The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին հիմնադիր եւ ղեկավար Սթիվեն Քյուրքչյանը խոսեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի եւ հաջորդած մարդասիրական օգնության մասին՝ շեշտելով դրա կարեւորությունը «Ավրորայի» համատեքստում։ «Ինձ հանձնարարություն տվեցին՝ խնդրելով գրել երկրաշարժին հետեւած արձագանքների, նպաստամատույց նախաձեռնությունների եւ մարդասիրական օգնության մասին։ Եւ որքան գրեցի, այնքան ինձ համար նկատելի դարձավ դրա առնչությունն «Ավրորայի» հետ»,– ասաց բանախոսը։
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ խլելով 25,000 – 50,000 կյանք, եւ հաշմանդամության պատճառ դառնալով 130,000 մարդու համար։ Այդ ժամանակ աշխարհի 113 երկրներից Հայաստանին ուղղվեց տարբեր ծավալի մարդասիրական օգնություն, այդ թվում՝ փրկարարական սարքավորումներ եւ բժշկական պարագաներ, սակայն անհատական նվիրատվությունները եւ հասարակական կազմակերպությունների օժանդակությունը եւս զգալի դեր ունեցան համաշխարհային հանրության գործադրած ջանքերում։
Դասախոսությունից հետո լսարանը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու աշխարհահռչակ լրագրողին այդ սոսկալի ողբերգությանը հետեւած մարդասիրական արձագանքի վերաբերյալ։ Մասնակիցները բանախոսից հետաքրքրվեցին նաեւ նրա մասնագիտական ընտրության մանրամասներով եւ խնդրեցին կիսվել մասնագիտական առաջընթացի վերաբերյալ խորհուրդներով։
Հանրային դասախոսության ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ (անգլերենով)։