Անժելիկ Նամայկան ապրում է մեծ ու գեղեցիկ մի երկրում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ցավոք, վերջին մի քանի տասնամյակներում այստեղ ապրելն ապահով չէ: Զինված հակամարտությունների հետեւանք դարձած բռնության ու հուսահատության պայմաններում Անժելիկն օգնության է հասել՝ փրկելով հազարավոր կոնգոյացի կանանց, որոնց մեծ մասը հարեւան Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակ» (Lord's Resistance Army) կոչվող արյունարբու գրոհայինների զոհն էր: Ամենուր նրանք ահ ու սարսափ էին տարածում: Չնայած զարհուրելի իրականությանը, որին հարկադրված էր առերեսվել Անժելիկ Նամայկան, նա երբեք իրեն թույլ չի տվել անձնատուր լինել: Խոնարհ ու անվրդով Անժելիկը պայքարում է. նրան առաջ է մղում ամենազոր մի ուժ:
Քույր Անժելիկը ծնվել է Քեմբիսայում (ԿԴՀ) 1967 թ. սեպտեմբերի 11-ին: Ծնողները սուրճ աճեցնող ագարակատերեր էին, և ընտանիքը խիստ կրոնապաշտ էր: Անժելիկը հիշում է, թե ինչպես հոր համար կասավայի տերեւներից առաջին ճաշը եփեց: Այդ ժամանակ նա ընդամենը յոթ տարեկան էր: Ուտելուց հետո հայրն օրհնեց նրան: Մինչեւ հիմա էլ քույր Անժելիկը սիրում է ուրիշների համար ուտելիք պատրաստել: Նրանց լռելյայն երախտագիտությունը մխիթարում է ամենօրյա իր ծառայության ընթացքում:
Քույր Անժելիկը ծնվել է Քեմբիսայում, ԿԴՀ: © UNHCR / Ջոն Ուեսելս |
Անժելիկը տաս տարեկան էր, երբ նրա վրա մեծ ազդեցություն թողեց գերմանացի միանձնուհի քույր Թոունի աշխատանքը. «Նա Ամադի եկեղեցական համայնքի միանձնուհի էր, որը եկել էր խնամելու մեր եկեղեցու բազմաթիվ հիվանդներին: Միշտ մենակ էր եւ ժամանակ չուներ ո'չ հանգստանալու, ո'չ ուտելու, քանի որ մենակ էր: Ես որոշեցի՝ ամեն ինչ կանեմ, որ նրա նման լինեմ, որպեսզի նա հասցնի սնվել ու հանգստանալ», - հիշում է Անժելիկը: Ուսումն ավարտելուց հետո 1983 թ. Անժելիկը գնաց Ամադի, Ավգուստինյան առաքելություն, որտեղ ապրում էր գիշերօթիկ դպրոցում: Առաքելությունում նա կրկին հանդիպեց քույր Թոունին եւ որոշեց միանձնուհի դառնալ:
Նա միացավ Անուարիտ խմբին (որն այդպես է կոչվում ի պատիվ հայտնի կոնգոյացի միանձնուհի նահատակի) մեկ այլ միանձուհու՝ քույր Մարի Բեքսթերմոլի ենթակայության ներքո, որը իջեւանատան տնօրենն էր եւ Ամադի համայնքի ղեկավարը: Ավելի ուշ Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության այլ սաների հետ հաճախեց Նաբոլիի ճեմարան, որտեղ ավարտեց ապագա միանձնուհիների համար նախատեսված նախնական դասընթացը: Ի վերջո, 1992 թ. նա Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության ուխտ ընդունեց:
Հոգով մանկավարժ քույր Անժելիկն իր կյանքից երկար տարիներ է նվիրել երիտասարդներին ուղղորդելու գործին, այդ թվում եւ ապագա միանձնուհիներին՝ նրանց դասավանդելով պատմություն, աշխարհագրություն եւ կրոն: 1997 թ. միաբանությունը նրան ուղարկեց Կինշասայի աֆրիկյան հոգեւոր բարձրագույն ինստիտուտ՝ վարպետանալու իր համար նախընտրած առաքելության գործում: Այնտեղ նա իր ուսումն ավարտեց 2000 թվականին:
Ամենաթույլ ու խոցելի մարդկանց ծառայելու նրա մղումը գալիս է մանկությունից ու ծնողներից, որոնք առաջինն էին, որ նրան ծանոթացրին համայնքին ծառայելու գործին՝ ջուր, ուտելիք եւ վառելափայտ հասցնելով մոտակայքում ապրող աղքատներին: Որպես միանձնուհի նրա կյանքի ընթացքում շարժիչ այդ ուժը շարունակ սաստկացավ ու ամրապնդվեց: Քույր Անժելիկը միշտ հավատարիմ եղավ իր բարի սրտին եւ իրեն առաջնորդող Ավետարանին: «Աստված, որ միշտ հաշվի է առնում մեր խնդրանքները, օգնեց ինձ դառնալու միանձնուհի եւ որբ ու խոցելի երեխաների համար հիմնելու «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկան», - բացատրում է Անժելիկը:
Քույր Անժելիկն իր ամբողջ կյանքում օգնել է ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին: |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության այն հատվածում, որտեղ ապրում է Անժելիկը, «Տիրոջ դիմադրության բանակի» (LRA) գրոհայինները կոտորել են տղամարդկանց, հավաքագրել երեխաներին եւ առեւանգել կանանց ու դեռահաս աղջիկներին՝ դարձնելով նրանց իրենց գերին ու ենթարկելով սեռական շահագործման, հաճախ նաեւ խեղելով նրանց: Քույր Անժելիկն ամեն օր ականատես է եղել, թե ինչպես են պայքարում գյուղացիները, որոնցից ոմանք ապաստան էին գտնում մացառուտներում: Ինքն էլ նրանց պես տանջվել է վախից ու սովից, երբ չէր կարողանում բավարար սնունդ հայթայթել:
2003 թվականը բեկումնային էր Անժելիկի կյանքում. այդ ժամանակ նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արեւելյան Դունգու քաղաքում աշխատում էր սկսնակ միանձնուհիների հետ: Մի օր ծխական համայնքում հանդիպեց ծայրագույն կարիքի մեջ գտնվող կանանց: Նրանց վիճակով մտահոգ Անժելիկը չէր կարող անտարբեր մնալ: Եվ որոշեց օգնել նրանց՝ սովորեցնելով կարուձեւ, խոհարարություն, կարդալ ու գրել: Մինչեւ 2008 թվականը նրա համար առաջնային դարձավ «Տիրոջ դիմադրության բանակի» զոհերի պաշտպանությունը. այն մարդկանց, որոնք, ի վերջո, կարողացել էին փախչել դահիճներից, այն մարդկանց, որոնք դուրս էին եկել մացառուտներից՝ տանջահար հայացքներով ու ամբողջությամբ ոչնչացված մարդկային արժանապատվությամբ, այն մարդկանց, ում ուղեկցում էին բազմաթիվ բռնաբարություններից ծնված երեխաներ: Անժելիկն օգնում էր բոլորին:
Նա համառորեն աշխատում էր, որպեսզի այդ խեղճ մարդկանց կյանքի վերադարձներ եւ վերականգներ նրանց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջությունը: Սակայն նրա պատասխանատվության շրջանակը չէր սահմանափակվում սոսկ առողջապահությամբ: Այդ կանայք պետք է վերաինտեգրվեին իրենց հասարակության մեջ, գրել եւ կարդալ սովորեին: Ոմանք ծնվել էին երկրի այլ շրջաններում եւ նույնիսկ չէին խոսում տեղի լեզվով: Բացի այդ ամենից, նրանցից յուրաքանչյուրը նախեւառաջ աշխատանքի կարիք ուներ: Ահա թե ինչպես ստեղծվեց Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնը: 2012 թ. Դունգու քաղաքում այն բացեց իր դռները: 2014 թ. քույր Անժելիկը նաեւ որբանոց հիմնադրեց 6 ամսականից մինչեւ 15 տարեկան երեխաների համար: Վերջին տասնամյակում առնվազն 22.500 կին է աջակցություն ստացել քույր Անժելիկի հիմնած կենտրոնում:
Մրցանակի գումարը քույր Անժելիկն օգտագործեց՝ 20 հեկտար պլանտացիա տնկելու համար: |
Ամենակարիքավորներին մատուցած իր ծառայության համար Անժելիկ Նամայկան ստացել է Stop Hunger (Վերջ սովին) մրցանակ, իսկ 2013 թ.-ին՝ Նանսենի մրցանակ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն այդ մրցանակը շնորհում է այն նշանավոր մարդկանց, որոնք օգնում են նրանց, ովքեր ստիպված են եղել լքելու սեփական տունը: 100.000 ԱՄՆ դոլար մրցանակը նոր նախագծեր սկսելու եւ գործունեությունն ընդլայնելու հնարավորություն ընձեռեց նրան: Նա 20 հեկտար բրնձի, գետնանուշի եւ կասավայի պլանտացիաներ է տնկել, հացի փուռ եւ դպրոց (2015 թ.) բացել: Մեկ այլ՝ Mundo Negro մրցանակի օգնությամբ, որը շնորհում են Կոմբոնի միսիոներները երեխաներին եւ խոցելի մարդկանց ցուցաբերած աջակցության համար, քույր Անժելիկը կարողացավ մանկական առողջության կենտրոն կառուցել: Միշտ լինելով կանանց պաշտպանը՝ 2005-2010 թթ. նա ղեկավարել է Թեմական արդարադատության եւ խաղաղության հանձնաժողովի կանանց մասնաճյուղը: Այժմ քույր Անժելիկն ապրում է որբանոցում երեխաների հետ՝ միաժամանակ վերահսկելով Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի ամենօրյա աշխատանքը:
Տքնաջան աշխատելով եւ երբեք չբավարարվելով արձանագրած արդյունքներով՝ քույր Անժելիկը հաճախ ճամփորդում է երկրից երկիր, համաժողովից համաժողով, որպեսզի լսելի դարձնի իր պաշտպանության տակ գտնվող որբերի, տեղահանված կանանց ու աղջիկների ձայնը: Երբ հարցնում են իր ոգեշնչման աղբյուրի մասին, Անժելիկը սիրում է մեջբերել աստվածաշնչյան մի հատված, որը սահմանել է նրա կյանքը եւ շարունակում է խրախուսել նրա ամենօրյա աշխատանքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, այն, ինչ իմ այս փոքր եղբայրներից ու քույրերից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք» (Ավետարան ըստ Մաթեւոսի 25:40): Ճշմարիտ խոսքեր, որոնցով իսկապես պետք է ապրել։
Գլխավոր լուսանկարը. Քույր Անժելիկն անցնում է դարուփոսերով՝ ամեն օր հսկայական տարածքներ կտրելով, որպեսզի հետեւի իր նախագծերի ընթացքին եւ այցելի կանանց, որոնց օգնում է:
© UNHCR/Բ. Սոկոլ