«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250.000 ԱՄՆ դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:
2016 թվականից սկսած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամեն տարի 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակ է շնորհում բացառիկ հերոսների՝ ճանաչման արժանացնելով նրանց կատարած մարդասիրական աշխատանքը: Այս մրցանակը «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի եզակի դրսեւորում է. մրցանակի դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ գումարի 90%-ը նվիրաբերելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Հինգ տարի անց մրցանակը Վերահսկող հանձնաժողովը, խորհրդակցելով «Ավրորայի» դափնեկիրների հետ, որոշել է փոփոխել դրա կառուցվածքը՝ արագ արձագանքելու համաշխարհային մարդասիրական ճգնաժամերին: «Ավրորայի» դափնեկիրները «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի եւ նախաձեռնության համահիմնադիրների հետ կորոշեն, թե հատկապես որ հրատապ խնդրին արձագանքել՝ ուղղելով միջոցներ:
«Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է հակամարտության գոտում շարունակվող մարդասիրական ճգնաժամի պայմաններում, ես գիտեմ, թե որքան խիստ է օգնության կարիքը: Այդ պատճառով ես լիովին աջակցում եմ նման խնդիրների հաղթահարմանը եւ դրանց դեմ պայքարող մարդկանց աջակցելուն առաջնահերթություն տալու որոշմանը»,- նշեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:
Վերջնական փուլում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհամագործակցի այդ տարվա դափնեկրի հետ՝ ընտրելու կամ մշակելու մինչեւ երեք նախագիծ, որոնց կտրվի մասնակի կամ մեկնարկային ֆինանսական աջակցություն: Արդյունքում «Ավրորա» մրցանակից 500.000 ԱՄՆ դոլար կհատկացվի ընտրված ճգնաժամային գոտուն: Մրցանակի մնացած 500.000 ԱՄՆ դոլարը կբաշխվի՝ համաձայն «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կշարունակի նվիրատվության շղթան եւ գումարը կհատկացվի մինչեւ երեք մարդասիրական կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Գումարը կբաշխվի՝ ըստ դափնեկրի առաջարկած չափաբաժինների:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Իսկ հիմա 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները շարունակվում են: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ եւ դրսեւորել են նվիրվածություն ու խիզախություն եւ ունեցել մեծ ազդեցություն:
Լուսանկարում՝ 35-ամյա արցախցի փախստական Ժաննա Պողոսյանն ու 7 երեխաներն են փախստականների կենտրոնում՝ Լեռնային Ղարաբաղն ու կատաղի մարտերը լքելուց հետո: Երեւան, հոկտեմբերի 24, 2020 թ. © Կարեն Մինասյան /AFP, Getty Images