Արթուրո Սարուխան Կասամիջանա

Արթուրո Սարուխան Կասամիջանա

Մեքսիկայի Արտաքին գործերի գերատեսչությունում 22 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Արթուրո Սարուխանն այժմ աշխատում է Վաշինգտոնում՝ որպես ռազմավարական գծով խորհրդատու։ 2007-ից մինչեւ 2013 թվականները Սարուխանը եղել է Միացյալ Նահանգներում Մեքսիկայի դեսպանը՝ գլխավորելով Վաշինգտոնի կարեւորագույն դեսպանատներից մեկը եւ ներկայացնելով Մեքսիկայի ավելի քան 100 միլիոն քաղաքացիներին ու Միացյալ Նահանգներում բնակվող ավելի քան 35 միլիոն հայրենակիցներին։

Հայոց ցեղասպանությունից իր տատի փրկության պատմությունը Սարուխանն իմացել է, երբ դեռ պատանի էր։ Ցեղասպանությունը վերապրողի ժառանգ լինելու գիտակցումը «առանցքային դեր է ունեցել պետական ծառայության եւ, մասնավորապես, դիվանագիտության ասպարեզ մուտք գործելու իմ որոշման մեջ»,- ասում է Արթուրոն։

1963թ. Մեխիկոյում ծնված Արթուրո Սարուխանը երկու կողմից էլ հակամարտությունների հետեւանքով գաղթական դարձածների ժառանգ է․ փաստ, որն, ըստ նրա, մեծապես պայմանավորել է դիվանագետ դառնալու իր որոշումը։ Նրա մոր ծնողները կատալոնացի հանրապետական էին, որոնք 1939-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում Իսպանիայի Հանրապետության պարտությունից հետո փախուստի էին դիմել։ Հորական պապը՝ Արթուր Սարուխանյանը, ռուսահպատակ հայ էր եւ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ծառայել էր որպես Ռուսաստանի անցումային կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկու օգնական։ Բոլշեւիկների կողմից նույն տարվա հոկտեմբերին իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Սարուխանյանը հեռացել է Ռուսաստանից։

Ժամանելով Վենետիկ, որտեղ նա դեռեւս պատանի տարիքում ուսանել էր Սուրբ Ղազար կղզու հայկական հոգեւոր ճեմարանում, Սարուխանյանը հանդիպում է նրան, ով հետագայում պիտի դառնար իր կինը՝ Անժել Քրմզյանին։ Ցեղասպանությունը վերապրած Անժելը, փրկվելով թուրքական հաշվեհարդարից, կարողացել էր հայրենի Կոստանդնուպոլսից փախչել Թեսալոնիկե (Հունաստան), իսկ ապա՝ անցնել Իտալիա։

 Արթուրո Սարուխանի հայրը, պապն ու տատը՝ Արթուր Սարուխանյանն ու Անժել Քրմզյանը

Նրանք ամուսնանում են Վենետիկում, սակայն ստիպված են լինում կրկին փախուստի դիմել, երբ իշխանության է գալիս Բենիտո Մուսոլինին՝ ձեւավորելով ֆաշիստական կառավարություն։ Զգալով, որ իրադրությունը վտանգավոր շրջադարձ է կատարում՝ երիտասարդ ընտանիքն ուղեւորվում է Մեքսիկա։ Ու թեպետ նպատակակետն ի սկզբանե Կանադան էր, սակայն երկուսով այնքան են սիրահարվում Մեքսիկային, որ բնակություն են հաստատում մայրաքաղաք Մեխիկոյում։ Արթուր Սարուխանյանը, որն ինը լեզվի էր տիրապետում, համառոտում է իր ազգանունը, որպեսզի մեքսիկական իշխանությունների համար հեշտ լինի այն արտասանելը։

                                 Արթուր Սարուխանյանի Մեքսիկա մուտքի վիզան, 1930թ.


Թվացյալ մահը փրկեց նրան

Ինչպես ցեղասպանությունից մազապուրծ շատերի դեպքում, Անժելի փրկությունը եւս անհավատալի իրադարձությունների արդյունք էր։ 1915-ին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ծայր են առնում հայերի տեղահանությունները, թուրքերը շուրջկալում են Անժելի ընտանիքն ու քշում ծովափ, որտեղ էլ նրանց պիտի սպանեին։ «Մեծ տատս, որին փրկվել չհաջողվեց, կապում է [Անժելի] կուրծքն ու անմիջապես կտրում մազերը, որպեսզի ժանդարմները գլխի չընկնեն, որ իրենց դիմաց աղջիկ է»,- պատմում է Արթուրոն։

Անժելի ընտանիքի անդամների մեծ մասին գնդակահարում են աղջնակի աչքի առջեւ։ Փամփուշտը քերծում է նաեւ Անժելի ճակատը, եւ նրան, մեռած կարծելով, թողնում են դիակների կույտի մեջ ընկած։

Նա հաջողում է ազատվել իր քրոջ, քեռու եւ քեռակնոջ հետ ու հույն ձկնորսների օգնությամբ հատում է ծովն՝ անցնելով Թեսալոնիկե։

Սարուխանը հիշում է, որ տատի հետ շատ ժամանակ էր անցկացնում, սակայն բազում վերապրողների նման՝ տատը եւս չէր սիրում ծավալվել անցյալի տառապանքների թեմայով։ «Տեսածի մասին նա սովորաբար լռում էր,- ասում է Արտուրոն,- եւ հիմնականում պատմում էր պապիս մասին… Իսկ թե ցեղասպանության տարիներին տատս ինչերի միջով է անցել, իրականում իմացել եմ հորիցս ու մորաքրոջիցս։ Տատս ցեղասպանությանն անդրադառնում էր սովորաբար մեզ կարգի հրավիրելու նպատակով, երբ չէինք ուտում կամ ափսեում ուտելիք էինք թողնում»։

 

Պաշտպանելու պարտավորություն

Թեպետ Մեքսիկայում մինչ օրս գոյություն ունի հպարտ ու գործունյա հայերի փոքրաթիվ համայնք, որը ձեւավորվել է ցեղասպանության հետեւանքով, մեքսիկահայության բազմաթիվ ներկայացուցիչներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել են ապրելու Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Արթուրո Սարուխանը, սակայն, համարում է, որ իր հայկական արմատները որոշիչ դեր են կատարել մեքսիկական դիվանագիտության ասպարեզում իր մասնագիտական առաջընթացում։

Մեքսիկայում Սարուխանն ուսանել է միջազգային հարաբերություններ եւ պատմություն, իսկ ամերիկյան արտաքին քաղաքականության գծով մագիստրոսի աստիճանն ստացել է Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի համալսարանում (SAIS)։ 1993-ին նա աշխատանքի է անցել Մեքսիկայի արտաքին գործերի գերատեսչությունում եւ հասել Վաշինգտոն՝ որպես Մեքսիկայի դեսպանատան աշխատակազմի ղեկավար։ Նա եղել է նաեւ երկրի Արտաքին գործերի նախարարության քաղաքական պլանավորման բաժնի ղեկավարն ու Նյու Յորքում Մեքսիկայի գլխավոր հյուպատոսը։ Հետագայում գլխավորել է Վաշինգտոնի կարեւորագույն դեսպանատներից մեկը։

Իր խոսքով՝ նախնյաց փորձառությունն օգնել է իրեն դիվանագիտության ճանապարհին։ Հայկական արմատները «պայմանավորել են իմ նվիրվածությունը 21-րդ դարի կանոնակարգված միջազգային համակարգի հիմնական սկզբունքներին, որոնցից են պաշտպանելու պարտավորությունը (R2P) եւ պատմական հիշողությունը որպես հաշտեցման հիմք ընդունելու անհրաժեշտությունը»։

 

             Արթուրո Սարուխանն ընտանիքի անդամների հետ, Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ

Թեպետ Արթուրոն իրեն համարում է «մոլի ֆուտբոլասեր եւ ֆուտբոլ խաղացող», նրա ուրախության հիմնական աղբյուրն ընտանիքն է։ Կնոջը՝ Վերոնիկա Վալենսիային, նա հանդիպել է Վաշինգտոնում։ Ունի երկու դուստր՝ 10 տարեկան Լայան եւ 7 տարեկան Անին։

Նրա ամենամեծ ձեռքբերո՞ւմը․ «Իմ երկրին ծառայելը եւ, հուսով եմ, երախտահատույց լինելն այն պետությանը, որը բացել է իր դռները թե հորս, թե մորս՝ ապաստան հայցող ընտանիքների առջեւ»։

 
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: