Մայր ու աղջիկ` վերափոխելով Սոմալին

Armenian
Intro: 
26 տարուց ավելի չընդհատվող հակամարտությունը կեղեքում է Սոմալին, որը մոտ երկու տասնամյակ չունի մշտական կենտրոնական իշխանություն։ Ներկայումս Սոմալիի նորաստեղծ դաշնային կառավարությունը կայունության հաստատման փնտրտուքում փորձում է պայքարել խորապես արմատավորված դժգոհության դեմ։ Տարիներ ձգված դաժան պատերազմը, երաշտն ու սովը բռնություն ու կոռուպցիա են ծնել ու սփռել երկրով մեկ։ Հազարավոր պատանիներ երեխա-զինվորներ են եղել, իսկ սեռական բռնությունը դարձել է ամենօրյա երեւույթ, որը հիմնականում լռության է մատնված։ Այս մռայլ մթնոլորտում է, ահա, որ մայր ու աղջիկ՝ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, պայքարում են հանուն մարդու իրավունքների։
Weight: 
1 000
Story elements: 
Text: 
26 տարուց ավելի չընդհատվող հակամարտությունը կեղեքում է Սոմալին, որը մոտ երկու տասնամյակ չունի մշտական կենտրոնական իշխանություն։ Ներկայումս Սոմալիի նորաստեղծ դաշնային կառավարությունը կայունության հաստատման փնտրտուքում փորձում է պայքարել խորապես արմատավորված դժգոհության դեմ։ Տարիներ ձգված դաժան պատերազմը, երաշտն ու սովը բռնություն ու կոռուպցիա են ծնել ու սփռել երկրով մեկ։ Հազարավոր պատանիներ երեխա-զինվորներ են եղել, իսկ սեռական բռնությունը դարձել է ամենօրյա երեւույթ, որը հիմնականում լռության է մատնված։ Այս մռայլ մթնոլորտում է, ահա, որ մայր ու աղջիկ՝ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, պայքարում են հանուն մարդու իրավունքների։
Text: 
1996 թվականին Էլման Ալի Ահմեդը մինչ օրս չպարզված հանցագործության հանգամանքներում զոհվում է մեջքին արձակված կրակոցից։ Նա Սոմալիում խաղաղության հայտնի ակտիվիստ էր եւ հիմնել էր «Ցած դիր զենքդ, գրիչ վերցրու» (Drop the Gun, Pick up the Pen) նախաձեռնությունը, որպեսզի պատերազմի սկզբնական տարիներին երիտասարդներին կրթությամբ զորացնի, երբ զինյալները թիրախավորել էին երեխաներին՝ իրենց շարքերում հավաքագրելու համար։ Ամուսնու սպանությունից հետո նրա կինը՝ Ֆարթուն Ադանը, փախչում է Սոմալիից եւ երեք դուստրերի հետ բնակություն հաստատում Կանադայում։ Սակայն 2007 թվականին, չնայած աղջիկների խնդրանքներին, նա գիտակցում է, որ պետք է վերադառնա հայրենիք՝ շարունակելու ամուսնու գործը։ 
 

 
Դուստրը՝ Իլվադ Էլմանը, չէր հասկանում, թե ինչն է իր մորը հետ տանում դեպի Սոմալի՝ երկիր, որն արդեն իսկ մեծ տառապանք էր պատճառել նրան։ Եւ ահա, Մոգադիշո կատարած կարճատեւ այցելության ընթացքում նա ականատես է դառնում մոր գործունեության թողած ազդեցությանը, եւ մեկամսյա այդ ուղեւորությունը վերաճում է մոր հետ այժմ արդեն յոթնամյա գործընկերության։ 
 
Image: 
Text: 
                                         Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

 

«Այդ պահին էր, երբ ես գիտակցեցի, – վերհիշում է Իլվադը, – ինչպես որ ես ու քույրերս ունեինք նրա կարիքը, նույնն ունեին նաեւ հարյուրավոր այլ մարդիկ։ Մեզ պետք էր, որ Կանադայում նա մայրություն անի մեզ, բայց Սոմալիում նրան արդեն «մայր» էին կոչում հարյուրները։ Սա էր, որ ամեն ինչ դրեց հունի մեջ։ Այցելությանս սկզբում ես ահաբեկված էի, ունեի մի շարք նախապաշարմունքներ եւ ուզում էի ընդամենը փախչել ու կրկին ինձ ապահով զգալ։ Բայց մարդիկ, որոնց մայրս օգնում էր, նման հնարավորությունից զուրկ էին։ Սա նրանց կյանքն էր ու վերջ։ Եւ ես հասկացա, որ պիտի թույլ տամ մորս օգնել այս մարդկանց, եւ ինքս եւս աջակցեմ»։
 
Ինչպես նշում է Ֆարթունը. «Ամուսինս կյանքը կորցրեց բռնության հանդեպ ունեցած ատելության պատճառով, ինչից հետո ես հասկացա, որ պիտի կյանքս նվիրեմ այն մարդկանց պաշտպանելուն, ովքեր ամենախոցելին էին բռնության առջեւ»։ Սոմալի վերադառնալով՝ նա հիմնում է «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը, որի ուշադրության կենտրոնում այն խորքային պատճառներն են, որոնց հետեւանքով մարդիկ ու հատկապես տղա երեխաները ներքաշվում են զինված հակամարտության մեջ, եւ աշխատում է խաղաղություն սերմանել կրթության ու վերապատրաստման միջոցով։ Երկու տասնամյակից ավելի տեւած հակամարտությունից հետո սոմալացի երեխաների մի ամբողջ սերունդ զրկվել է ֆորմալ կրթության հնարավորությունից։ Միջնակարգ դպրոցները չափազանց քիչ են, իսկ ծայրահեղ աղքատությունը գրեթե թույլ չի տալիս ծնողներին վճարելու դպրոցական ծախսերը։ 
 
Երբ ընտրության ու հնարավորության բացակայությունը նոր լիցք է հաղորդում երկրում մոլեգնող ծայրահեղականությանն ու բռնությանը, Ֆարթունն ու Իլվադը կրթում ու վերապատրաստում են մանուկ հասակում զինվորագրված պատանիներին՝ ընձեռնելով նրանց տարբերվող կյանք վարելու հնարավորություն։ Ներկայումս նրանց ծրագիրը տարեկան օժանդակում է 800 երեխայի։ Ընդհանուր առմամբ, դասընթացների մասնակցել ցանկացողների 80 տոկոսն ավարտում է այնպիսի հմտություններ ձեռք բերած, որոնք անհրաժեշտ են իրենց եւ իրենց ապագան ապահովագրելու համար։
 
Image: 
Text: 
                                         Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման
 
Մանկահասակ զինվորների հետ աշխատելիս Ֆարթունն ու Իլվադն առերեսվեցին նաեւ սեռական բռնության ու բռնաբարությունների ալիքի իրական մասշտաբներին։ «Դա տեղի էր ունենում ամենուր, բայց բոլորն աչք էին փակում՝ խնդիրը մատնելով բացարձակ լռության, – ասում է Ֆարթունը, - պետք էր մի բան անել այդ կանանց օգնելու համար։ Մենք պիտի մի բան անեինք, որ նրանք ձայն բարձրացնեին»։ 
 
Իբրեւ պատասխան՝ նրանք հիմնեցին «Քույր Սոմալի» (Sister Somalia) նախաձեռնությունը՝ Մոգադիշոյի բռնաբարությունների առաջին ճգնաժամային կենտրոնը։ Նախաձեռնությունը Սոմալիում օժանդակում է սեռական բռնության ենթարկվածներին եւ բռնի ամուսնություններից ազատագրվածներին՝ տրամադրելով խորհրդատվություն, բժշկական ծառայություններ, վերաբնակվելու եւ կրթություն ստանալ հնարավորություններ ու բիզնես սկսելու նախնական միջոցներ ։ Նրանք կրթում են պատանի աղջիկներին՝ ծանոթացնելով նրանց իրենց իրավունքներին: Մինչ օրս ընդհանուր առմամբ վերականգնողական աշխատանքներ են կատարել սեռական շահագործման ենթարկված 8,000 կանանց հետ։ 
 
«Մի կին կար, անունը՝ Նադիֆա, որը մի անգամ գնում է մոտակա (փախստականների) ճամբար՝ ընտանիքի համար սնունդ հայթայթելու,– պատմում է Իլվադը, - ժամերով հերթ կանգնելուց հետո նա ձեռնունայն վերադառնում է եւ տուն մտնելիս հանկարծ տեսնում, թե ինչպես է մի տղամարդ իր ավելի փոքր երեխաների աչքի առջեւ բռնաբարում իր 11-ամյա դստերը։ Կինը փորձում է նետվել պաշտպանության, բայց զինվորները բռնում են նրան, քարշ տալիս ճամբարից դուրս, կապում ձեռքերն ու ոտքերը, պարկ են հագցնում գլխին ու սկսում ծեծել մինչեւ ուշաթափություն։ Ապա խոշտանգում են՝ մարմնի բոլոր հատվածները խորը այրելով պլաստիկ նյութով»։ Մի քանի շաբաթ անց նա օգնության համար եկավ մեր կենտրոն։ Այսօր այդ կինը սեփական բիզնեսն ունի եւ շարունակում է գրեթե ամեն օր այցելել մեզ՝ ծրագրին մասնակցելու բերելով շատ ուրիշ կանանց ու աղջիկների»։ 
 
«Մենք արդեն իսկ փոփոխություն ենք նկատում հանրային մտածողության մեջ։ Կանանց ու աղջիկների անասելի բռնության նկատմամբ հանդուրժողականությունը, թեեւ դանդաղ, բայց տեղի է տալիս,– շարունակում է նա, - հրաշալի է, երբ տեսնում ես մարդկանց, որոնք առաջ հուսահատ էին, իսկ այժմ վստահություն են ձեռք բերել։ Սա անչափ գեղեցիկ է ու ոգեւորում է մեզ շարունակել»։
 
 
Image: 
Text: 
                                         Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման
 
Ապագայում Ֆարթունն ու Իլվադը մտադիր են կառուցել հատուկ կենտրոն, ուր հավաքվելով՝ տուժածներն ու վերապրողները կկարողանան ձեւավորել այնպիսի մի համայնք, որը կօժանդակի մարդկանց կրթությամբ եւ ռեաբիլիտացիայով։
 
«Մենք շարունակելու եռանդ ենք ստանում, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ բարձր գլխով դուրս գալիս մեր կենտրոնից՝ նպատակամղված ու պատրաստ կառուցելու սեփական կյանքը, – ասում է Ֆարթունը, - մեր օգնությամբ՝ նրանք այժմ ունակ են օգնելու ուրիշներին, եւ դա հենց այն է, ինչ հարկավոր է մեզ այս հասարակությունը վերակառուցելու համար։ Սրանով մենք կարող ենք ազդեցություն թողնել Սոմալիի ապագայի վրա»։ 
 
Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներ են։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկությունը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական և նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով:
 

 

Subtitle: 
Ֆարթուն Ադանի եւ Իլվադ Էլմանի պատմությունը
Header image: