Հյուրընկալ Երեվան

Հյուրընկալ Երեվան

Մնացել է մեկ օր «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, եւ Երեւանը լի է աշխուժությամբ ու սրտատրոփ սպասումով։ Քաղաքի բնակիչներն ու միջազգային հյուրերը հավասարապես հետաքրքրված են, թե ով է դառնալու մրցանակի առաջին դափնեկիրը։ Մենք դուրս եկանք շրջելու քաղաքի փողոցներում եւ հարցնելու մարդկանց, թե մրցանակն ի՞նչ նշանակություն ունի անձամբ նրանց համար։ Ահա որոշ պատասխաններ:

Անուշ

«Ես Մոսկվայից եմ եկել։ Ճիշտ է՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինել չի հաջողվի, բայց քաղաքի մթնոլորտն իսկապես ոգեւորիչ է։ Ամենուր «Ավրորայի» պաստառներն են։ Ամբողջ աշխարհից մարդիկ են գալիս հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Հրաշալի կազմակերպված միջոցառում է։

Մենք վերապրողների ազգ ենք ու պիտի երախտապարտ լինենք նրանց, ովքեր ժամանակին օգնել են մեզ գոյատեւել։ Իսկ այսօր պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր նույն բանն անում են ուրիշների համար։ Պապիս ընտանիքը փրկվել է ցեղասպանությունից։ Բայց մայրն ու փոքր քույրը չեն կարողացել ազատվել ու սպանվել են հենց երեխաների աչքի առջեւ։ Հարեւանները պապիս ու իր մեծ քրոջն օգնել են Տրապիզոնից մեկնել Սոչի, ինչով էլ նրանք, ի վերջո, փրկվել են»։

Ռոզա

« «Ավրորա» մրցանակի մասին ռադիոյով ասացին, որ այն մեծարանքի է արժանացնում բարությունն ու ոգեղենությանը։ Հրաշալի հավակնորդներ կան, շատ ճիշտ գործ են անում։ Իմ հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Խորթ հայրս շատ լավ մարդ էր, բայց վատառողջ էր՝ գամված էր անկողնուն։ Ես ու մայրս յոթ տարի խնամեցինք նրան։ Մենք բոլորս էլ պետք է օգնենք միմյանց, իրար հետ լինենք, միասին»։

 

Միքայել եւ Արփինե

Միքայել. «Ես համարում եմ, որ այս մրցանակը մարդկանց հնարավորություն կտա նոր՝ ավելի դրական տեսանկյունից նայելու Հայաստանին։ Մեր երկրի համար սա իրոք փայլելու առիթ է։ Մենք բազում լավ որակներ ունենք, բայց թվում է՝ վերջերս դրանք մոռացության ենք տվել։ Մարդ պետք է բարի լինի, բայց միեւնույն ժամանակ՝ նաեւ համեստ»։

Արփինե. «Մեր ժողովուրդն ավելի լավատես լինելու առիթ կունենա»։

 

Մարինե

«Ես գիտեմ, որ «Ավրորա» մրցանակն այդպես է կոչվել ի պատիվ դերասանուհի Ավրորա Մարտիկանյանի, ու որ Շառլ Ազնավուրը եկել է Երեւան՝ արարողությանը մասնակցելու։ Գիտեմ նաեւ, որ Հասմիկ Պապյանը լինելու է դրա վարողը։ Կարծում եմ՝ ուրիշներին օգնելը շատ լավ բան է։

Պապս Վանից էր։ Նրա հայրը սպանվել է իր աչքի առջեւ։ Մայրն ու երեխաները փրկվել են քուրդ հարեւանների շնորհիվ, որոնք թաքցրել են նրանց մինչեւ լուսաբաց։ Հաջորդ օրն ընտանիքը փախել է, սակայն ճանապարհին նոր դժբախտություն է պատահել՝ փոքր տղան խեղդվել է ճահճում։ Ի վերջո՝ երեխաները մեծացել են Էջմիածնի որբանոցում։

Այսօր էլ դեռ կան մարդիկ, ովքեր կամենում են օգնել ուրիշներին, եւ վստահ եմ, որ նմանները միշտ լինելու են։ Հայության նոր սերնդի մեջ ես շատ մեծ բարություն եմ տեսնում»։

Արմինե

«Ամբողջ աշխարհը մեզ առաջին հերթին ընկալում է որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ։ Լավ է, որ “Ավրորա” մրցանակը մարդկանց հնարավորություն կտա տեսնելու Հայաստանի մեկ այլ կողմը՝ այն, որը նրանք դժվար թե երբեւէ տեսնեին։ Ես ուզում եմ, որ մեզ դադարեն վերաբերվել որպես ողբացող ու ողբերգական ազգի»։

 

Ծովինար

«Հայաստանի պատմությունը մի նախազգուշացում է այլ երկրների համար առ այն, որ մենք թույլ չտանք, որ նման ողբերգությունները երբեւէ կրկնվեն։ Ես ի սրտե ողջունում եմ “Ավրորա” մրցանակի նախաձեռնությունը։ Այսօր մենք ինքներս մեզ պիտի օգնենք, այլ ոչ թե նստենք ու սպասենք, թե երբ է մեկնումեկը գալու եւ մեզ փրկի։

Պապիս խորթ մայրը Ցեղասպանության վերապրող էր։ Նա հաջողացրել է գտնել իր եղբորը, որն ապրում էր արաբի ընտանիքում՝ ծանրագույն պայմաններում։ Ֆրանսիացի միսիոներների օգնությամբ՝ նրանք երկուսով կարողացան վերադառնալ Հայաստան։

Ես ուզում եմ, որ աշխարհը հասկանա, որ մենք այլեւս չենք ուզում, որ մեզ խղճան կամ օգնեն։ Մենք ընդամենն ուզում ենք հասկացված լինել, ուզում ենք, որ ճանաչեն Ցեղասպանությունը»։

 

Աննա

«Իմ կարծիքով՝ «Ավրորա» մրցանակը, ինչպես բարությանն ուղղված ցանկացած այլ քայլ, անպայման արդյունք է տալու։ Գուցե մենք դա հիմա չզգանք, բայց ապագայում հաստատ լինելու է»։

 

Թադեւոս

«Ցանկացած բան, որ մեկն անում է ուրիշներին օգնելու համար, հատկապես համաշխարհային մասշտաբով, պետք է դրական արդյունք ունենա։ Ես կարծում եմ, որ պաստառների այս տեղեկարշավը՝ նվիրված մրցանակի հավակնորդների փրկած մարդկային կյանքերին, անչափ ոգեշնչող է ու ոգեւորիչ։

Իմ նախնիներից ոմանք, Եղեռնից փախչելով, գաղթել են Արեւմտյան Հայաստանից։ Որպես նրանց ժառանգ՝ ես կապ եմ զգում «Ավրորա» մրցանակի հետ։ Ինքս էլ որոշակի գործ եմ արել այս նախաձեռնության համար եւ հնարավորություն եմ ունեցել ավելին իմանալու հավակնորդների մասին։ Դրանից իմ կապը միայն ուժեղացել է»։

Էլմիրա

««Ավրորա» մրցանակը մարդկայնության մասին է։ Նախնիներս ապրելիս են եղել Շիրակի մարզի Ղուկասյանի շրջանում, որն ընկած է Թուրքիայի սահմանին։ Հայրս հրաշքով է կենդանի մնացել՝ նա ստիպված է եղել թաքնվել դիակների կույտում։ Թուրքերը փորձել են առեւանգել նրան, սակայն քրդերը փրկել են, ու նա կարողացել է վերադառնալ Հայաստան։ Իմ ծնողներն ինձ միշտ պատմել են սրա մասին, որպեսզի ես էլ ապագա սերունդներին փոխանցեմ ընտանիքիս գոյապայքարի պատմությունը եւ բացատրեմ նրանց այն ողբերգությունը, որով որպես ազգ ստիպված ենք եղել անցնել»։

 

       Գարեթ Էվանս՝ Միջազգային ճգնաժամային խմբի         պատվավոր նախագահ

«Ես կարծում եմ, որ սա անչափ յուրահատուկ մրցանակ է, քանի որ այն պատվում է ոչ միայն մարդասիրության գործում ներդրում ունեցած մարդկանց, որպիսիք շատ են աշխարհում, այլ նրանց, ովքեր հսկայական վտանգների են գնացել դա անելու համար։ Եվ իհարկե, նաեւ պարգեւատրում է այն կազմակեպություններին, որոնք կանգնած են եղել այդ ամենի ետեւում, ինչը ոչ մի մրցանակ ոչ մի տեղ չի անում։ Իսկ դա արդեն ճանաչման շատ կարեւոր մի ձեւ է»։

 

                                  Թեդ Քոփել՝ լրագրող 

«Շատ եմ սիրում, երբ ջանքեր են գործադրվում աշխարհի տառապանքների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար, սակայն գիտեմ նաեւ, որ այդ տառապանքը միեւնույն է կա եւ երբեք չի ընդհատվում։ Այստեղ մենք խոսում ենք մասնավորապես Հայաստանի վերաբերյալ, բայց չմոռնանանք, որ արդեն տասը տարի է, ինչ Կոնգոյում պատերազմ է, որին զոհ է գնացել մոտ հինգ միլիոն մարդ։ Մարդկանց մեծամասնությունը գաղափար անգամ չունի սրա մասին։ Այնպես որ ես մի քիչ թերահավատ եմ, բայց իհարկե հիանում եմ գործադրված ջանքերով»։ 

 


          Հինա Ջիլանի՝ Պակիստանի գերագույն դատարանի              փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ 

«Շատերը կան, որոնց մենք չենք տեսնում, բայց նրանց, ում տեսնում ենք, մենք պարտավոր ենք մեծարել, եւ օրինակ դարձնել ուրիշների համար, որպեսզի յուրաքանչյուրը, իմանալով որ ճիշտը մի բան անելն է, այլ ոչ թե լռելը, բավարար կամք ունենա գործելու համար»։

 

 Հարութ Սասունյան՝ California Courier պարբերականի          հրատարակիչ 

««Ավրորա» մրցանակը ստեղծագործական գաղափար էր, նորություն։ Երբ մեկնումեկը մտածում է նորովի եւ նոր մոտեցում ցուցաբերում խնդիրներին, դա հիացնում է ոչ միայն ուրիշներին, այլեւ հենց հայերին։ Պետք է ինչ-որ բան վերադարձնել աշխարհին՝ սա երկկողմանի երթեւեկությամբ փողոց է»:

 

Սերժ Ավետիքյան՝ ֆրանսահայ դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր 

«Այս քայլը ոչ միայն հետաքրքիր էր, այլեւ խորհրդաբանորեն բացառիկ։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ տառապանքներ կրած ժողովուրդը կարողանում է վերածնվել եւ ի նշանավորումն իր վերազարթոնքի՝ արդեն ինքն է իր հերթին ինչ-որ բան տալիս այլ տառապյալներին, դա դառնում է կարեւոր ուղերձ նոր սերնդի համար առ այն, որ մենք չենք կառուցում միայն կորուստների վրա։ Մենք գցում ենք նաեւ հաղթանակների հիմքերը»։

 

                                     Շառլ Ազնավուր 

««Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար»։