logo
ՓԱԿԵԼMenu
Ապստամբության զավակները

Ապստամբության զավակները

Սիերա Լեոնեն Մեծ Բրիտանիայից անկախացել է 1961 թվականին եւ տասը տարի անց հռչակվել հանրապետություն։ Երբ 1991-ին ապստամբական Միացյալ հեղափոխական ճակատը (RUF) Չարլզ Թեյլորի գլխավորած Լիբերիայի ազգային հայրենասիրական ճակատի (NPFL) օժանդակությամբ փորձեց տապալել Ջոզեֆ Մոմոյի կառավարությունը, արեւմտաաֆրիկյան այս երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ՝ խլելով 50 հազար մարդու կյանք։ Այն ավարտվեց միայն 11 տարի անց, եւ երկու կողմի ռազմական հանցագործությունների դատաքննության համար ստեղծվեց միջազգային դատարան։

Պատերազմն առիթ դարձավ մարդկության ու մարդու իրավունքների նկատմամբ գործված անթիվ ոճիրների համար՝ բռնություն, խոշտանգում, բռնաբարություն, երեխաների ստրկացում… Սակայն Սիերա Լեոնեից մի մարդ՝ Էդմունդ Կազիբուլո Կորոմա անունով, հազարավոր մարդկանց ցույց տվեց, որ օգնության ձեռք մեկնելով կարիքի մեջ ընկածին՝ կարելի է փրկել ու փոխել մարդու կյանքը։

Պատերազմից առաջ Էդմունդը, որը նաեւ Մակենիի կաթոլիկ համայնքի նախագահն էր, դասավանդում էր տեղի դպրոցներում։ «Այս գործն իմ երազանքն է եղել շատ երկար ժամանակ։ Գործընկերներիցս մի քանիսի հետ ձեռնարկեցինք «Գործ հանուն խաղաղության» կազմակերպությունը, որը փորձում էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը, որպեսզի նրանք մասնակցեն ու նպաստեն իրենց համայնքներում իրականացվող ծրագրերին»,- ասում է Էդմունդը։ Կորոման աշխատել է նաեւ բռնության հակումներ դրսեւորող դպրոցական երեխաների հետ եւ մասնակցել Կաթոլիկ երիտասարդաց միության ստեղծմանը։


Գողացված մանկություն

Պատերազմի ընթացքում ապստամբները բռնի ուժով զինվորագրեցին հազարավոր երեխաների։ Աղջիկներին հարկադրաբար ամուսնացնում էին ապստամբ հրամանատարների կամ զինվորական բարձր դասի այլ անդամների հետ։ Նրանցից շատերը պարզապես դարձան սեռական ստրուկներ։

Այս ոճրագործություններին ականատես դառնալով՝ Կորոման չկարողացավ անտարբեր լինել։ Ապստամբների կողմից վերահսկվող Մակենի քաղաքում նա բացեց դպրոց ու երեխաների ժամանակավոր խնամքի կենտրոն։

Համեմատաբար խաղաղ շրջանում նա կարողացավ համոզել ապստամբների ղեկավարներին, որ երեխաներին թույլ տան կրթություն ստանալ եւ ապրել այնտեղ։

                                                                 Էդմունդ Կորոմա

«Դպրոցն ստեղծվել էր՝ օգնելու նախկինում զինվորագրված երեխաներին, որոնց կրթությունն ընդհատվել էր, եւ որոնք անտեսված էին մնացել բացառապես խաղաղ ժամանակներում գործող հասարակական կազմակերպությունների կողմից։ Վերջիններիս գործունեությունը շարունակական չեղավ, եւ այդ երեխաներից շատերն ստիպված կրկին հայտնվեցին փողոցում։ Որպես կազմակերպություն՝ մենք մեծ ռիսկերի գնացինք նրանց պաշտպանելու համար»,- ասում է Էդմունդը։

2000 թվականին հարաբերական անդորրի փուլն ավարտվեց, եւ Միացյալ հեղափոխական ճակատը կրկին անցավ իր շարքերը համալրելու նպատակով երեխաներին հավաքագրելուն։

Դպրոց հաճախելը վերսկսած երեխաներին կրկին պատրաստվում էին ուղարկել ռազմի դաշտ։ Իրադրությունը գնահատելով՝ Կորոման եզրակացրեց, որ նրանց անվտանգությունն ապահովելու միակ ձեւը ապսպամբական տարածքներից նրանց տարհանելն է։

Նա ստիպված էր լինելու վտանգել սեփական կյանքը եւ դեմ գնալ ապստամբներին՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ եղած տարածքներ տարհանելով նրանց «զինվորներին» ու «կանանց»։

Ոդիսականն սկսվեց արեւածագից առաջ։ Երեխաները հնգօրյա ճանապարհ ելան դեպի կառավարության կողմից վերահսկվող Ֆրիթաուն մայրաքաղաքը։ Մեծամասամբ բոկոտն՝ նրանք օրերով թաքնվեցին ջունգլիներում, որպեսզի խուսափեն ապստամբների հետապնդումից։ Ի վերջո, սակայն, նրանք հանդիպեցին ապստամբ մի խմբավորման, որը, կողոպտելով նրանց, սպառնում էր տանել 17 առավել պնդակազմ տղաներին։ Չհամագործակցողներին գնդակահարելու էին։ 

 

                                                             Էդմունդ Կորոմա

Ատրճանակի փողը ճակատին՝ Կորոման փորձեց բանակցել։ Մի քանի ժամ լարված բանակցություններից հետո նրան հաջողվեց համոզել, որ ապստամբները բաց թողնեն իրենց խմբին՝ պայմանով, որ նրանք պետք է պահեին 15-ամյա մի պատանու, որը նախկինում մի քանի տարի անցկացրել էր նրանց զորքերում։ Շատ դժվար էր բաժանվելը, բայց խմբի մնացյալ մասն, ի վերջո, անվտանգ հասավ Ֆրիթաուն։
 

Վերափոխող կրթություն

Պատերազմից հետո Էդմունդը շարունակեց իր աշխատանքը նախկինում զինվորագրված երեխաների հետ։ Հակամարտությունից հետո նրանցից շատերը որբացել էին, մի մասը տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից, կային այնպիսիք, որ վտարվել էին իրենց համայնքներից, իսկ հատկապես աղջիկներն ու երիտասարդ կանայք մերժվել էին ընտանիքի ու հարեւանների կողմից։ Շատերը բռնաբարվել էին, հղիացել, ծննդաբերել եւ ընդգրկվել ապստամբների շարքերում։ Նրանք այլեւս չէին ընդունվում Սիերա Լեոնեի պահպանողական հասարակության կողմից եւ ընկալվում էին որպես ապստամբների կողմից «օգտագործված», ուստի՝ ամուսնության համար անպիտան։ 

                                                                  Էդմունդ Կորոմա

Մակենիում Կորոման հիմնադրեց «Տան Սրի Ալագենդրա» (Tan Sri Alagendra) դպրոցը, որպեսզի այդ երեխաներին, ի հեճուկս նրանց կրած տրավմաների, սովորեցնի քայլել արդարության ճանապարհով։ Ստեղծման պահին դպրոցն ուներ 86 նախկին զինվոր եւ պոլիոմելիտից տուժած 7 երեխա։ Այսօր 12 կամավոր ուսուցիչների վերահսկողությամբ այնտեղ սովորում է 157 աշակերտ։

Էդմունդ Կորոնան իր անձնվեր քայլերի արդյունքում դարձել է Սիերա Լեոնեի շատ ու շատ երեխաների պահապան հրեշտակը։ «Ես իրականում չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ հիմա սա եմ անում։ Ինքս խմորվեցի դրա հետ միասին ու հիմա դա անում եմ առանց մտածելու՝ ինքնըստինքյան։ Դա իմ փոքրիկ ներդրումն է հանուն ընդհանուրի բարօրության ու հանուն իմ հասարակության, եւ ես երջանիկ եմ այս գործն անելով»,- ասում է Էդմունդը։

Պատերազմի ավարտից տասներեք տարի է անցել, երեխաները մեծացել են ու ապրում են ավելի լավ կյանքով։ Նրանցից ոմանք արդեն դասավանդում են նույն դպրոցում, մյուսներն զբաղվում են առեւտրով, շատերն էլ՝ աշխատում քաղաքացիական տարբեր նախաձեռնող խմբերի հետ։

Գուցե հեգնական հնչի, բայց այսօր Միացյալ հեղափոխական ճակատի անդամ նախկին շատ ապստամբներ եւս սովորում են այդ դպրոցում, իսկ նրանց դասավանդում են ժամանակին իրենց հրամանատարության տակ եղած երեխաները։

«Այս մարդկանց ներելու համար քաղաքացիական բնակչությանը կրթություն է հարկավոր։ Դա կօգնի նաեւ աշխատանքի ընդունել կարիքի մեջ ընկածներին ու, հատկապես, նախկինում տուժածներին»,- վստահ է Կորոնան։