logo
ՓԱԿԵԼMenu
Մարդասերները. Մեծ իշխանուհի Տատյանա Ռոմանովա

Մարդասերները. Մեծ իշխանուհի Տատյանա Ռոմանովա

Ռուսական Կայսրության համար Առաջին համաշխարհային պատերազմի ամենածանր հետեւանքներից մեկը դարձավ հարկադիր տեղահանված անձանց մեծ քանակը: 1914-1917 թվականներին արեւմտյան նահանգների մոտ հինգ միլիոն բնակիչ ստիպված էր լքել հարազատ տունն ու փախչել երկրի խորքը: Աննախադեպ մարդասիրական ճգնաժամի պայմաններում պետության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեց փախստականների հաշվառում, որում կարեւոր դեր խաղաց մեծ իշխանուհի Տատյանա Ռոմանովայի (Великая княжна Татьяна Романова) կողմից 1914-ի սեպտեմբերին ստեղծված կոմիտեն:

Այդ հաստատության ամբողջական անունն էր «Ռազմական աղետներից տուժածներին ժամանակավոր օգնության ցուցաբերման կոմիտե՝ մեծ իշխանուհի Տատյանա Ռոմանովայի նախագահությամբ» (հայտնի էր նաեւ որպես «Տատյանյան կոմիտե»): Այն հարկադիր տեղահանված անձանց պաշտպանության գլխավոր  ռուսական կազմակերպությունն էր պատերազմի առաջին տարվա ընթացքում ՝ ընդհուպ մինչեւ «Փախստականների կարիքների ապահովման մասին» 1915-ի օգոստոսին ընդունված օրենքը: Կոմիտեն զբաղվում էր փախստականներին միանվագ նյութական օգնության հատկացմամբ, աջակցում էր նրանց հայրենիք կամ մշտական բնակության վայր վերադառնալու, ինչպես նաեւ աշխատանք գտնելու հարցում: Դեռ շատ երիտասարդ իշխանուհի Տատյանայի նախագահությունը մեծապես ֆորմալ բնույթ ուներ, սակայն մոր՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի եւ քույր Օլգայի հետ նա անմիջական մասնակցություն էր ունենում պատերազմից տուժած բնակչությանն ու վիրավորներին օգնություն ցուցաբերելու գործում:  Օգոստոսափառ ընտանիքի անդամներն անգամ մասնակցել են բուժքույրերի նախապատրաստման դասընթացների եւ այլ մասնակիցների հետ հավասար քննություններ հանձնել: 

                                                         Տատյանա Ռոմանովա

Թագավորական նվեր

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձանց բազմաթիվ վկայությունների համաձայն՝ Տատյանան տարիքին անհամապատասխան լուրջ էր: Առաջնորդական հատկությունները նրա մոտ արտահայտվում էին մանուկ հասակից. նա ղեկավարում էր տնային տնտեսությունը, զբաղվում փոքր երեխաների դաստիարակությամբ: Տարբեր խնդրանքներով հենց Տատյանային էին ուղարկում ծնողների մոտ: Նիկոլայ II-ի երկրորդ դստերը շատ անգամ ավագի տեղն էին ընդունում, հաճախ խորհրդակցում էին նրա հետ: Կայսրուհին միայն Տատյանայի հետ էր ռազմական հարցեր ու քաղաքականություն քննարկում:

Պատերազմի սկզբից Ռոմանովներն իրենց ողջ ժամանակը տրամադրում էին բանակին ու բնակչությանն օգնության կազմակերպմանը: Ցարսկոյե Սելոյում գտնվող՝ կայսերական ընտանիքի առանձնատներից մեկում հոսպիտալ էր բացվել: Մեծ իշխանուհիներ 19-ամյա Օլգան եւ 17-ամյա Տատյանան ամիսներ շարունակ այստեղ աշխատում էին որպես Կարմիր խաչի բուժքույրեր: Հիվանդանոցի ստեղծման գաղափարը Ալեքսանդրա Ֆեոդորովնային տվել էր իշխանուհի Վերա Գեդրոյցը՝ ռուսական պատմության մեջ առաջին կին վիրաբույժներից մեկը: Հենց նրա ղեկավարությամբ էր բացվել հոսպիտալը, որում տիրում էր խիստ, գրեթե ռազմական կարգապահություն. կայսերական ընտանիքի ներկայացուցիչները սովորական բուժքույրերի պես ենթարկվում էին ղեկավարին եւ այլ բժիշկներին: 

Կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան դուստրեր Օլգայի եւ Տատյանայի հետ օգնում է վիրահատության անցկացմանը: Աղբյուրը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան:

«Կայսրուհին մեծ ջանքեր է ներդրել հոսպիտալում: Նման բան չի արել Եվրոպայի ոչ մի այլ միապետուհի: Դուստրերի հետ միասին նա ամեն օր աշխատում էր առավոտվա ժամը 9-ից մինչեւ գիշերվա ժամը 2-ը, երբեմն էլ՝ ավելի երկար: Նա պարտադիր վերադառնում էր երեկոյան եւ երբեմն, երբ ծանր վիրավորների էին բերում, մնում էր հոսպիտալում ամբողջ գիշեր»,- նշվում է Richmond Times-Dispatch-ի հոդվածում.

Պալատ մի թեւում տեղակայված հոսպիտալը նախատեսված էր 200 զինվորի եւ 30 սպայի համար: Այն կահավորված էր վիրահատությունների համար եւ ուներ ամենաժամանակակից լաբորատորիաները ռենտգենային հետազոտությունների համար: Որոշ հիվանդների ուղարկում էին Ֆինլանդիայի գեղատեսիլ վայրեր՝ վերականգնվելու: Բացի այդ, շարժական վիրահատարաններ էին կազմակերպվել գահաժառանգ Ալեքսեյի պատվին անվանված ռազմասանիտարական գնացքում, որով տեղափոխում էին վիրավորներին:

Հոսպիտալի բժիշկների եւ հիվանդների հուշերի համաձայն՝ Տատյանա Ռոմանովան առանձնանում էր տոկունությամբ եւ ճարպկությամբ: Մեծ իշխանուհին հաճախ վիրահատությունների ժամանակ աջակցում էր Վերա Գեդրոյցին: «Եթե նկարիչ լինեի ու ցանկանայի պատկերել գթության քրոջ դիմանկար, ինչպես պատկերացնում եմ իդեալական տարբերակում, հարկավոր կլիներ ուղղակի պատկերել մեծ իշխանուհի Տատյանային։ Անգամ կարիք չէր լինի նկարել. միայն մատնացույց անել Նրա լուսանկարը, որ ժամանակին կախված էր մահճակալիս վերեւում, եւ ասել. «Ահա գթության քույրը»,- գրել է կայսրուհու նաժիշտ Ս. Յ. Օֆրոսիմովան:  

                         Մեծ իշխանուհի Տատյանան: Աղբյուրը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։

Ցարական ընտանիքին ոգեշնչել էր իշխանուհի Նատալյա Շախովսկայայի գործունեությունը. 1866-ին նա հիմնել էր գթության քույրերի «Ամոքիր իմ վշտերը» (Утоли моя печали) սեփական համայնքը: Ալեքսանդրա Ֆեոդորովնան բարձր էր գնահատում Շախովսկայայի ջանքերը եւ անգամ շնորհավորական հեռագիր էր ուղարկել նոր մասնաշենքի բացման առթիվ. «Կայսրն ու ես ի սրտե հաջողություն ենք մաղթում ձեր բարի նախաձեռնությանը»:

«Կայսրուհին մոռացել էր բազմամյա հիվանդությունների եւ դեպրեսիայի մասին, պատերազմը բուժել էր դրանք, Ալեքսանդրա Ֆեոդորովնան մեծ խանդավառությամբ նվիրվել էր հոսպիտալի կազմակերպման գործին»,- գրվել է  Richmond Times-Dispatch-ում, 1915-ի օգոստոսին:

Աջակցություն Հայոց ցեղասպանության զոհերին

Տատյանյան կոմիտեն ֆինանսավորվում էր ինչպես պետական գանձարանից, այնպես էլ նվիրատվությունների հաշվին: Կազմակերպությունը հռչակ էր ձեռք բերել Ռուսական Կայսրության սահմաններից դուրս, իսկ կոմիտեի օգտին հանգանակություններին մասնակցում էին անգլիացի, ամերիկացի եւ արտասահմանցի այլ բարերարներ:

Կոմիտեի ամենախոշոր նախաձեռնություններից մեկը դարձավ տեղահանված անձանց հաշվառման կազմակերպումը: 1915-ի ամռանը Տատյանյան կոմիտեի շրջանակում կազմակերպվեց փախստականների գրանցման եւ որոնման բաժին, որի աշխատանքին մասնակցում էին իշխանության տեղական մարմինների պաշտոնյաները՝ միասնական կենտրոն փոխանցելով շրջաններում փախստականների թվի եւ պահանջվող օգնության չափի մասին տվյալները: Ռուսական Կայսրությունում դա առաջին նման փորձն էր: 

             Մեծ իշխանուհիներ Տատյանան եւ Օլգան: Աղբյուրը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։

Թերթերում տարածվեց մեծ իշխանուհի Տատյանայի ուղերձը, որում նա կոչ էր անում ժողովրդին՝ անտարբեր չլինել ողբերգության նկատմամբ.

«Պատերազմը սնանկացրեց եւ տեղահանեց մեր միլիոնավոր բնակիչների. դժբախտ փախստականները՝ անտուն եւ սոված, սնունդ են փնտրում: Կառավարությունը, հասարակական եւ ազգային հաստատությունները, մասնավոր բարերարներն ու իմ Կոմիտեն օգնում են փախստականներին, բայց նրանց կարիքներն այնքան մեծ են, որ միայն ողջ ժողովուրդը կարող է հոգալ դրանք»:

«Խնդրում եմ, բարի մարդիկ, ջերմացրեք փախստականին հոգեպես եւ ֆիզիկապես, եւ թող նա սփոփվի՝ գիտակցելով, որ ըմբռնել եք նրա անմխիթար վիշտը»:

Աստիճանաբար Տատյանյան կոմիտեն վերածվեց փախստականներին օգնություն ցուցաբերող խոշոր բարեգործական ցանցի: Գործունեության բազմաթիվ ուղղություններն այդ ժամանակվա Ռուսաստանի համար հեղափոխական էին. օրինակ՝ կոմիտեն ոչ միայն ֆինանսապես էր օգնում տեղահանված անձանց, այլ նաեւ ձգտում էր մարդկանց համար աշխատանք գտնել նոր տեղում: Կոմիտեի ծրագրերը նաեւ նախատեսում էին տեղի բնակչության ակտիվ մասնակցություն փախստականների՝ նոր պայմաններում հարմարվելու գործում:

Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սկսված ջարդերն աղետալի իրավիճակ էին ստեղծել Կովկասում: Միայն մոտավոր հաշվարկների համաձայն՝ 1915-ի սկզբին ավելի քան 67 հազար փախստական, փրկվելով թուրքական բանակի ներխուժումից, տեղափոխվել էր Էրիվանի եւ Թիֆլիսի նահանգներ, Կարսի, մասնակիորեն՝ Բաթումի մարզեր եւ Անդրկովկասի այլ շրջաններ: Փախստականների մեծ մասը հայեր էին (մոտ 45 հազար), նրանց թվում էին հայտնվել նաեւ ասորիներ ու հույներ: 1915-ի ընթացքում միայն հայ տեղահանված անձանց թիվը տարածաշրջանում գերազանցել էր 200 հազարը, իսկ ընդհանուր առմամբ Կովկասում կուտակվել էր մոտ 300 հազար փախստական: Հայ բարեգործական կազմակերպությունների ռեսուրսները չէին բավականացնում նրանց փրկելու համար. կոտորածից հրաշքով մազապուրծ՝ հյուծված կանայք եւ երեխաները մահանում էին սովից ու հիվանդություններից: 

Ռոմանովների թագավորական ընտանիքը: Ձախից աջ նստած՝ Օլգա, Նիկոլայ II, Անաստասիա, գահաժառանգ  Ալեքսեյ, Տատյանա: Կանգնած՝ Մարիա եւ Ալեքսանդրա Ֆեոդորովնա: Աղբյուր՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան: 

Հարկադիր տեղահանվածներին սկսեցին օգնել Քաղաքների համառուսաստանյան միությունն ու Տատյանյան կոմիտեն, որի ջանքերով 1915-ին հայ փախստականներին փոխանցվել է մոտ 200 հազար ռուբլի, ուղարկվել է 40 վագոն՝ առաջին անհրաժեշտության իրերով, այդ թվում՝ անկողնային պարագաներ, հագուստ եւ կոշկեղեն: Մարդասիրական օգնությունն ուղարկվում էր Կարս, Սարիղամիշ, Ալեքսանդրապոլ, Էրիվան, Իգդիր, Նախիջեւան, Էջմիածին եւ այլ քաղաքներ ու շրջաններ: Բացի այդ, բացվել էին բյուրոներ, որոնք հայ փախստականներին օգնում էին աշխատանք գտնել: Թիֆլիսի, Կարսի եւ այլ քաղաքների արհեստանոցները նույնպես աշխատանքի էին ընդունում բռնի տեղահանվածներին:
 

 Կալանքի տակ

1917-ի փետրվարյան հեղափոխությունից եւ Նիկոլայ Երկրորդի գահընկեցությունից հետո Ռոմանովների ընտանիքը կես տարի անցկացրել է տնային կալանքի տակ՝ Ցարսկոյե Սելոյում: Երեխաները կարմրուկով էին հիվանդացել, եւ այդ ժամանակ քույրերին պետք եկավ հոսպիտալում ձեռք բերած փորձը՝ նրանք համբերատար խնամում էին միմյանց եւ ընտանիքի այլ անդամներին: «Տխուր է, որ այժմ՝ ապաքինվելուց հետո, չես կարող կրկին աշխատել հիվանդանոցում: Տարօրինակ է առավոտը տանը գտնվել եւ ոչ թե վիրակապել: Ո՞վ է հիմա վիրակապ դնում»,- կալանքի տակ գտնվող Տատյանան 1917-ի ապրիլին գրում էր հոսպիտալի ավագ բուժքույր Վ. Ի. Չեբոտարյովային:

Օգոստոսին Ռոմանովներին աքսորում են Տոբոլսկ, այնտեղից՝ Եկատերինբուրգ, որտեղ 1918-ի հուլիսի 17-ին Ռուսաստանի վերջին կայսեր ընտանիքը գնդակահարվեց: Զոհվեց նաեւ գթասիրտ Տատյանան:

Նրա հիմնած կոմիտեն 1917-ին վերանվանվել է Պատերազմից տուժածներին օգնության համառուսաստանյան կոմիտեի: Զարմանալի է, բայց Տատյանյան կոմիտեի նահանգային բաժինները շարունակում էին փախստականներին օգնություն ցուցաբերել անգամ հեղափոխությունից հետո, իսկ դրա որոշ մասնաճյուղերին էին շարունակում պատկանել հանրակացարաններ եւ այլ գույք: 1918-ի սկզբին՝ երկրում գնաճի եւ դժվար իրադրության հետ կապված, օգնությունը գումարի փոխարեն տրամադրվում էր սննդի տեսքով: Սակայն կարճ ժամանակ անց սա էլ անտանելի բեռ դարձավ՝ Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին միացան Քաղաքացիական պատերազմից տուժածները:

1918-ի մարտին նախկին Տատյանյան կոմիտեի Պետրոգրադի բաժինը, որը փաստացի կենտրոնական գրասենյակն էր, դադարեց գոյություն ունենալ: Այդպես ավարտվեց Ռոմանովների տան հովանու ներքո գործող բարեգործական հաստատությունների ու կոմիտեների ավելի քան 100-ամյա պատմությունը:

Գլխավոր լուսանկարում՝ Տատյանյան կոմիտեի նիստ: Կենտրոնում՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան դուստրերի՝ Տատյանայի եւ Օլգայի հետ: