2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը մյանմացի իրավաբան է եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ։ Համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով բանտերում 12 տարի անցկացնելուն հակառակ՝ նա երբեւէ չի դադարել իրավապաշտպան գործունեությունն իր համայնքի նկատմամբ կիրառվող անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման պայքարին ի սպաս դնելուց։ Չո Լա Աունը պատմել է իր անցած փորձությունների եւ ապագայի հանդեպ իր հույսերի ու լավատեսության մասին։
Իրավաբանի ուղին
Ես ծնվել եմ 1940 թվականի օգոստոսի 16-ին, Մյանմայի Ռաքայն նահանգի մայրաքաղաք Սիտվեում, որտեղ եւ կրթություն եմ ստացել։ Հայրս՝ 40 տարի, իսկ նրանից հետո՝ նաեւ ես, եղել ենք պետական ծառայողներ։ 22 տարի աշխատել եմ որպես սղագրող, սակայն անձնակազմի մուսուլման անդամների նկատմամբ շարունակաբար աճող խտրականության պատճառով 1983թ. հեռացել եմ աշխատանքից եւ փոխարենն սկսել իրավաբանությամբ զբաղվել Ռաքայն նահանգում։ Գործի բերումով երբեմն մեկնել եմ նաեւ այլ նահանգներ, սակայն հիմնականում աշխատել եմ Սիտվեում։
1986թ. կառավարությունն սկսեց բռնագրավել ռոհինջա մուսուլմանների հողերը։ Վերջիններս չէին կարողանում իրավաբան գտնել որոշումները բողոքարկելու համար, ուստի ի վերջո դիմեցին ինձ, որպեսզի պաշտպան կանգնեմ իրենց իրավունքներին եւ բողոքարկեմ հողատարածքների հարցում կայացված վճիռները։ Ես պաշտոնական նամակ հղեցի կառավարության անդամներից մեկին, որն այդ ժամանակ գլխավորում էր Ազգային սոցիալիստական կուսակցությունը։ Հայցը գրասենյակ ներկայացնելու համար մեկնեցի Յանգոն (Ռանգուն – Ծ.Թ.), իսկ Սիտվե վերադառնալուն պես ձերբակալվեցի։
Ինձ կալանավորեցին 1986թ. օգոստոսի 25-ին։ Դատավարությունը տեւեց երկու տարի։ 1988 թվականի նույն օրը Յանգոնում բողոքի մեծ ցույցեր եղան, որոնց հետեւանքում բանտը, որում նստած էի, գրավվեց, եւ բանտարկյալները կարողացան դուրս փախչել։ Իմ խուցը, սակայն, կողպված էր, ուստի ինքս ազատվել չկարողացա։ Բողոքի ցույցերից հետո նոր հանձնաժողով ստեղծվեց, ինչ-որ մարդիկ գիշերով եկան ու բաց թողեցին ինձ։
Չո Լա Աուն, Հայաստան
Նոր հույս
Մոտավորապես նույն ժամանակ հայտարարություն տարածվեց, որ Մյանմայում յուրաքանչյուրը կարող է կուսակցություն ստեղծել. իշխանությունները ցանկանում էին, որ երկիրը ժողովրդավար երեւա։ Յանգոնում իմ գործընկերները, որոնց մի մասն իրավաբաններ էին, մի մասը՝ պարզապես ընկերներ, ինձ հրավիրեցին մայրաքաղաք՝ միանալու նորաբաց կուսակցությանը։ Այն տարիներին մենք կարողանում էինք առանց սահմանափակման ազատ տեղաշարժվել Սիտվեի եւ Յանգոնի միջեւ։
Մենք նոր կուսակցություն հիմնեցինք՝ անվանելով «Մարդու իրավունքների ազգային դեմոկրատական կուսակցություն» (National Democratic Party for Human Rights) եւ ռոհինջա համայնքին հորդորեցինք քվեարկել մեր օգտին։ Սիտվեում կուսակցությունը գրասենյակ ուներ, բայց հիմնական կենտրոնը Յանգոնում էր։ Պատգամավորության գլխավոր թեկնածուն Սիտվեում ես էի։ Արդյունքում, իշխանություններն իրենց ուշադրությունը բեւեռեցին իմ անձի վրա եւ ինչ-որ հետազոտություն անցկացրին՝ պարզելու, թե ով է հաղթելու ընտրություններում։ Երբ հասկացան, որ ըստ ամենայնի՝ ես, ինձ կրկին ձերբակալեցին, պեղեցին-հանեցին նախկին գործս եւ ուղարկեցին դատարան։
Դատարանում գեներալների մասնակցությամբ դատը տեւեց ընդամենը մեկ ժամ։ Ինձ դատապարտեցին 14 տարվա ազատազրկման։ 1990թ. ընտրությունների օրերին ես արդեն բանտում էի, ուստի բացակայությանս պայմաններում կուսակցությունն ստիպված էր այլ թեկնածուի առաջադրել եւ իր անդամներին հորդորել քվեարկելու արդեն նրա օգտին։ Գործընկերներիցս ոմանք օգնում էին ինձ՝ սնունդ ուղարկելով բանտ, քանի որ այն տարիներին բանտի ուտելիքը շատ վատն էր։ Հիմա ավելի լավն է։ Ոչ նորմալ բրինձ կար, ոչ քարրի։ Միայն կանաչեղեն ու մի քիչ բանջարեղեն, եւ այն էլ՝ վատ որակի։ Ուղիղ աչքիս առաջ բանտակիցներիցս մեկը հիվանդանոցում մահացավ վիտամինների պակասից։
Չո Լա Աուն եւ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, Հայաստան
Անմեղ բանտարկություն
Քաղբանտարկյալի ընտանիքին թույլ չի տրվում ամեն օր այցելության գալ նրան. միայն ամիսը երկու անգամ, եւ իմ ընտանիքը շատ ծանր օրեր ապրեց։ Սիտվեի համալսարանն ավարտած դստերս թույլ չտվեցին գնալ Յանգոն։ Հարազատներիս դժվար էր նաեւ սնունդ ու դեղորայք ուղարկել ինձ։ Իմ վիճակը ծանր էր, բայց, բարեբախտաբար, բանտի բժիշկներից մեկը մոտ ընկերս էր։ Այնինչ իշխանությունները հետեւում էին եւ նրանց բոլորովին դուր չեկավ, երբ իմացան, որ օգնում է ինձ։ Ուստի, մի քանի ամսից նա տեղափոխվեց ուրիշ տեղ, սակայն այդ ընթացքում հասցրեց ինձ շատ օգնել։ Ի ուրախություն ինձ, 1997թ. համաներում հայտարարվեց 10 տարուց ավելի բանտարկության ենթարկված եւ մի քանի տարի իրենց պատիժը կրած անձանց նկատմամբ, այնպես որ ինձ բաց թողեցին։ Բանտում ես օգնում էի բանտակիցներիս բողոքարկել դատավճիռները, քանի որ ոմանք դատապարտված էին 17-20 տարվա ազատազրկման։
Վերադառնալով՝ հայտնաբերեցի, որ տունս հիմնահատակ կործանվել է ռաքայնեցի ինչ-որ մարդկանց կողմից։ Ոստիկանությունն ու զինվորականներն անվրդով նայում էին, թե ինչպես են հարձակում գործում մեր թաղամասի վրա։ Այդ ժամանակ կործանվեց մուսուլմանների 46 տուն։ Շատերն ստիպված էին փախչել, այդ թվում՝ նաեւ իմ ընտանիքը։ Ես ուրիշների հետ միասին պատսպարվել էի ինչ-որ շենքում, երբ ոստիկանությունը նորից ձերբակալեց ինձ եւ տարավ կայարան։ Ես անգամ չգիտեի, թե այդ պահին ընտանիքս ուր է։ Բայց որոշ ակտիվիստների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների օգնությամբ, որոնցից էր նաեւ Վիկտորիա Հոուքինսը, որն այժմ աշխատում է Մեծ Բրիտանիայում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում, ինձ ի վերջո ազատեցին, քանի որ գործիս վրա հանրային մեծ ուշադրություն հրավիրվեց, ինչն անցանկալի էր իշխանություններին։
2013թ. մարդահամար անցկացվեց։ Ես հիվանդ պառկած էի, երբ մի ուսանող քար նետեց ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից մեկին, իսկ կառավարությունը, որոշելով, որ ես անպայման կապ ունեմ այդ միջադեպի հետ, սկսեց հետապնդել ինձ։ Սա արվում էր հայրենիքիցս ինձ հեռանալ տալու համար, բայց ես հրաժարվեցի լքել իմ երկիրը։ Հուլիսի 15-ին դարձյալ եկան իմ հետեւից, նորից ձերբակալեցին, բանտարկեցին եւ ազատեցին միայն մեկ տարի անց։ Նախագահը եւս մի համաներում էր հայտարարել։
Չո Լա Աուն, 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն
Իմացության լույսը
Տարիներ շարունակ ես փորձել եմ ապահովել, որ մեր երեխաները կարողանան կրթություն ստանալ։ Ինձ շատ օգնեց մի ծեր բժշկուհի, որը եկել էր ներքին տեղահանված անձանց ճամբար՝ իմանալով, որ բուդդիստ բժիշկներն իրականում բոլորովին չէին հոգում մուսուլման հիվանդների մասին։ Մենք 33 հոգուց բաղկացած կոմիտե կազմեցինք, որի գլխավոր նպատակն էր փոխել կրթության վիճակը։ Մի քանի դպրոց բացեցինք, հավաքեցինք ավելի քան 10,000 աշակերտ եւ աշխատանքի ընդունեցինք մոտ 110 ուսուցչի։ Ներդրեցինք թեստային համակարգ եւ այլն։ Բայց վերջին բանտարկությամբս՝ կոմիտեն եւս կասեցվեց։
Երբ ազատվեցի, վերսկսեցի ընդհատված ջանքերս ռոհինջա մուսուլմաններին եւ հատկապես նրանցից ամենաչքավորներին կրթությամբ եւ առողջապահությամբ ապահովելու համար։ Թոշակառուներից շատերը չէին կարողանում ստանալ հասանելիք թոշակը, ուստի հարցը լուծելու համար ես ստիպված էի գործ ունենալ Ռաքայնի նահանգային իշխանությունների հետ։ Մի ծերունի կար, որը գիտեր, որ իր թոշակը պահվում է բանկում, որը, սակայն, հրաժարվում էր փողը տալուց։ Նա կարողացավ իր օրինական գումարը ետ ստանալ միայն իմ միջամտությունից հետո։ Այնպես որ, շատ խնդիրներ կային, որոնցով ստիպված էի զբաղվել։
Սկզբում այսքան սահմանափակումներ չկային։ Երբ մենք կուսակցություն էինք բացում, ազատ էինք Յանգոն տեղափոխվելու եւ մեր ժողովրդին կազմակերպելու հարցում։ Այնինչ, 1993 թվականին, երբ բանտից դուրս եկա, պարզեցի, որ ռոհինջաներին այլեւս չի թույլատրվում ազատ տեղաշարժվել մի քաղաքից մյուսը։ Եւ սա զինվորականության ձեռքի գործն էր։ Նրանց նպատակն է բոլոր մուսուլմաններին դուրս քշել ոչ միայն Ռաքայնից, այլեւ ամբողջ երկրից։ Յանգոնում եւս մեծ խտրականություն գոյություն ունի։
Եթե մենք կրթություն չստանանք, կառավարությունը կարող է առաջ տանել իր այն թեզը, իբր մենք Բանգլադեշից ենք։ Եթե մենք ռոհինջաներին սովորեցնենք բիրմաներեն, նրանք այլեւս չեն կարողանա պնդել, թե մենք բանգլադեշցի ենք։ Իսկ նրանց ասելիքը հենց դա է։ Միջազգային հանրությանն ուզում են համոզած լինել, որ եթե այդ մարդիկ բիրմաներեն գրել-կարդալ չգիտեն, ուրեմն բանգլադեշցի են։ Բայց ինձ Բանգլադեշ արտաքսել չեն կարող, քանի որ ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են տեղացի լինելս։ Մեր ժողովրդին կրթելով՝ մենք կբարելավենք մեր երկրի վիճակն ու քաղաքացիություն ձեռք կբերենք։
Չո Լա Աուն, Արարատյան դաշտավայր, Հայաստան
Թող աշխարհը տեսնի
Ես մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ առաջադրվել եմ «Ավրորա» մրցանակի։ Հայաստանը շատ հաճելի երկիր է, ուր կարգուկանոն կա, իսկ մարդիկ անչափ քաղաքավարի են։ Մեր երկրում կարգուկանոն չկա, եւ ես մեծ ցավ եմ ապրում հայրենիքիս համար։ Թող աշխարհն այժմ լսի իմ խոսքը։ Ինձնից հարցազրույց վերցնող լրագրողներին ես միշտ ասում եմ, որ նրանք կարող են օգնել մեզ չարտաքսվել մեր երկրից, կարող են օգնել փախստականներին վերադարձի թույլտվություն ստանալ։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս կարող են փախստականները ետ գալ իրենց տները։ Ես պատասխանեցի, որ եթե փախստականն ասում է, որ «սա իմ երկիրն է, սա իմ տունն է», ապա կառավարությունը պարտավոր է ընդունել։ Առաջ այդպես էր, մինչդեռ հիմա ստուգում են՝ քաղաքացի՞ ես, թե՞ ոչ, եւ ուշացնում, որ մարդիկ մեռնեն։
Մենք ուրիշ երկրից չենք։ Մենք այս երկրի՝ Մյանմայի քաղաքացիներն ենք, բայց ինչո՞ւ է ժողովրդավար կառավարությունը մերժում մեր քաղաքացիությունը։ Մինչեւ 2010 թվականը մենք դեռ քվեարկելու իրավունք ունեինք, եւ յուրաքանչյուրը կարող էր առաջադրվել եւ ընտրվել։ Այժմ ոչ ոք չի կարող ընտրության մասնակցել, ո՛չ որպես ընտրող, ո՛չ որպես թեկնածու։ 1990թ. մեր կուսակցությունը կարող էր թեկնածու առաջադրել պառլամենտական ընտրություններում։ Ինչո՞ւ է այսօր արգելված։ Տրամաբանությունն ո՞ւր է։
Հուսով ենք, որ պետությունները եւ ՄԱԿ-ը կօգնեն մեզ, այլապես չենք գոյատեւի։ Եթե միջազգային համայնքը մեզ օգնության ձեռք չմեկնի, մենք չենք կարողանա լուծել այս խնդիրը, քանի որ այլեւս հավատ չունենք մեր կառավարության նկատմամբ։