Բերնարդ Կինվի. մուսուլմաններին ու քրիստոնյաներին փրկող հոգեվորականը

Armenian
Intro: 
Բերնարդ Կինվի անունով տոգոյացի մի երիտասարդ հոգեւորական սպասավոր է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքում՝ ղեկավարելով տեղի կաթոլիկ առաքելության հիվանդանոցը։ Իր հոգեւոր ծառայության ամենասկզբից նա տեսել է կրոնական հիմքով բռնությունների բոլոր սարսափները։ Խիզախ ու բարեպաշտ այս մարդը հարյուրավոր մահմեդականների է փրկել Anti-Balaka (հակաավտոմատավորների) քրիստոնեական աշխարհազորի հետապնդումներից։ Արիության եւ հերոսության համար Հայր Կինվին արժանացել է Human Rights Watch կազմակերպության մրցանակին, իսկ այժմ առաջադրվել է «Ավրորա» մրցանակի։
Weight: 
15
Story elements: 
Text: 
Բերնարդ Կինվի անունով տոգոյացի մի երիտասարդ հոգեւորական սպասավոր է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքում՝ ղեկավարելով տեղի կաթոլիկ առաքելության հիվանդանոցը։ Իր հոգեւոր ծառայության ամենասկզբից նա տեսել է կրոնական հիմքով բռնությունների բոլոր սարսափները։ Խիզախ ու բարեպաշտ այս մարդը հարյուրավոր մահմեդականների է փրկել Anti-Balaka (հակաավտոմատավորների) քրիստոնեական աշխարհազորի հետապնդումներից։ Արիության եւ հերոսության համար Հայր Կինվին արժանացել է Human Rights Watch կազմակերպության մրցանակին, իսկ այժմ առաջադրվել է «Ավրորա» մրցանակի։
Text: 

Բարեհամբույր դեմք, վարակիչ ժպիտ, կաշվե գլխարկ, սեւ ջինս ու կեդեր։ Պարանոցից կախված է Կամիլիանների միաբանության խորհրդանշան Կարմիր խաչը։ Բերնարդ Կինվին երիտասարդ է՝ 34 տարեկան, սակայն արդեն հասցրել է բազում կյանքեր փրկել։

Հայր Կինվին ծնվել է Տոգոյում եւ այժմ պատկանում է Կամիլիանների վանական միաբանությանը, որը հիմնադրվել է XVI դարում Սուրբ Կամիլլուս դե Լելլիսի կողմից։ Ողջախոհության, աղքատության եւ հնազանդության երեք ավանդական երդումներից բացի, Կամիլիան վանականները նաեւ ուխտ են անում ծառայել հիվանդներին նույնիսկ մահացու համաճարակների ժամանակ եւ սեփական կյանքին սպառնացող վտանգների դեպքում։ Հայր Կինվին նոր-նոր էր ընդունել իր ուխտը, երբ սկսվեց պատերազմը, որն իսկական քննություն դարձավ երիտասարդ հոգեւորականի հավատի համար։

Վեց տարի առաջ՝ իր առաջին սքեմը հագնելուց հետո, Բերնարդը տեղափոխվեց Բոսեմտելե՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից 200 կմ հեռու գտնվող խուլ մի քաղաք։ Բոսեմտելեում չկա էլեկտրականություն եւ ասֆալտապատ ճանապարհ, իսկ Հայր Կինվիի ղեկավարած հիվանդանոցը միակն է 150կմ շառավղով տարածքում։ Հիվանդանոցում բուժում են բոլոր հիվանդներին՝ անկախ կրոնական պատկանելությունից, մարդկանց, որոնք տառապում են տարբեր հիվանդություններից՝ տիֆից մինչեւ մալարիա։ Արագ տեղավորվելով՝ Հայր Կինվին ընկերացավ բնակիչների հետ եւ յուրացրեց տեղի սանգո բարբառը։ Համայնքը ջերմորեն ողջունեց նրան։
 

Ակն ընդ ական

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը՝ 80 տոկոսով քրիստոնյա բնակչությամբ, աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է, որի զարգացման հիմնական խոչընդոտները կոռուպցիան եւ անարդյունավետ կառավարումն են։ Երկիրն ունի բնական հարուստ պաշարներ՝ բնափայտ, ադամանդի եւ ուրանի հանքեր, այնինչ մարդու ագահությունն ու արատավոր բնավորությունը երկիրը խառնաշփոթի մեջ է պահում։ 2013 թվականի ապրիլին հյուսիսից ներխուժած մահմեդական «Սելեկա» (Seleka) դաշինքի ապստամբների կողմից պաշարվեց ու հարձակման ենթարկվեց մայրաքաղաք Բանգին։ Ապստամբները տեռորի ենթարկեցին քաղաքն ու նրա բնակչությանը։ Երբ զինյալ գրոհայինները իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, սկսվեց սպանությունների, խոշտանգումների եւ կողոպուտի մի շրջան՝ երկիրը տանելով դեպի քաոս։

Հայր Կինվիի հիվանդանոցում բուժվել են նաեւ «Սելեկա» ավազակային խմբերի անդամները (հիմնականում Չադի եւ Սուդանի քաղաքացիներ)։ «Սկզբում նրանք գողանում էին բնակիչների այծերը, հետո սկսեցին առեւանգել ու չարչարել մարդկանց, իսկ ապա ուղղակի անցան սպանությունների։ Հայտնվում էին մեր հիվանդանոցում ու սպառնում անձնակազմին՝ հայտարարելով, որ սպանելու են բոլորիս, քանի որ մենք բուժում ենք նրանց թշնամիներին»,– պատմում է Հայր Կինվին։

Կենտրոնաաֆիրիկյան Հանրապետության մայրաքաղաքը մի քանի ամիս շարունակ ապրեց ապստամբների իշխանության տակ, որն ահաբեկում էր բնակիչներին։ Ով հանդգնում էր բողոքի քայլ անել, բախվում էր գնդակահարության սպառնալիքին։ Դրան ի պատասխան՝ երկրով մեկ սկսեց կազմավորվել աշխարհազոր, որն աստիճանաբար վերածվեց այսօր հայտնի «Հակաավտոմատավորների» շարժման։ Միավորվեցին ամենատարբեր մարդիկ, սակայն հիմնականում՝ անիմիստներն ու քրիստոնյաները, որոնց մեջ խոր ատելություն կար մահմեդականների նկատմամբ։ Այսպիսով՝ Բերնարդ Կինվին ամեն օր օգնության ձեռք էր մեկնում «Սելեկայի» հետապնդվող անդամներին, որոնք ապաստան էին փնտրում կաթոլիկ առաքելության տարածքում։

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության տարածք մտան ֆրանսիական զորամիավորումներ՝ իրականացնելու «Սանգարիս» գործողությունը։ Դա կտրուկ փոխեց ուժերի հավասարակշռությունը՝ «Սելեկայի» ավազակախմբերը փախուստի դիմեցին, եւ ոճիրն ու բռնությունը դադարեց։

Image: 
Text: 
Սելեկայի գրոհայինները Գոյա քաղաքում հանգստանում են (11-ը հունիսի, 2014թ., լուսանկարը՝ REUTERS / Goran Tomasevic)

Արյան ծարավով վրեժի գնացող «հակաավտոմատավորներն» էթնիկ զտումներ սկսեցին մայրաքաղաքի մահմեդական բնակչության դեմ։ Մի քանի օրվա ընթացքում սպանվեցին հարյուրավոր մարդիկ, հազարավորներ ստիպված եղան փախուստի դիմել՝ փրկելու իրենց կյանքը։ «Սեպտեմբերի ողջ ընթացքում մենք ականատես եղանք, թե Բոսեմտելեն ինչպես է լցվում փախստականներով»,– հիշում է Բերնարդ Կինվին։ Իր ժամերգություններին նա դատապարտում էր «Սելեկայի» ոճրագործությունները, սակայն համայնքին կոչ էր անում զերծ մնալ պատասխան բռնությունից, քանի որ «դա չի կարող լուծել խնդիրը»։

Բերնարդ Կինվին զգում էր, որ «հակաավտոմատավորները» պատրաստվում են հակահարվածի, եւ միաժամանակ հասկանում էր, որ որեւէ օգնություն չի կարող ակնկալել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում միջազգային օգնության առաքելությունից (MISCA), որին դիմել էր՝ Բոսեմտելեում եւ դրա շուրջը անվտանգության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Առաքելության ղեկավարությունն առաջարկեց տարհանել անձնակազմը։ Երիտասարդ հոգեւորականը հրաժարվեց եւ փորձեց միջնորդի դեր կատարել. հանդիպեց «հակաավտոմատավորների» ներկայացուցիչների հետ՝ խնդրելով չմտնել Բոսեմտելե։ Նրանք մերժեցին. չէին ուզում հրաժարվել իրենց որդեգրած «ակն ընդ ական» սկզբունքից։ Հայր Կինվին ասաց. «Պաշտպանեք ձեր գյուղերը, բայց մեզ վրա մի հարձակվեք, քանի որ սա հանգեցնելու է ձեր իսկ եղբայրների ու քույրերի հետապնդմանը»։ Նրան հաջողվեց ժամանակավորապես կասեցնել պատասխան հարձակումը։

2014 թվականի հունվարի 17-ին երկրով մեկ լուր տարածվեց, որ «Սանգարիս» գործողությանը մասնակցող ֆրանսիական զորամիավորումներից մեկը ժամանելու է քաղաք՝ զինաթափելու «Սելեկայի» ապստամբներին։ Ապստամբները խուճապի մատնվեցին։ Նրանք հրդեհեցին հիվանդանոցի շենքն ու առեւանգեցին կաթոլիկ առաքելության ավտոմեքենան։ Հաջորդ իսկ օրն սկսվեց պատասխան արյունահեղությունը՝ մեծագույն վտանգի ենթարկելով Բոսեմտելեի մահմեդականներին։ Բերնարդ Կինվին անձամբ ականատես եղավ դաժան մարդասպանների ձեռքն ընկած մարդկանց անասելի սարսափին։ Երեկվա զոհերը վերածվեցին այսօրվա մարդասպանների։ Անողոք «հակաավտոմատավորների» ձեռքով բազմաթիվ մուսուլմաններ սպանվեցին։ Բերնարդ Կինվին հավատակից եղբոր՝ Հայր Բրիեսի հետ սկսեց շրջել քաղաքի թաղամասերով, հավաքել վիրավորներին ու ողջ մնացածներին՝ տեղափոխելով նրանց առաքելության տարածք։ Երկուսով թաքստոցներ կազմակերպեցին որտեղ հնարավոր էր՝ եկեղեցիներում, հավաբներում, վիրահատարաններում ու հիվանդանոցային բաժանմունքներում։ Երկու հոգեւորականի ջանքերով փրկվեց 1500 մահմեդականի կյանք։

Երբ հարցնում են մահմեդականներին օգնելու դրդապատճառների մասին, Հայր Կինվին պատասխանում է.

«Մարդու կյանքը սրբություն է ինձ համար։ Իմ գործն է՝ ընդունել յուրաքանչյուրին, ով կդիմի ինձ օգնության։ Ինձ համար միեւնույն է՝ այդ մարդն ով է, որտեղից է, ինչ կրոնի է, ապստամբ է, թե ոչ։ Նա Աստծո կողմից ստեղծված մարդ էակ է, դրա համար էլ օգնում եմ։ Մենք խտրականություն չենք դնում»։

Ամեն օր ստիպված լինելով հաղթահարել իր վախերը՝ երիտասարդ հոգեւորականը կյանքը վտանգելով ընդունում էր «հակաավտոմատավորների» շարժման մարտիկներին, որոնք շատ հաճախ թմրանյութերի ազդեցության տակ էին լինում։ Վանականի ուխտ անելիս Հայր Կինվիի մտքով չէր անցնի, որ ստիպված է լինելու այդքան շուտով բախվել նման բարբարոս եւ արնախում դաժանության։ Սակայն սարսափից դողալով անգամ՝ նա անսասան մնաց. հավատը Հայր Կինվիի ամենամեծ մխիթարությունն է։  Հոգեւորականը գործուն աջակցություն ստացավ Կարմելյան միաբանության քույրերից, որոնք աշխատում էին փախստականների հետ։

«Ես հավատում եմ մարդուն եւ երբեք չեմ կասկածում նրան»,– պնդում է Հայր Կինվին, որը հոգում է ե՛ւ ապրողների, ե՛ւ հանգուցյալների մասին։

Հակաավտոմատավորների շարժման ապստամբները հաճախ էին խնդրում հոգեւորականին՝ օգնել իրենց մարտիկներին հողին հանձնելու գործում։ Նա համաձայնում էր՝ ոչ թե զուտ բռնության նոր ալիքը կանխարգելելու համար, այլ որպեսզի հնարավորություն ունենա հուղարկավորելու այդ մարդկանց։ Ժամանակ առ ժամանակ նրան հաջողվում էր մարդկանց անգամ մահից փրկել, ինչպես եղավ երիտասարդ, կույր մի մոր դեպքում, որը վիրավոր մնացել էր դիակների մեջ ընկած։ Կինվին նկատեց նրան, երբ ապստամբները պատրաստվում էին վերջ տալ նրա կյանքին, ու կանգնեցրեց նրանց։

Հայր Կինվին նաեւ որոշ մահմեդականների է օգնել փրկվել վտանգից։ Օրինակ՝ կնոջ հագուստ է տվել մի վաճառականի՝ նրան հնարավորություն տալով մեքենայով փախչելու Չադ։ Մի քանի շաբաթվա ընթացքում այս ձեւով բազմաթիվ մահմեդականներ են տարհանվել երկրից։

Հայր Կինվիին բազմիցս սպառնացել են հրազենով ու դաշույնով։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սանձազերծված կրոնական այս հակամարտությունը ոչ միայն մարմնական ու բարոյական քննությունն էր նրա համար, այլեւ հոգեւոր փորձություն, որը վերափոխեց նրա հավատը, որը չմարեց, այլ ավելի ու ավելի զորացավ։ Սարսափների մասին պատմելիս Բերնարդի ձայնն աննկուն է։ «Եթե աշխարհում պակաս անարդարություն լիներ, եթե հարստությունն ավելի արդար բաշխված լիներ, բոլոր մարդիկ ունենային աշխատանք եւ բուժօգնությունից օգտվելու հնարավորություն, մենք գուցե խուսափեինք այս բոլոր մահերից»,– մտախոհ ասում է նա։

2014 թվականին Human Rights Watch կազմակերպությունը Հայր Կինվիին արժանացրել է Alison Des Forges մրցանակի, որն ամեն տարի տրվում է բացառիկ խիզախություն դրսեւորած չորս իրավապաշտպանի։ Բերնարդ Կինվին շարունակելու է իր գործն ու հավատում է, որ մահմեդականները մի օր հետ կդառնան Բոսեմտելե։

Բերնարդ Կինվին 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից էր:

 

Subtitle: 
Նա ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց:
Author: 
Հեղինակ՝ Տիգրան Եգավյան
Header image: 
Summary Position: 
59