ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԽՐՈՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԽՐՈՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին բեռլինյան քննարկումներին մասնակցում էին մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքեր: Նիստն իր դիտարկումներով բացեց հեռուստահաղորդավար, Լոնդոնի Քինգզ քոլեջի արտասահմանյան պրոֆեսոր Նիք Գաուինգը։ Քննարկման առաջին՝ «Մարդկությունը փխրուն աշխարհում» նիստին մասնակցում էին Ֆրանց Ֆիշլերը՝ Ալպբախի եւրոպական ֆորումի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախկին անդամը, Վոլֆգանգ Իշինգերը՝ Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահը, Մայքլ Քիթինգը՝ Խաղաղության եւրոպական ինստիտուտի գործադիր տնօրենը, Քրիստինա Լեմբը՝ գրող եւ արտասահմանյան թղթակից, եւ Անյա Լանգենբուխերը, որը «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եւրոպական գրասենյակի ղեկավարն է:

Ալպբախի եւրոպական ֆորումի նախագահ եւ Եվրահանձնաժողովի նախկին անդամ Ֆրանց Ֆիշլերին մտահոգում է հաղորդակցության պակասը ճգնաժամերի հետ գործ ունեցող պատասխանատուների միջեւ:

«Եվրոպայի ղեկավարների միջեւ վստահության պակասը պատճառներից մեկն է, որ չի կայանում իրական երկխոսություն»,- նշեց նա:

Խաղաղության եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Մայքլ Քիթինգն ընդգծեց, թե որքան կարեւոր է, որ հետաքրքրված կողմերը նստեն մեկ սեղանի շուրջ եւ լուծումներ փնտրեն:

«Հաճախ հումանիտար ճգնաժամերը քաղաքական ձախողումների հետեւանք են, երբ վեճերը չեն լուծվում, իսկ կողմերը ներգրավված չեն խնդրի լուծման գործում՝ քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված, կանայք, երիտասարդներ: Մենք կարիք ունենք իրական գործընկերների»,- նկատեց նա:

«Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եվրոպական գրասենյակի ղեկավար Անյա Լանգենբուխերը խոսեց կառույցների մասին, որոնք կարող են, բայց չեն էլ փորձում ամեն ինչ միանգամից ջրի երես հանել:

«Ի վերջո, յուրաքանչյուր խաղացող պետք է ամեն ինչ անի: Մենք գիտենք, թե ինչն է ազդեցություն թողնում: Հստակ տեսնում ենք, թե որ երկարատեւ միջոցառումներն են կանխում ճգնաժամերը: Մենք քաղաքական ֆիգուրներ չենք: Այս տեսանկյունից, կարծում եմ, պետք է ջանք չխնայենք»,- ասաց նա:

Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն իր մտքերը բարձրաձայնեց կոնֆլիկտային իրավիճակներում միջազգային իրավունքով իրականացվող մարդասիրական աշխատանքի մասին:

«Ես ռազմական ուժի կիրառման պաշտպան չեմ, բայց բռնակալների գոյությունն ինչպես օրինակ՝ Սիրիայում, մտահոգիչ է: Այս տեսանկյունից մեր խնդիրն է կանխել ահաբեկիչների հաջորդ սերնդի ձեւավորումը»,- հայտարարեց նա:

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.