«Ավրորա» մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: Aurora Dialogues-ի հիմնական ծրագիրն ամեն տարի անցկացվում է Հայաստանում՝ որպես «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանն ուղեկցող միջոցառումների մաս:
Առաջին Aurora Dialogues-ն անցկացվել է 2016թ. ապրիլի 23-ին Մատենադարանում: Մասնակիցները, որոնց թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին, Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն են ներկայացրել փախստականների գլոբալ ճգնաժամի, հումանիտար գործունեության մեջ կանանց դերի, հումանիտար ճգնաժամերն աշխարհի ուշադրության կենտրոն բերելու գործում մեդիայի դերի վերաբերյալ:
«Լիցքավորելով աշխարհը» խորագրով 2017թ. Aurora Dialogues-ը տեղի ունեցավ Հայաստանում մայիսի 27-28-ին, որի ըհնթացքում բազմաթիվ պատվավոր հյուրեր էին հավաքեվել Հայաստանում՝ քննարկելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բոլորի համար կրթության ապահովումը, մեդիայի դերը աշխարհում հումանիտար խնդիրների ներկայացման գործում, մարդու իրավունքների պաշտպանությունը, դրական օրինակելի կերպարների ձեւավորումը, խոչընդոտներւի հաղթարահումն ու փախստականներին աջակցությունը:
Aurora Dialogues-ի լրացուցիչ ծրագիրը ներառում է կոնֆերանսներ ու հանրային դասախոսություններ, որոնք անցկացվում են ողջ աշխարհում՝ նպատակ ունենալով մեկտեղել բացառիկ փորձառությամբ առաջնորդների եւ ներդրում ունենալ աշխարհում ամենահրատապ հումանիտար խնդիրներին լուծումներ գտնելու գործում:
«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով 2017թ. Aurora Dialogues-ը Բեռլինում անցկացվեց դեկտեմբերի 4-ին եւ 5-ին: Թեման ընտրվել էր ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպական Միության համար դրա կարեւորության պատճառով: Միջոցառմանը ներկա էին հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտների հեղինակավոր դեմքեր, այդ թվում՝ Մերի Ռոբինսոնը, Լեյմա Գբովեն եւ Նորբերտ Լամերտը, որոնք փորձեցին ակտիվ քննարկմամբ գաղափարներ առաջարկել, թե ինչպես Գերմանիան եւ ԵՄ-ն կարող են լուծումներ մատնանշել ամենահրատապ խնդիրների համար, մասնավորապես համաշխարհային միգրացիոն եւ փոխատականների ճգնաժամի համար:
2018թ. Aurora Dialogues-ը Նյու Յորքում անցկացվեց. մարտի 1-ին՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ: Միջոցառման խորագիրն էր «Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը»: Քննարկման հիմնական թեման էր դժվարին իրավիճակներում հանուն այլոց մարդկանց՝ իրենց կյանքը վտանգի ենթարկելու պատրաստակամությունը: