Որո՞նք են այսօր մեր առջեւ ծառացած ամենամեծ հումանիտար մարտահրավերները:
Բազմաթիվ մարտահրավերներ կան: Ցավոք, չեմ կարող Ձեզ ասել, թե որն է ամենամեծը, սակայն, իմ կարծիքով, դրանք բոլորն էլ իրապես ահռելի մարտահրավերներ են ողջ մարդկության համար: Ուղղակի նայեք գլոբալ անվտանգության մարտահրավերին, ահաբեկչության մարտահրավերին, ծայրահեղականացման մարտահրավերին, կլիմայի փոփոխության մարտահրավերին, եւ կարծում եմ, ու դա ավելի կարեւոր է, որ առկա է այն մարդկանց մարտահրավերը, ովքեր չեն հասկանում կամ չեն ցանկանում հավատալ, որ կլիմայի փոփոխությունը հսկայական, որոշիչ ազդեցություն է ունենում երկրագնդի վրա: Ունենք նաեւ պատերազմների, հակամարտությունների մարտահրավերը: Վերջին ժամանակներս մենք տեսանք այդպիսի օրինակներ, ինչպես Եմենը եւ աշխարհի այլ տարածաշրջաններ: Այսպիսով, չնայած մեր զարգացմանը, տեխնոլոգիական հասունությանը, կրթական եւ առողջապահական առաջընթացին, առկա են նշանակալի մարտահրավերներ:
Նշված մարտահրավերներից հետեւանքներից մեկն էլ փախստականների ճգնաժամն է: Որպես քաղաքականություն մշակող, կառավարության մաս եւ փախստականների ընտանիքից սերող մարդ՝ ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի լուծումը: Ո՞րն է կառավարությունների եւ ինստիտուտների դերը, եւ ո՞րն է համաշխարհային հանրության դերը:
Մենք դարերի ընթացքում տեսել ենք փախստականների ճգնաժամեր, սակայն չէինք ակնկալում այն տեսնել 2017 թվականին: Ցավալի է, որ մեր օրերում, այս դարաշրջանում, մարդկության զարգացման այս մակարդակում մենք դեռ տեսնում ենք այս լուրջ հակամարտությունները, որոնք հիմնված են հավատալիքների կամ այլ նման բաների վրա եւ տանում ենք ճգնաժամերի ամբողջ աշխարհում:
Ինչպե՞ս պետք է հաղթահարենք այս ամենը: Անհրաժեշտ է, որպեսզի երկրները միավորվեն եւ իրապես լուծեն այն մեծ մարտահրավերները, որոնց առերեսվում են փախստականները: Ի վերջո, ամենակարեւորն այդ մարդկանց կացարանով, իսկ այնուհետեւ նաեւ առողջապահությամբ, կրթությամբ ապահովելն է, ինչպես նաեւ անվտանգությամբ, որի կարիքը նրանք ունեն:
Կարծում եմ, որ «Ավրորա» մրցանակն իրականում նշանակալի քայլ է կատարել այս խնդիրը սեղանին դնելով: Ո՞րն է մարդասիրության դերը պետական, անհատական եւ հասարակական մակարդակներում: Այն գիտակցությունը, որ ինչ-որ բան է տեղի ունենում շրջապատում եւ հավատամքը, որ ինչ փոքր բան էլ, որ դու անես, ազդեցություն կունենա, շատ արժեքավոր է:
Ինչպե՞ս է այս ճգնաժամն ազդում համաշխարհային առողջապահության վրա:
Փախստականների ցանկացած տիպի ճգնաժամ մի շարք առողջապահական հետեւանքներ է ունենում: Ուղղակի նայեք Եմենի պատերազմին: Խոլերայի տարածումը, որն ամբողջությամբ խուսափելի ճգնաժամ էր, լավ օրինակ է: Ցանկացած ճգնաժամի պարագայում առաջինը տուժում է առողջությունը: Կան հիմնարար առողջապահական կարիքներ՝ ո՛չ ավելին, ո՛չ պակաս:
2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչը բացահայտել է, որ անգործությունը գերակայում է եւ մարդիկ չեն ձգտում գործել ուրիշի փոխարեն, փրկել եւ օգնել ուրիշներին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպես կարող ենք ոգեշնչել մարդկանց գործելու, քայլ կատարելու:
Մենք ականատես ենք եղել անգործությունից մինչեւ գործողություն ընկած հետաձգումը կամ այդ ժամանակահատվածը նույնիսկ Աֆրիկայում սովի դեպքում շուրջ 30 տարի առաջ: Կարծում եմ, որ «Ավրորան» այս հարցը կդնի սեղանին, կբարձրացնի այս մասին տեղեկացվածությունը եւ ճնշում կգործադրի, սակայն միաժամանակ աշխարհն ավելի տեղեկացված կլինի, թե ով է որեւէ գործողության գնում, եւ ինչպես պետք է հետեւել նրանց լավ օրինակին:
Ինչու՞ եք կարծում, որ «Ավրորան» կարեւոր է գլոբալ իմաստով, եւ ինչու՞մն է դրա կարեւորությունը հայկական տեսանկյունից:
«Ավրորան» հրաշալի գաղափար է, եւ փաստորեն այն հայի մտքի ծնունդն է: Այսպիսով, կարելի է շատ հեշտությամբ կապել «Ավրորայի» գլոբալ ներդրումը եւ ցույց տալ, թե այն ինչպես է այն վերադառնում դեպի Հայաստան ու հայը, քանի որ Հայաստանն էլ անցել է այս ուղին նախկինում:
«Ավրորան», դրա կառուցվածքն այնպիսինն է, որ հնարավորություն է տալիս ճանաչման արժանացնել մարդասիրական գործողությունները ոչ միայն անհատական մակարդակում, այլեւ խմբակային մակարդակում, համաշխարհային մակարդակում, եւ այդ իրազեկումը չափազանց կարեւոր է: Մարդկանց մեջ վստահություն սերմանելը, նույնիսկ ամենափոքր սերմերը, կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ: Հիանալի հերոսներ կան, որոնց շնորհվել է այս մրցանակը, եւ ես սիրում եմ հերոսներին:
Ես սիրում եմ մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը, թողնում են ամեն ինչ, միայն թե փրկեն մարդկության մեկ այլ ներկայացուցչի: Եվ այս մարդիկ ճանաչման են արժանանում «Ավրորա» մրցանակի միջոցով, երբ հավանաբար այլ հանգամանքներում նրանք ճանաչված լինելու հնարավորություն չէին ունենա: Ես չեմ կարծում, որ այս մարդիկ այդ ամենն անում են ճանաչված լինելու համար: Նրանք անում են դա, որովհետեւ ջերմորեն նվիրված են իրենց գործին: Կարծում եմ, «Ավրորա» մրցանակը եւ հանձնաժողովը կարող է այդ նվիրվածությամբ վարակել ու ոգեշնչել յուրաքանչյուր մարդու: