Ուբունտուի էությունը եւ գործի անձնական բնույթը ոչ միայն ուժեղացնում են նախագծի՝ երկարաժամկետ աշխատելու հնարավորությունները, այլեւ երաշխավորում, որ մատուցված բոլոր ծառայությունները համակողմանի են եւ իսկապես օգտակար, որ յուրաքանչյուր մարդ առանց մտահոգվելու կարողանում է արտահայտել իր կարիքներին ու մտահոգությունները՝ թույլ տալով մեզ կենտրոնանալու իրական հիմնախնդիրների համար մեր առաջարկած լուծումների վրա»։ 
 
«Ավրորա» մարդասիրական նախագծի մասին ավելին՝ այստեղ