Սրտի խորը կսկիծով մենք սգում ենք Էլի Վիզելի կորուստը:
Էլի Վիզելը հավատավոր, իմաստուն, կարեկից եւ զորեղ անհատականություն էր՝ մարդկության ամենաառաքինի կողմերի մարմնավորումը։ Ի հեճուկս վերապրած բոլոր արհավիրքների՝ նրա կյանքը խաղաղության ու փոխըմբռնման մի առաքելություն էր, որ ոգեշնչման աղբյուր դարձավ աշխարհի համար։ Նա ապրեց հավատով, որ չկա ու չի կարող լինել չեզոքություն ու անտարբերություն, երբ շուրջդ ոճիր է, երբ մարդիկ տառապում են, երբ մարդկության մարդկայնությունը հարվածի տակ է ու վտանգված։
Մեզ՝ Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդներիս համար նրա կյանքի ուղերձն ու ընկերությունը խորապես իմաստալից էին։ Էլի Վիզելը հայության մեծ ջատագով էր, որը խիզախություն է ունեցել ճանաչելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկային տառապանքների՝ մարդու հանդեպ մարդու անմարդկայնության դարավոր շղթայի մի մաս։
Մենք հարգում եւ ընդունում էինք նրա փորձառու առաջնորդումը, գնահատում նրա խանդավառ ներդրումը «Ավրորա» մրցանակի կազմակերպման ու զարգացման գործում։ Հիրավի՝ նա մեկն էր, որն ապրելիս մարդկայնություն էր արթնացնում բոլորիս հոգիներում իր խոսքով ու գործով։ Նրա հետ աշխատելը պատիվ էր։
«Ավրորա» մրցանակի անունից մենք մեր աղոթքն ու զորակցությունն ենք բերում Էլի Վիզելի կնոջն ու ընտանիքին, միջազգային մարդասիրական հանրույթին եւ բոլոր նրանց, ովքեր եղել են նրա գործունեության լույսի ներքո։ Նա միշտ մեզ կոգեշնչի եւ կհարատեւի մեր սրտերում ու պատմության մեջ։
Էլի Վիզելի տեսաուղերձը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության մասնակիցներին |