Ով է նա
Աշխեն Հովակիմյանը, ով հայտնի է նաեւ Ագնես Հուակիմ անվամբ, ծնվել է 1800-ականների կեսերին, Սինգապուրի հայկական ընտանիքներից մեկում։ Կյանքի ընթացքում դարձել է հայտնի այգեգործ եւ ստեղծել մի ծաղկատեսակ, որն ի վերջո դառնալու էր Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը։
Աշխենը բուսաբանության եւ այգեգործության հանդեպ իր սերը բացահայտել է՝ դաստիարակվելով այնպիսի մի ընտանիքում, որում այդ զբաղմունքը գնահատվում էր. նրա հայրը Սինգապուրի բուսաբանական այգու ղեկավար խորհրդի անդամ էր, իսկ մայրը՝ եռանդուն այգեգործ։ Հովակիմյանների ընտանիքը մշտապես մասնակցում էր Սինգապուրի ծաղկահանդեսին, որում այդ ընտանիքի շատ անդամներ, նաեւ՝ Աշխենը, մրցանակներ են շահել։
1893թ. Հովակիմյանն իր ստեղծած բույսերից մեկը ներկայացնում է Սինգապուրի բուսաբանական այգու տնօրեն Հենրի Ռիդլիին։ Բիրմայական եւ մալայական խոլորձների հիբրիդ «Միսս Հուակիմ» խոլորձը (օրխիդեա) պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է եւ աշխարհում առաջինը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով։
Մոտ 100 տարի անց՝ 1981 թվականին, Հովակիմյանի ստեղծագործությունն ընտրվում է իբրեւ Սինգապուրի ազգային ծաղիկ՝ երկրի պետական խորհրդանիշներից մեկը։ Նրա անունը 2015թ. ներառվում է Սինգապուրի Կանանց փառքի սրահում։
Հետաքրքիր փաստ
Աշխեն Հովակիմյանի աճյունն ամփոփված է Սինգապուրի հայկական եկեղեցու գերեզմանատանը։
Ավելին