Բժիշկ Քաթինան հիշեց տարիները, երբ քոլեջի ուսանող էր: Նույնիսկ այն ժամանակ նրա կյանքի նպատակը միսիոներ դառնալն էր: Քոլեջն ավարտելուց հետո բժշկություն սովորեց եւ 20 տարի առաջ մեկնեց Աֆրիկա: Վերջին 14 տարին նա ապրել է եւ աշխատել Սուդանի Նուբա լեռներում: Երկար տարիներ նա միակ բժիշկն է եղել այնտեղ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հասարակական եւ մարդասիրական կազմակերպությունների մեծ մասը լքեցին տարածքը, բայց ոչ նա:
«Ասացի՝ չեմ կարող հեռանալ, որովհետեւ մարդիկ բժիշկ չունեն: Այդ ժամանակ Նուբա լեռներում ուրիշ բժիշկ չկար: Կարծում եմ՝ չէի կարող հանգիստ խղճով ապրել, եթե հեռանայի»,- պատմում է Թոմը:
Նա մնաց եւ շարունակեց իր առաքելությունը: Ավելի քան մեկ տասնամյակ Քաթինան միակ բժիշկն էր այնտեղ, ով ամեն տարի հազարի չափ վիրահատություն էր անում:
«Հույս ունեմ՝ այս կարճ ժամանակը, որ «Ավրորայի» հետ եմ, կկարողանամ մարդկանց միավորել, այն մարդկանց, որ գործ են անում, մարդասիրական մեծ խմբերին եւ այլ դերակատարների: Պետք է միասին աշխատել եւ փորձել որոշ լուծումներ գտնել»,- ընդգծեց նա:
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.