«Ավրորայի» դափնեկիրը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում

«Ավրորայի» դափնեկիրը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն մասնակցեց այս տարի Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Սոցիալական նպատակների գագաթնաժողովին (Social Good Summit), որին ներկա են եղել ՄԱԿ-ի հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քեթի Քալվինը, դերասան Ալեք Բալդուինը եւ շատ ուրիշներ։ Միավորված ազգերի կազմակերպության եւ Մաշաբլ (Mashable) ընկերության կողմից համակարգվող գագաթնաժողովի պաշտոնական գործընկերներից է նաեւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը։

Աշխարհի ավելի քան 50 նշանավոր առաջնորդների հետ Բարանկիցեն սեպտեմբերի 18-19-ը մասնակցեց այս տարվա՝ «Ինչպիսի՞ աշխարհում եմ ցանկանում ապրել 2030 թվականին» խորագրով քննարկումներին։

Սոցիալական նպատակների գագաթնաժողովը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի շաբաթյակի շրջանակներում անցկացվող ամենամյա միջոցառումներից է, որի նպատակն է ուսումնասիրել աշխարհով մեկ տեխնոլոգիայի եւ նորագույն լրատվական համակարգերի ազդեցությունը սոցիալական նպատակներին ուղղված նախաձեռնությունների վրա։ Երկօրյա քննարկումների շարքին ավանդաբար մասնակցում են աշխարհի մի շարք առաջնորդներ եւ ակտիվիստներ, որոնք հավաքվում են քննարկելու աշխարհի խոշորագույն հիմնախնդիրները ու դրանց լուծման առաջարկները։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիր, բարեգործ Նուբար Աֆեյանի հետ հարցուպատասխանի ընթացքում Մարգարիտը քննարկեց «Սատարել ռիսկային խմբերին՝ ունենալու բարեկեցիկ ապագա» թեման։ Իր դիտարկումներում նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է հատուկ միջոցներ ձեռնարկի եւ օգնի ռիսկային գոտիներում գտնվող հումանիտար աշխատողներին։ «Ես ուզում եմ հույս տալ,– ասաց Մարգարիտ Բարանկիցեն,– ուզում եմ ձեւավորել նոր սերունդ, որը կկոտրի բռնության շղթան։ 2030 թվականի իմ երազանքն այն է, որ մենք դառնանք մի իսկական ընտանիք՝ մարդկային մեկ ընտանիք»։

Նիստը մեկնաբանելով՝ ՄԱԿ-ի հիմնադրամի աշխատակից Ահարոն Շերինյանն ասաց. «Այս քննարկումը հրաշալի օրինակ է, թե մարդկային ոգին ինչպես կարող է պահպանել տոկունությունն ու գործելու կամքը՝ անցնելով աներեւակայելի աղետներով անգամ, եւ թե ինչպես են սերն ու խաղաղությունը, ի վերջո, հաղթանակում ամեն ինչ բան։ Մենք հպարտ ենք, որ Նյու Յորքում հյուրընկալել ենք Նուբար Աֆեյանին ու Մեգիին, եւ 2017 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ՝ մաղթում ենք նրանց ամենայն բարիք»։

Իբրեւ գագաթնաժողովի մաս՝ հատուկ հրավիրյալ մասնակիցների խմբին ներկայացվեցին նաեւ «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության արդյունքները, որն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը փախստականների ճգնաժամի եւ հումանիտար կազմակերպությունների արձագանքի վերաբերյալ։ Հետազոտությունն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության երկօրյա միջոցառումների ընթացքում, որի ավարտին Բուրունդիի «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն պարգեւատրվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակով՝ երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու եւ հազարավոր կյանքերի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար։

Որպես մրցանակի մաս՝ Մարգարիտն ստացել է $100,000 պարգեւ եւ բացառիկ հնարավորություն՝ իրեն ոգեշնչած կազմակերպություններին ուղղորդելով $1,000,000 դրամաշնորհ-մրցանակը։ Դափնեկիրն ընտրել է իր վաղեմի գործընկեր երեք կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ) հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին։

2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017 թվականի փետրվարին, ինչին կհաջորդի ապրիլյան միջոցառումները։ Երեւանում ծրագրված միջոցառումներին մեծարանքի կարժանացվեն մրցանակի հավակնորդները, մարդասիրական ասպարեզի գործիչները քննարկումներ կծավալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների շուրջ, իսկ հանդիսավոր արարողության ընթացքում կհայտարարվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։ 

*Գլխավոր նկարում՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը