«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սեպտեմբերի 24-ին կմասնակցի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (Clinton Global Initiative (CGI)) 2024թ. տարեկան միջոցառմանը:
«Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունը համախմբում է գործարար ոլորտի, կառավարության, քաղաքացիական հասարակության առաջնորդներին մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթաց գրանցելու նպատակով, այդ թվում՝ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն, ներառական տնտեսական աճ եւ վերականգնում, առողջապահական հավասարություն, կանանց եւ աղջիկների լիարժեք ներգրավածություն, մարդասիրական ջանքերը գլոբալ ճգնաժամերին:
«Ավրորան» կմասնակցի «Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով քննարկմանը, որը կարեւորում է աշխարհում խոցելի իրավիճակում գտնվող բնակչության վրա ազդող գործոնների հաղթահարման շուրջ նոր գաղափարների դիտարկումը: Բանախոսներն են Չելսի Քլինթոնը՝ Քլինթոնի հիմնադրամի փոխնախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, եւ դոկտոր Իֆթիքեր Մահմուդը՝ Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիրը:
«Մեր մասնակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության ամենամյա միջոցառմանը թույլ է տալիս միավորել ուժերն աշխարհի ամենահայտնի առաջնորդների եւ բարեփոխոմներ իրականացնողների հետ, որոնք մեծ նվիրումով ջանքեր են գործադրում դիմակայելու մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերները», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: «Ընդհանուր երկխոսության եւ նպատակաուղղված քայլերի միջոցով մենք նպատակ ունենք կարեւորել նրանց, ովքեր ներկայացնում են մարդկության լավագույն շերտը՝ մարդկանց, որոնք խիզախորեն գործում են՝ փրկելու ուրիշներին եւ փոփոխություններ իրականացնելու իրենց համայնքներում եւ դրանից դուրս»:
Նախագահ Բիլ Քլինթոնի կողմից 2005 թ. հիմնադրված «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն ստեղծել է համայնք, որի անդամները ձեռնարկում են քայլեր՝ շոշափելիորեն փոխելու մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում եւ որոնք վստահ են, որ միասին հնարավոր է անել ավելին, քան՝ անջատ: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության եզակի մոդելի միջոցով ավելի քան 10.000 կազմակերպություններ սկսել են ավելի քան 4.000 «Հանձնառություններն` ի գործ» (Commitments to Action)`նոր ծրագրեր, որոնք բարեփոխում են ավելի քան 500 միլիոն մարդու կյանք 180 երկրում:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը լույս է սփռում հումանիտար առաջնորդների վրա, որոնք բարեփոխում են իրենց համայնքները», - նշեց «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Միլնը: «Մեզ համար մեծ պատիվ է այս տարի եւս համագործակցել «Ավրորայի» հետ: Մենք անհամբեր սպասում ենք նրանց դիտարկումներին, թե ինչպես մենք կարող ենք առաջընթաց գրանցել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»:
Բացի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության 2024թ. տարեկան միջոցառմանը մասնակցելուց, «Ավրորան» Նյու Յորքում նախաձեռնել է Aurora Dialogues քննարկում` «Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով: Խաղաղության միջազգային օրը կարեւորելով` այն տեղի կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին զուգընթաց: