Aurora Dialogues նյույորքյան քննարկումները կայացան 2018 թ. մարտի 1-ին՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ։ Միջոցառումը, որն ընթացավ ««Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով, բացվեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ողջույնի խոսքերով։ Հիմնական զեկույցով ելույթ ունեցավ Ստենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն։ Ծրագիրը շարունակվեց քննարկմամբ, որը վարում էր «Վաշինգթոն Փոսթ»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզը։ Քննարկմանը մասնակցում էին 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, H.E.A.R.T. 9/11 կազմակերպության հիմնադիր, լեյտենանտ Բիլ Քիգանը, ENOUGH նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Պրենդերգասթը, ինչպես նաեւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան՝ տեսաուղերձով։ Միջոցառումը փակվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի ամփոփիչ խոսքով։
Քննարկումը բացեց Դեյվիդ Իգնեյշըզը, որը միջոցառման թեման ներկայացնելիս՝ իր ներածական խոսքում շեշտեց. «Այսօր մենք կենտրոնանալու ենք այն լավագույնի վրա, ինչին մարդն ի վիճակի է, մտորելու ենք հերոսականության եւ զոհողության ոգու մասին, որը մարդկանց մղում է առաջ՝ ռիսկերի դիմելու, ուրիշներին համար պատասխանատվություն վերցնելու եւ անմնացորդ նվիրվելու՝ այն ամենի, ինչն «Ավրորան» փորձում է տարիներ շարունակ հասկանալ եւ ճանաչման արժանացնել»։
Ալիս Գրինվալդն ընդգծեց «Ավրորայի» եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի միջեւ ձեւավորված գործընկերության կարեւորությունը հատկապես հերոսականությանը վերաբերող խնդիրների շուրջ քննարկումներ նախաձեռնելու գործում։ «Հերոսները մարդիկ են, որոնք օժտված են կարեկցանքի մեծ ունակությամբ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր, ինչպես հոգեբանները կասեին, կա կարեկցանքի ծայրահեղ պակաս, եւ խորապես ապշում ենք, երբ պատահում ենք մարդկանց, որոնք, տեսնելով մերձավորի ծանր դրությունն ու կարիքը, գործում են կարեկցանքի ավելցուկի շնորհիվ։ Ես չեմ պատկերացնում հերոսականության արմատների շուրջ քննարկման անցկացման համար ավելի տեղին վայր, քան Սեպտեմբերի 11-ի հուշահամալիր-թանգարանն է»,– նշեց բանախոսը։
Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը խոսեց մարտահրավերներով լեցուն իրավիճակներում մարդկանց կողմից հանուն այլոց փրկության ձեռնարկած քայլերի պատմական դրդապատճառների մասին ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան համատեքստում՝ ասելով. «Ահաբեկչական անիմաստ հարձակմանը զոհ գնացածներին ի հիշատակ կանգնեցված այս հուշահամալիրում եւ թանգարանում ենք, որպեսզի մեր երախտիքի, հիացմունքի եւ հարգանքի տուրքը մատուցենք զոհվածներին եւ բազում այլոց, որոնք, ի հեճուկս բոլոր հանգամանքների, ցուցաբերեցին հերոսություն եւ անձնազոհություն»։
2018 թ. Aurora Dialogues նյույորքյան քննարկումների գլխավոր զեկույցում հոգեբան, Heroic Imagination նախագծի հիմնադիր եւ նախագահ Ֆիլիպ Զիմբարդոն բացահայտեց հերոսության եւ հերոսական գործողությունների վերաբերյալ իր իրականացրած հետազոտության հետաքրքրական մանրամասները՝ պարզաբանելով նաեւ, թե ովքեր են հերոսները եւ ինչու աշխարհն ունի նրանց կարիքը։ «Հերոսական գործողության կորիզը բարոյական խիզախությունն է։ Հերոսները Բարու պատվարն են ընդդեմ Չարի՝ իր բոլոր դրսեւորումներով՝ ե՛ւ որպես չար գործողության նախաձեռնողի, ե՛ւ որպես չար անգործության, որ դրսեւորվում է հասարակության անտարբերությամբ եւ անզգայութամբ»,– ասաց բանախոսը եւ հավելեց. «Իսկական հերոսներն իրենց լավագույն հատկություններն ի սպաս են դնում մարդկությանը»։
Քննարկման ընթացքում Դեյվիդ Իգնեյշըզը մասնակիցներին խնդրեց պատմել հերոսության սեփական պատմությունները։ «Մեզոն Շալոմ» խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց Բուրունդիում թութսի եւ հութու ազգությունների միջեւ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ընթացքում իր ձեռք բերած փորձառության եւ կրած տառապանքների մասին՝ ասելով, որ դրական փոփոխությունների ու գոյատեւման բանալին փոխօգնությունն ու համերաշխությունն են. «Ես երբեք չէի կարող հետ քայլ կատարել եւ կողք կանգնել, երբ շուրջս ոճիր էր տեղի ունենում, քանի որ հավատում եմ, որ սիրով ենք մենք դառնում ուժեղ։ Մեր սրտերում բավարար եռանդ, սեր ու կարեկցանք կա փոփոխություններ բերելու համար»։
Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Նավահանգստային վարչական շրջանի ոստիկանության Հատուկ գործողությունների ուժերի պաշտոնաթող լեյտենանտ Բիլ Քիգանը, որը եղել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի որոնողական-փրկարարական ուժերի գիշերային հերթափոխի հրամանատարը՝ աշխատելով դեպքերի էպիկենտրոնում 2001 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ աշխատանքների ավարտը, նշեց. «Եթե մենք հաշվի չառնենք մեզ հետ կատարվածը, մեր անցածը եւ վերապրածը, չվերլուծենք եւ արդյունքում ավելի լավը չդառնանք, ապա ոչ մի կարեւոր դաս յուրացրած չենք լինի։ Մենք պետք է այդ դասերը լավագույնս սերտենք եւ ներկայացնենք դրանք ուրիշներին։ Միայն այդպես կարող ենք անիմաստությունից իմաստ քաղել՝ առաջ մղելով քաղաքակրթությունը»։
Քննարկումն ամփոփեց Ջոն Պրենդերգասթը՝ խոսելով այն մասին, թե դժվարին ժամանակներում մարդիկ ինչպես կարող են եւ պետք է գործողությունների դիմեն՝ հանուն այլոց։ «Փոփոխության բանալին հետեւյալն է՝ ստեղծել եւ ուղղորդել մարդկանց հետաքրքրություններն ու եռանդը դեպի այն կազմակերպությունները, որոնք աշխատում են մեզ հուզող հարցերի հետ։ Որեւէ բան անելու համար դու պետք է միանաս շարժում ձեւավորող այն կազմակերպություններից մեկին, որոնք գործում են շրջակա միջավայրի ոչնչացման, մարդու իրավունքների ոտնահարումների կամ այլ հիմնախնդիրների ուղղությամբ։ Իսկապես հիմնարար նշանակություն ունի այն, որ գտնվեն ոգեշնչող այնպիսի միջոցներ, որ մարդիկ վեր կենան իրենց բազմոցներից եւ ներգրավվեն սոցիալական հիմնախնդիրներում ու շարժումներում»։
Բժիշկ Թոմ Քաթինան, որը Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է, տեսաուղերձ էր հղել մասնակիցներին, որում, մասնավորապես, ընդգծում էր. «Ըստ իս՝ հերոսը մի բառ է, որի կարիքը մենք չունենք։ Մենք չենք ուզում կոչվել հերոսներ։ Այս մականունը մեզ անհարմար դրության մեջ է դնում՝ քեզ ստիպում է զգալ, ասես, միշտ պարտավոր ես հերոսական մի բան անել։ Բայց հերոսության իրական բնույթը, ըստ իս, դա չէ։ Հերոսության նախադրյալներն այն գաղափարի մեջ են, որ յուրաքանչյուր կյանք ունի անգնահատելի արժեք»։
Aurora Dialogues նյույորքյան քննարկումների շարքը եզրափակվեց Flagship Pioneering ընկերության կառավարող գործընկեր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի խոսքով։ Ելույթ ունեցողը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանին՝ քննարկումներն իր հարկի տակ կազմակերպելու համար։ «Մենք սկսեցինք գիտակցել, որ պատերազմներում, ցեղասպանություններում եւ այլ աղետներում մեր եւ այլոց փորձառությունը՝ վերահաս մահվան պայմաններում մարդկանց փորձառությունը, անցնում է միեւնույն ճանապարհով։ Կա ընդհանուր մի թել՝ եթե քեզ տրված է կյանքի երկրորդ շանս, ի՞նչ ես անելու։ Պարզվում է, որ վերապրողների ընտանիքներն ապրում են այս պատմություններով. դրանք չեն մոռացվում։ Եւ կմոռացվեն միայն մի դեպքում՝ եթե կարողանաս դրանք վերափոխել լավ ու բարի մի բանի աղբյուրի»,– ասաց Աֆեյանը։
Նյու Յորքից հետո, Aurora Dialogues հաջորդ քննարկումները տեղի կունենան ապրիլին՝ Մոսկվայում, այնուհետեւ 2018 թ. հունիսին՝ Երեւանում՝ ամենամյա Aurora Dialogues քննարկումներով։