Երկօրյա միջոցառումները՝ ամփոփ

Երկօրյա միջոցառումները՝ ամփոփ

Երեւանյան իրադարձություններին մասնակցելու էին եկել մարդասիրական ոլորտի առաջատարներ, գիտնականներ, մեդիա-փորձագետներ եւ նախկին պետական գործիչներ՝ մեծարելու մարդկայնությունն ու քննարկելու հումանիտար ոլորտի ներկայիս ամենահրատապ մարտահրավերները։ «Ավրորա» մրցանակաբաշխությունը դարձավ այս ամենի գագաթնակետը։ 

Ապրիլի 25, 2016թ.- «Ավրորա» մրցանակաբաշխությանը եւ դրան նախորդող միջոցառումներին մասնակցելու համար Երեւան էին ժամանել ավելի քան 400 հյուրեր։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Խաղաղության տուն» վերականգնողական կենտրոն եւ REMA հիվանդանոց), որն իր հերթին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհը գլխավոր մրցանակն ուղղորդեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմադրամին եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին (Լյուքսեմբուրգ)։

«Այս մրցանակը Բուրունդիի ողջ ժողովրդինն է: Ունենալով այդքան գումար՝ մենք կարող ենք շարունակել օգնել մայրերին՝ կերակրել երեխաներին,- ասաց «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն,- ստանալ այս մրցանակը նշանակում է շատ երեխաների ուղարկել դպրոց, օգնել  վնասվածքներ ունեցող կամ Կիգալի հիվանդանոցում գտնվող երիտասարդներին վերադառնալ համալսարան: Ես երախտապարտ եմ»:

Սերժ Թանկյանի եւ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մեծարանքի արժանացավ այն անձնվեր գործը, որը կատարել են մրցանակի չորս հավակնորդները՝ Մարգարիտ Բարանկիցեն, բժիշկ Թոմ Քաթինան, Սայիդա Ղուլամ Ֆաթիման եւ Հայր Բերնարդ Կինվին։

«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության հատուկ առիթով երեք մյուս հավակնորդները պարգեւատրվեցին 25,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ իբրեւ օժանդակություն այն կազմակերպություններին, որոնք նրանց ոգեշնչել են գործել։

Արարողության ընթացքում ներկայացվեց նաեւ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ)՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ սահմանված «Սկզբունքային լրագրություն» նոր մրցանակը, որը նախատեսված է հումանիտար ճգնաժամերի վրա մարդկության ուշադրությունը հրավիրելու գործին նվիրում ցուցաբերած լրագրողների համար։ Մրցանակը հանձնվեց Նյու Յորք Թայմզ թերթի թղթակից Ռուկմինի Կալիմակիին՝ մարդկայնության դեմ իրականացվող ոճիրների բացահայտման գործում ցուցաբերած բացառիկ ներդրման համար։

Մրցանակաբաշպությանը նախորդել էր  Aurora Dialogues  քննարկումները, որի նպատակն էր աշխարհում ներկայումս տեղի ունեցող հումանիտար ամենահրատապ մարտահրավերների քննարկելումը: Մասնակիցների թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անդամներ, այս թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, մարդու իրավունքների գծով փաստաբան եւ Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադիին եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը։ Քննարկումների թեմաները ներառեցին մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկայիս վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Aurora Dialogues  քննարկումների ընթացքում ներկայացվեցին հատուկ պատվիրված սոցիոլոգիական հետազոտության հետազոտության՝ Humanitarian Index-ի արդյունքները, որն ուսումնասիրում էր հումանիտար հիմնախնդիրների վերաբերյալ հանրային ընկալումները։ Հարցումն իրականացվել է 4,600 անձանց շրջանում եւ վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Քննելով հարցվողների տեսակետները ճգնաժամերի դեպքում միջազգային միջամտության ու պատասխանատվության շուրջ՝ հետազոտությունը փախստականների համաշխարհային ճգնաժամի հարցում ընկալումների եւ իրականության միջեւ մեծ տարբերություն է երեւան հանել։

«Ավրորա» մրցանակը հիմնադրվել է 100 LIVES համաշխարհային նախաձեռնության կողմից։ Այն մեկնարկել է անցյալ տարի՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օգնել են հայությանը գոյատեւել։ 100 LIVES նախաձեռնությունը մեծարումի է արժանացնում մարդկային ոգու տոկունությունը՝ ճանաչում շնորհելով այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք մեր օրերում անձնազոհաբար օգնում են այլոց գոյատեւել եւ հասնել բարօրության։

«Պարզագույն ճշմարտություն է, որ այսօր այստեղ ներկա բոլորս ինչ-որ մեկի բարի գործի արգասիքն ենք,- ասաց «Ավրորա» մրցանակր Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին,- մեր թիկունքում միշտ բարի մարդիկ կան, որոնք չեն անտեսում մեզ կարիքի պահին՝ լինի101 տարի առաջ, թե անցալ տարի: Եթե ուզում ենք շարունակել մարդ մնալ, հայացք թեքելու իրավունքը չունենք»:

Այլ կարեւոր իրադարձություններ՝

  • «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին այցելեց UWC Dilijan քոլեջ, որտեղ հանդիպեց դպրոցի՝ 61 երկրներից ժամանած ուսանողների հետ։
     
  • «Ավրորա» մրցանակի հավակնորդներն ու Ընտրող հանձնաժողովի անդամները Ծիծեռնակաբերդում մասնակցեցին Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությանը, որից հետո այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

www.auroraprize.com կայքում կարող եք գտնել հավելյալ տեղեկություններ «Ավրորա» մրցանակի, դափնեկրի հավակնորդների ընտրության, 2016թ. չորս հավակնորդների, մրցանակի ներշնչման աղբյուրի մասին, ինչպես նաեւ՝ միջոցառումների լուսանկարներ եւ տեսագրություններ։