logo
ՓԱԿԵԼMenu
1 միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

1 միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

«Ավրորա» երախտագիտության նախագծերի շրջանակում Մերձավոր Արեւելքի հինգ երկրների ուսանողները մինչեւ 2023թ. կստանան կրթաթոշակներ՝ ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է:

Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն (սկսած 2018թ.), եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:

«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, եւ մենք խրախուսում ենք Մերձավոր Արեւելքի երկրներից երիտասարդներին գալ եւ կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը եւ կստանան որակյալ կրթություն, այլեւ կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի եւ դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլեւ իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին եւ օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», - ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիրը, ով իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է նաեւ «RVVZ հիմնադրամը», որի օժանդակությամբ ստեղծվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը:

«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, եւ մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլեւ Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը եւ կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթեւան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», - ասաց Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը:

Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:

«Scholae Mundi Armenia» հիմնադրամը շարունակում է աջակցել «Ավրորա» երախտագիտության նախագծերին, որոնք մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու Մերձավոր Արեւելքի երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: «Ավրորա» երախտագիտության նախագծերի կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։