«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է իր Տնօրենների խորհրդի անդամներին: Նրանք տարբեր փորձառություններ ունեն գործարար եւ հանրային ոլորտներում, բարեգործության եւ հաղորդակցության ասպարեզում: Նրանց փորձը եւ ձգտումը հասնելու էական փոփոխության կարեւոր են մեր նախաձեռնության համար իր առջեւ դրած նպատակներին հասնելու եւ աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված համայնքների համար երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից:
«Ավրորայի» տնօրենների խորհուրդը.
Նուբար Աֆեյան
Դոկտոր Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է եւ գլխավոր գործադիր տնօրենը։ Flagship Pioneering-ն ստեղծում է կենսագիտական ընկերություններ՝ մարդու առողջության ու մարդկային կայուն զարգացման բարելավման նպատակով: Նուբար Աֆեյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ որպես ԱՄՆ ներգաղթյալ տնտեսական եւ գիտական առաջընթացում ունեցած իր ներդրման համար: Նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ մի շարք այլ բարեգործական նախագծերի համահիմնադիրն է։
Աննա Աֆեյան
Աննա Աֆեյանն «Աֆեյան» հիմնադրամի համանախագահն է: Ընտանեկան այս հիմնադրամն առաջարկում է նորարարական լուծումներ՝ ի նպաստ համայնքների ամբողջ աշխարհում: Աննա Աֆեյանը, որին բախտ է վիճակվել ճանաչելու երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանին, 2022 թվականից սիրով գլխավորում է «Վարդան Գրեգորյան» մարդասիրական հիմնադրամը: Նա կենսաքիմիական ինժեների մագիստրոսի աստիճան է ստացել Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում:
Էնթոնի Բարսամյան
Ավելի քան 25 տարի Էնթոնի Բարսամյանը Hutchings Barsamian Mandelcorn փաստաբանական ընկերության կառավարող գործընկերն է, որը զբաղվում է բիզնեսի եւ առեւտրային գործարքների, գույքի եւ հարկերի, ժառանգության պլանավորման հարցերով: Նա նաեւ Gravestar ընկերության նախագահն է: Էնթոնի Բարսամյանը Մասաչուսեթսի համալսարանի (Ամհերսթ) եւ Բոստոնի Սաֆոլքի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:
Էլիս Գրինվալդ
Էլիս Գրինվալդը Memory Matters ընկերության հիմնադիրն ու տնօրենն է, որը ռազմավարական խորհրդատվական ծառայություններ է մատուցում թանգարաններին, հուշահամալիրներին, ավագ ղեկավարներին եւ խորհուրդներին՝ օգնելու համայնքներին զարգացնելու իրենց դիմադրողականությունը տրավմատիկ պատմությունը ոգեկոչելու եւ վավերագրելու միջոցով: 2017 թ. հունվարից մինչեւ 2022 թ. սեպտեմբեր տիկին Գրինվալդը եղել է Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահը եւ գործադիր տնօրենը, որտեղ նա պատասխանատու էր թանգարանի ընդհանուր տեսլականի, ֆինանսական բարեկեցության, կառավարման, երկարաժամկետ կայունության եւ արդիականության համար:
Արա Դարզի
Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավարն է: Նա ղեկավարում է միջառարկայական ակադեմիական եւ քաղաքական հետազոտությունների մի մեծ թիմ՝ հրապարակելով 1.500-ից ավելի հետազոտություններ` ուղղված կոնվերգենցիոն գիտությանը ճարտարագիտության, տվյալագիտության ոլորտներում, մասնավորապես՝ ռոբոտաշինության, զգայականության, պատկերայնության, թվային եւ արհեստական բանականության ուղղություններով: Միաժամանակ նա «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն է:
Էրիկ Էսրայիլյան
Դոկտոր Էրիկ Էսրայիլյանը բժիշկ է, «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր, ներդրող եւ ձեռներեց: Նա հաճախել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանը՝ ինտեգրացիոն կենսաբանության մասնագիտությամբ, լրացուցիչ՝ նաեւ անգլերենի ուղղությամբ: Դոկտոր Էսրայիլյանը ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը եւ «Քլունի» հիմնադրամի խորհրդի անդամ է: Նրա գլխավորած ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվեց Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
Արման Ջիլավյան
2015 թվականից Արման Ջիլավյանը ղեկավարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հայկական փորձառությունը վերածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժման։ Նա ղեկավարում է «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է ըմբռնման համընդհանուր շրջանակ ստեղծել Հայաստանի՝ որպես երկրի, եւ հայության՝ որպես ազգի կայուն զարգացման շուրջ։ Որպես IDeA բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ եւ UWC Դիլիջան միջազգային դպրոցի Կառավարման խորհրդի անդամ՝ Արման Ջիլավյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում զարգացման եւ կրթական մի շարք նախաձեռնություններում:
Լորա Քլայն
Լորա Քլայնը Flagship Pioneering ընկերության ավագ փոխնախագահն է, կորպորատիվ հաղորդակցությունների եւ սոցիալական ազդեցության գործընկեր: Նա պատասխանատու է Flagship ընկերության կորպորատիվ հաղորդակցության ռազմավարության եւ սոցիալական ազդեցության նախաձեռնության մշակման եւ իրականացման համար: Լորա Քլայնը Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում եւ անգլերենի բակալավրի աստիճան՝ Լոս Անջելեսի Լոյոլա Մերիմաունթի համալսարանում: