Հուլիսի 1, 2015թ.- Մեկնարկում է 2016 Тhe Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակի հավակնորդների առաջադրման փուլը։ «Ավրորան» համաշխարհային մարդասիրական ամենամյա նոր մրցանակ է, որը շնորհվելու է այն անհատներին կամ խմբերին, որոնք իրենց վտանգի ենթարկելով՝ օգնել են այլոց գոյատեւել։ Հուլիսից մինչեւ հոկտեմբեր www.100Lives.com/hy/prize կայքէջը մարդկանց հնարավորություն կտա մրցանակի առաջադրելու այն անհատներին, որոնք հաղթահարել են սեփական անձին սպառնացող բազում մարտահրավերներ եւ բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքերի փրկության եւ մարդասիրական պայքարն առաջ մղելու գործում։
Մրցանակի հավակնորդներին գնահատելու համար «Ավրորա» մրցանակը Ընտրող հանձնաժողովում ընդգրկել է արժանի մարդկանց. Նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ օսկարակիր դերասան ու մարդասիրական ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած անձինք են, որոնց միավորում է իրենց նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին։
«Մենք ցանկանում ենք վերհանել խիզախումի եւ ոգեշնչման դեռեւս ոչ շատ հայտնի դրվագներ, -ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- մենք ուզում ենք արժանին մատուցել նրանց, ովքեր պատասխանատվություն են զգացել եւ հանուն մարդասիրության վտանգել են իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար»։
«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի բարեգործության տեսլականն է: Նախաձեռնությունը երախտագիտություն է դրսեւորում այն անհատների եւ կազմակերպությունների հանդեպ, ում հերոսական քայլերը պահպանել են հայերի կյանքը ցեղասպանության տարիներին՝ 100 տարի առաջ: 100 LIVES նախաձեռնությունը պատմում է վերապրածների եւ նրանց փրկողների պատմությունները եւ կարեւորում մարդասիրությունը: Նրանք միասին ցանկանում են ստեղծել մարդասիրական շարժում՝ հրավիրելով մարդկանց ուշադրությունն այն խնդիրների վրա, որոնք հաղթահարելուն են ուղղված աշխարհում հայտնի անհատների եւ կազմակերպությունների հետեւողական ջանքերը:
«Ցավալիորեն, մարդկությունը դեռ շարունակում է տառապել ողբերգական դեպքերից ու խնդիրներից,- ասում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին,- այս մրցանակը նպատակ ունի աշխարհի ուշադրությունը հրավիրել այն մեծ ջանքերի վրա, որոնք գործադրվել են, որպեսզի աշխարհի ամենախոցելի խմբերին օգնեն գոյատեւել մոլորակով մեկ դեռեւս մոլեգնող հումանիտար ճգնաժամերում»:
Դափնեկրին կշնորհվի 100 հազար ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով։ Կազմակերպությունները կարող են լինել շահույթ չհետապնդող տարբեր ոլորտներից, այդ թվում՝ տնտեսական զարգացում, հանրային առողջապահություն, օրենք, կառավարում եւ կրթություն:
«Այս մրցանակը ստեղծվել է, որպեսզի իրական փոփոխություն բերի պայքարի այն ոլորտներում, որոնք մարդկանց ոգեշնչում են վտանգի ենթարկելու իրենց առողջությունը, ազատությունը, վարկանիշը կամ բարեկեցությունը, եւ օգնելու ուրիշներին գոյատեւել եւ հասնել բարօրության: Այս մրցանակը մյուսներից տարբերվում է այն ժառանգությամբ, որը նա ձեւավորելու է մարդասիրական ձեռնարկումները ոգեշնչող կազմակերպություններում ներդնելու միջոցով»,- ասում է «Ավրորա» մրցանակի համանախագահ Էլի Վիզելը:
2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում Ջորջ Քլունին դափնեկրին կհանձնի անդրանիկ մրցանակը։
Առաջադրումների գործընթացը կտեւի 2015թ. հուլիսի 1-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 1-ը: