Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ`  «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ  նախաձեռնությամբ

Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ` «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ

Ձմեռային տոներին ընդառաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են Սուրբծննդյան տոնավաճառ՝ համատեղ ջանքերով օգնելու կարիքի մեջ հայտնված մարդկանց: Միջոցառման հիմնական գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Տոնավաճառին մասնակցությունը լավ առիթ է գնահատելու բարի գործն ու առաջ մղելու բարությանը բարությամբ պատասխանելու սովորությունը՝ աջակցելով «Ավրորայի» եւ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերին: Ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ 

«Ձմեռային տոներն ուրախության եւ մեր ընկերների ու ընտանիքի հետ նշելու հրաշալի առիթ են, բայց ես կարծում եմ, որ սա նաեւ հիանալի հնարավորություն է՝ օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այդքան բարեբախտություն չեն ունեցել: Ինչպես գիտեք, «Ավրորայի» հիմքում երախտագիտության համամարդկային գաղափարն է, որին կարող է միանալ յուրաքանչյուրը: Գործով արտահայտելով երախտագիտությունը՝ «Ավրորան» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ոչ միայն վերապրել, այլեւ բարգավաճել եւ բարությանը պատասխանել բարությամբ՝  օգնության ձեռք մեկնելով այլոց: Մասնակցելով մեր Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառին՝ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում վարվելու ճիշտ այդպես՝ միեւնույն ժամանակ անցկացնելով հրաշալի ժամանակ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:  

Սուրբծննդյան տոնավաճառը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 12-ին՝ կիրակի, 10:00-ից մինչեւ 20:00-ը, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան, Հայաստան): Ուրախ մթնոլորտն ու ապրանքների լայն տեսականին՝ գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր եւ այլն, ինչպես նաեւ տոնական ուտեստներն ու ըմպելիքները, Սուրբծննդյան տոնավաճառը ժամանցի յուրահատուկ վայր կդարձնեն ողջ ընտանիքի համար: Մուտքն ազատ է բոլորի համար։ Միջոցառումը կանցկացվի՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ներառյալ՝ դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության ապահովումը: 

«Ձմեռային տոնավաճառները ջերմ ավանդույթ են շատ երկրներում եւ մշակույթներում, դրանք նաեւ հրաշալի տարբերակ են՝ ամենից կարիքավորներին օգնելու համար միջոցների հայթայթման տեսանկյունից: Մենք ուրախ ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ այս միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, քանի որ դեռ այնքան շատ համայնքներ կան աշխարհում եւ Հայաստանում, որոնք խիստ կարիքի մեջ են: Մեր հավաքական պատասխանատվությունն է շարունակել հոգ տանել եւ աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա կարիքը, եւ օգնել կառուցելու ճանապարհը դեպի Կայուն զարգացման նպատակների իրագործում բոլորի համար: Ես հույս ունեմ, որ այս միասնական նախաձեռնությունը կդառնա նաեւ ավանդույթ, եւ միասին կկարողանանք օգնել ավելի շատ մարդկանց»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի գործարար համայնքին, դեսպանություններին, օտար երկրների ներկայացուցիչներին եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ այլ գործընկերների եւ կազմակերպությունների՝ մասնակցելու այս բարեգործական տոնավաճառին: Եթե ցանկանում եք ձեր տաղավարն ունենալ տոնավաճառին, խնդրում ենք կապ հաստատել՝ գրելով [email protected] էլ. փոստին: