Հայոց ցեղասպանությունը՝ մեկ հայացքով

Հայոց ցեղասպանությունը՝ մեկ հայացքով

Համառոտ ժամանակագրություն՝ Հայոց ցեղասպանության հիմնական դեպքերի ու փաստերի 

Պատմական նախադրյալները. 19-րդ դարի վերջ

 

Ինչպես 1878 թ. Պոլսո Հայոց Պատրիարք Ներսես Բ Վարժապետյանն էր ներկայացնում եվրոպական պետությունների ներկայացուցիչներին՝ Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչությունը, որը գերազանցապես ապրում էր համատարած «հողազրկության, կանանց եւ երեխաների բռնի իսլամացման, հարստահարության, բռնաբարությունների եւ մարդասպանության» մթնոլորտում, պաշտպանության լուրջ կարիք ուներ։ Այդ տարիներին եվրոպական հզոր երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, շարունակաբար ուժգնացող ճնշումներ էին գործադրում Օսմանյան կայսրության վրա՝ քրիստոնյա փոքրամասնությունների դրությունը բարելավելու պահանջով։

1878 թ. հունիսին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո, Օսմանյան կայսրությունն ու եվրոպական ուժերը կնքեցին Բեռլինի դաշնագիրը, որի 61-րդ հոդվածի համաձայն՝ Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կենտրոնական ղեկավարությունը) պարտավորվում էր կյանքի կոչել հայության պահանջած բարենորոգումները հայերի բնակության նահանգներում եւ երաշխավորել նրանց անվտանգությունը։

 

1894-1896

 

Եվրոպայի պահանջով բարենորոգումներն իրականացնելու փոխարեն, Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը նախաձեռնեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած։ Առաջինը խոշոր հարձակման ենթարկվեց Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի (ներկայիս Թուրքիայի մոտավորապես Բաթմանի նահանգի Սասոնի գավառ) հայությունը, որի դիմադրությունը կոտրելով՝ թուրքական բանակն սպանեց 10,000 մարդու։ Սասունը հիմնահատակ ավերվեց, 40 գյուղ հողին հավասարեցվեց։ 1895 թ. սեպտեմբերին ջարդեր սկսվեցին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ), ապա՝ Տրապիզոնում, Երզնկայում (Էրզինջան), Մարաշում (Քահրամանմարաշ), Սեբաստիայում (Սվազ), Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում (Էլազըղ) եւ հայաշատ բազմաթիվ այլ վայրերում։ Ջարդերը գերազանցապես իրականացվում էին Աբդուլ Համիդ II-ի կողմից հատուկ ստեղծված Համիդիե անկանոն հեծելագնդերի կողմից։

1896 թ. բռնությունները տարածվեցին մինչեւ Ուրֆա (Շանլըուրֆա), Շապին-Կարահիսար, Ամասիա, Մուշ, Մարզվան (Մերզիֆոն) եւ այլ քաղաքներ ու գավառներ՝ խլելով ընդհանուր առմամբ 300,000 հայի կյանք։ Մոտ 100,000 հայ բռնությամբ իսլամացվեց, իսկ մոտ 100,000 հայ էլ՝ արտաքսվեց հայրենի երկրից։

 

 

Հուլիս, 1908

 

Հուլիսի 23-ին Օսմանյան բանակի սպայակազմը հաջողությամբ ռազմական հեղաշրջում կատարեց՝ գահից զրկելով «Արյունոտ սուլթան» Աբդուլ Համիդին։ Այս իրադարձությունը մեծ ոգեւություն առաջացրեց հայության շրջանում եւ հույս արթնացրեց, որ երիտթուրքերի եւ նրանց «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության («Իթիհաթ վե Թերաքքը») իշխանության օրոք ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ավելի բարվոք հիմքերի վրա կդրվի, քանի որ նրանք իբրեւ թե ընդունել էին ֆրանսիական հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսները։ Հեղաշրջումից շատ չանցած վերականգնվեց օսմանյան սահմանադրությունը, ինչին հետեւեց խորհրդարանական ընտրությունների մի քանի փուլ։ Հայոց ցեղասպանության նախօրեին հայերն ինը պատգամավոր ունեին եւ ձեւականորեն ավելի լայն քաղաքացիական ազատություններ էին վայելում։

 

Ապրիլ, 1909

 

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց Կիլիկիայի Ադանա քաղաքում թուրք ազգայնականների կողմից կազմակերպված ու հրահրված ամբոխը հայ ազգաբնակչության դեմ մեծ կոտորած ձեռնարկեց։ Թուրքական կանոնավոր բանակը միայն մի քանի օր անց միջամտեց դեպքերին։ Բռնություններն ու ջարդերը Ադանայից տարածվեցին՝ ընդգրկելով Մարաշից (ներկայիս Քահրամանամարաշ) մինչեւ Քեսաբ (այժմ՝ հյուսիս-արեւմտյան Սիրիայում) ընկած բոլոր հայաբնակ վայրերը։ Որոշ տեղերում հայերը կարողացան ինքնապաշտպանվել եւ ողջ մնալ։ Ջարդերն ընթացան մեկ ամիս շարունակ՝ խլելով ավելի քան 30,000 հայի կյանք։

Ի սկզբանե աջակցելով երիտթուրքերի հեղաշրջմանը՝ հայերն սկսեցին թերահավատորեն ու երկյուղով վերաբերել այս նոր, պրոտոֆաշիստական ռեժիմին։

 

1910-ականների սկիզբ

 

Երիտթուրքերի՝ ցեղասպանության միջոցով «Հայկական հարցը» լուծելու որոշումը պաշտոնապես ընդունվել էր դեռեւս 1910-ականների սկզբին, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության բազմաթիվ գաղտնի նիստերի ընթացքում։ Թուրքիայի արեւելյան նահանգների կրթված, տնտեսականորեն կազմակերպված եւ քիչ թե շատ հոծ բնակվող փոքրամասնությունն սկսեց ընկալվել իբրեւ սպառնալիք, քանի որ հնարավորություն էր ընձեռում եվրոպական ուժերին միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին։

Այդ իմաստով շրջադարձային էր 1911 թ. Սալոնիկի համաժողովը, քանի որ դրանում կայացված որոշումները երիտթուրքերի կողմից ընդունվեցին իբրեւ պաշտոնական ռազմավարություն։ Որոշվեց թրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը, ինչը մեծապես ազդելու էր առաջին հերթին հայերի վրա։ Աստիճանաբար, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար եւ 1913-1918 թվականներին Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ գաղտնի հրամանագրեր ուղարկվեցին կայսրության տեղական կառավարման մարմիններին՝ ընթացքի մեջ դնելով հայ բնակչության բնաջնջման մեքենան։

 

Հունվարի 23, 1913

 

Պետական հեղաշրջման արդյունքում պետական կառավարումն ամբողջությամբ կենտրոնացավ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ձեռքում։ «Ղեկավար եռյակը», որի թվում էին ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը եւ ծովային նախարար Ջեմալը, դարձավ Օսմանյան կայսրության դե ֆակտո ղեկավարը։

 

Փետրվարի 8, 1914

 

1912-14 թթ. բանակցությունների ընթացքում եվրոպական առաջատար պետությունների կողմից կազմվեց եւ ներկայացվեց Հայկական բարենորոգումների փաթեթը, որը ստորագրվեց Օսմանյան կայսրության (ներկայացուցիչ՝ Մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշա) եւ Ռուսաստանի միջեւ։ Փաթեթով նախատեսված էր արեւելյան վեց վիլայեթներից (Արեւմտյան Հայաստան) կազմել երկու մեծ նահանգ՝ եվրոպացի ընդհանուր տեսուչների վերահսկողության ներքո, որոնց հանձնարարված էր հայ բնակչության խնդիրների սպասարկումը։

Պատերազմի մեկնարկին նրանցից առաջինը՝ Նորվեգիայի ներկայացուցիչ Մայոր Հոֆը Վանում էր, իսկ երկրորդը՝ Հոլանդիայի ներկայացուցիչ Լուիս Վեսթենենքը պատրաստվում էր զբաղեցնել իր պաշտոնը Էրզրումում։ Հայկական բարենորոգումների փաթեթն ի վերջո չեղյալ հայտարարվեց 1914 թ. դեկտեմբերի 16-ին, երբ Օսմանյան կայսրությունն արդեն մուտք էր գործել Առաջին համաշխարհային պատերազմ։

 

Նոյեմբերի 2, 1914

 

Օսմանյան կայսրությունը միանալով Առաջին համաշխարհային պատերազմին՝ համագործակցեց Եռյակ դաշինքին (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա եւ Բուլղարիա) ընդդեմ Անտանտի (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշինք, որին հետզհետե միացան Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Ռումինիան, Հունաստանը եւ այլ երկրներ)։

 

Ցեղասպանություն. հունվար, 1915

 

Սարիղամիշում (հյուսիս-արեւելյան Թուրքիա, Կարսի մերձակայքում) թուրքական բանակը ջախջախիչ պարտություն կրեց ռուսական զորքերից՝ տալով 70,000 զոհ։ Հունվարի 21-ին հասնելով Կոստանդնուպոլիս՝ Էնվեր փաշան հրապարակային ելույթում շնորհակալություն հայտնեց հայերին Կովկասյան ռազմաճակատում եւ այլուր երկրի նկատմամբ իրենց պարտքը կատարելու համար։ Միեւնույն ժամանակ «Թանին» պարբերականի հրատարակչի եւ Օսմանյան խորհրդարանի փոխխոսնակի հետ ունեցած առանձնազրույցում Էնվերը հայտարարեց, որ կրած ծանր պարտության պատճառը հայերի դավաճանությունն էր եւ որ ժամանակն է զանգվածային տեղահանության ենթարկել արեւելյան վիլայեթների հայությանը։

 

Փետրվար, 1915 թ.

 

Տեղահանությունն ու կոտորածներն արդյունավետ կերպով իրականացնելու համար «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության Կենտրոնական կոմիտեն կազմեց «Գործադիր կոմիտե»։ Դրանում ընդգրկվեցին դոկտոր Նազըմը (1889 թ. «Օսմանյան միասնության ընկերություն» գաղտնի կազմակերպության հիմնադիրներից), դոկտոր Բեհաեդդին Շաքիրը («Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հիմնադիր անդամ եւ ղեկավար, ով գլխավոր դեր կատարեց «Օսմանյան միասնության ընկերությունը» քաղաքական կազմակերպության եւ հետագայում պաշտոնական քաղաքական կուսակցության վերածելու գործում) եւ լուսավորության նախարար Միդհաթ Շյուքրին («Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար)։ Կոմիտեին հանձնարարվեց կազմել հայերի տեղահանությունների ժամանակացույցը ըստ նահանգների եւ աքսորավայրերի, ինչպես նաեւ կազմակերպել տեղահանության ենթակա անձանց վերջնական ոչնչացման համակենտրոնացման ճամբարները։

Թալեաթի հրամանով նախկինում ստեղծված եւ հանցագործներով համալրված «Հատուկ կազմակերպությունը» («Թեշքիլաթը մահսուսե») կոմիտեի անմիջական տրամադրության տակ էր, որը հետագայում դարձավ հայության կոտորածի իրականացման հիմնական գործիքը։ Այդ նպատակով օսմանյան բանտերից ազատ արձակվեցին դատապարտված գողերը, մարդասպաններն ու ավազակները։

 

Փետրվարի 18, 1915

 

«Միություն եւ առաջադիմություն» կուսակցության երկրորդ քարտուղար Բեհաեդդին Շաքիրը նամակներ ուղարկեց կուսակցության նահանգային պատվիրակներին՝ տեղեկացնելով հայերի բնաջնջման ծրագրի վերաբերյալ։

 

Փետրվար 1915

 

Ռազմական նախարար Էնվերի հրամանագրով՝ օսմանյան բանակի տասնյակ հազարավոր հայազգի զինվորներ զինաթափվեցին եւ ուղարկվեցին աշխատանքային ստորաբաժանումներ։ Կարճ ժամանակ անց նրանց բոլորին բաժանեցին 50-100 հոգանոց խմբերի եւ սպանեցին։

 

Մարտ, 1915

 

Երկրով մեկ աշխատանքից ազատեցին հայազգի բոլոր պաշտոնյաներին, իսկ հայ բնակչությանը՝ զինաթափեցին (1908 թ. Սահմադարությամբ հայությանը թույլատրվել էր զենք կրել)։

 

Ապրիլի սկիզբ, 1915

 

Զանգվածային տեղահանության ենթարկվեց Զեյթունը (ներկայիս Սուլեմանլը, հարավ-կենտրոնական Թուրքիայում) եւ Դորթյոլը, ինչպես նաեւ Ալեքսանդրետը (ներկայիս Իսքենդերուն, հարավային Թուրքիայում) եւ Ադանան. բոլորն էլ գտնվում էին կենտրոնական Անատոլիայում՝ Կովկասյան ռազմաճակատից շատ հեռու։ Ձերբակալվեցին Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարները։ Սեբաստիայի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթների հայկական գյուղերի բնակչությունը ենթարկվեց բռնությունների, իսկ նրանց ունեցվածքը՝ թալանվեց։

Կոտորածներ սկսվեցին Վանի վիլայեթի հայկական գյուղերում։ Վան քաղաքի հայությունը հրաժարվեց ենթարկվել նահանգապետի՝ զենքերը վայր դնելու հրամանին։ Օսմանյան բանակն ու քրդական անկանոն ջոկատները պաշարեցին Վանը, իսկ քաղաքի հայ բնակչությունը հերոսաբար դիմադրեց։ Մայիսի սկզբին ռուսական բանակի եւ հայ կամավորական ջոկատների առաջին գումարտակները հասան Վան՝ հարկադրելով թուրքական հրամանատարությանը դադարեցնել պաշարումը եւ հեռանալ։

 

Ապրիլի 24, 1915

 

Կոստանդնուպոլսում ձերբակալվեց երկու հարյուր հիսուն հայ մտավորական եւ ազգային գործիչ, որոնք աքսորվեցին Չանքըրը եւ Այաշ՝ Անկարայի մերձակայքում տեղակայված համակենտրոնացման ճամբարներ։ Նրանց մեծամասնությունը զոհվեց աքսորի ճանապարհին։ Հայազգի մտավորականների եւ ազգային գործիչների ձերբակալության եւ տեղահանության ալիքը տարածվեց երկրով մեկ։ Այս իրադարձություններն են, որ խորհդանշական կերպով համարվում են Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկ. ցեղասպանության, որը տեւեց մինչեւ 1922-23 թվականները։

 

Մայիսի սկիզբ, 1915

 

Ներքին գործերի նախարար Թալեաթը «երկրի տարբեր մասերում ծագած հայկական ապստամբությունների եւ անկարգությունների» պատրվակով իր կաբինետին հրահանգեց օրինականացնել հայերի տեղահանությունը։

 

Մայիսի 9, 1915

 

Օսմանյան կայսրության կառավարությունը որոշում կայացրեց երկրի արեւելքի (հիմնականում հայկական հոծ բնակչություն ունեցող վեց վիլայեթների) ամբողջ հայ ազգաբնակչությունը տեղահանել հարավ՝ Միջագետքի անապատները։

Տղամարդիկ գազանաբար սպանվեցին, իսկ կանայք, երեխաներն ու ծերերը բռնությամբ ուղարկվեցին ժանդարմների ուղեկցությամբ քայլող մահվան քարավաններ։ Տեղահանությունը շուտով վերածվեց հայ բնակչության ուղղակի ահաբեկչության՝ ուղեկցվելով սպանություններով, թալանով եւ բռնաբարություններով։ Տեղահանվածների մեծագույն մասը գաղթի ճանապարհին սպանվեց կամ մահացավ կտտանքներից, հիվանդությունից, քաղցից եւ ծարավից։ Միջինում մարդկանց ընդամենը տասը տոկոսը հասավ Միջագետքի անապատներում տեղակայված համակենտրոնացման ճամբարները, որտեղ եւս գոյատեւելու որեւէ հնար չկար։

 

Մայիսի 22-25, 1915

 

Ստամբուլի Նուր Օսմանիե կենտրոնում Հատուկ կազմակերպության եւ երիտթուրքերի ժողովին Թալեաթը մանրամասնորեն ներկայացրեց հայության տեղահանության, գույքի բռնագրավման եւ հայկական գյուղերի վերաբնակեցման մշակված ձեւերն ու ընթացակարգը։

 

Մայիսի 24, 1915

 

Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան (Դաշնակիցներ) հանդես եկան համատեղ հռչակագրով, որում հայության հանդեպ գործադրված բռնությունները որակեցին իբրեւ մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն։ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարեցին Բարձր դռանն այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների եւ սպանություններում ներգրավված գործակալների անձնական պատասխանատվության մասին:

 

Մայիսի 27, 1915

 

«Միություն եւ առաջադիմություն» կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշում ընդունեց «Ժամանակավոր տեղահանության» մասին, որով օսմանյան կառավարությանը թույլատրվում էր արտաքսել յուրաքանչյուրին, ում «կանխազգում» էին՝ որպես ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու մեջ։

 

Հունիսի 21, 1915

 

Թալեաթը հրահանգեց տեղահանել Օսմանյան կայսրության արեւելյան ինը վիլայեթների «բոլոր հայերին, առանց բացառության»՝ թույլ տալով պահել միայն նրանց, ովքեր «օգտակար» էին պետությանը։

 

 

Հուլիսի 5, 1915

 

Տեղահանության տարածքն ընդլայվեց՝ ներառելով նաեւ կայսրության արեւմտյան նահանգները՝ Անկարան, Էսքիշեհիրը, ինչպես նաեւ Եփրատի հովիտը։

 

Հուլիսի 13, 1915

 

Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունների նպատակը «Հայկական հարցի վերջնական լուծումն է»։

 

Սեպտեմբերի 13, 1915

 

Օսմանյան խորհրդարանն ընդունեց «Լքյալ ունեցվածքի մասին» օրենքը, որով հանձարարվում էր հօգուտ պետության օտարել «պատերազմի եւ քաղաքական արտակարգ պայմանների հետեւանքով տեղահանված հայերի թողած շարժական եւ անշարժ կայքը»: Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Սենատը վավերացրեց «Լքյալ ունեցվածքի մասին» օրենքը։

 

1915-ի ընթացքում

 

Հակառակ օսմանյան կառավարության կողմից իրենց նախաձեռնության իրական նպատակն ու մասշտաբները թաքցնելու ջանքերին, բազում ականատեսներ, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներ, միսիոներներ եւ նպաստամատույցների աշխատակիցներ, աշխարհով մեկ սփռեցին կատարված ոճիրի լուրը։ 1915 թ. օգոստոսին օսմանյան իշխանություններն արգելեցին հայերի կոտորածներն այն վայրերում, որտեղ ամերիկյան հյուպատոսները կարող էին ականատես դառնալ դրանց։ 1916 թ. հունվարին արգելվեց հայերի դիակների լուսանկարումը։

 

1915-ի ընթացքում եւ հետո

 

Հայոց ցեղասպանությունը լայն արձագանք գտավ ժամանակի միջազգային մամուլում։ Միայն 1915 թ. New York Times-ը 145 հոդվածով («Պահանջ Թուրքիային դադարեցնելու կոտորածը» եւ նմանատիպ խորագրերի ներքո) անդրադարձավ հայկական ջարդերին։ Մի դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» բառը դեռեւս ներմուծված չէր, Times (Թայմզ) պարբերականը հայերի հանդեպ գործողությունները որակեց` «համակարգված», «հրահանգված» եւ «պետության կողմից կազմակերպված»։

 

1916

 

Արեւմտյան Հայաստանն արդեն գրեթե ամբողջովին դատարկված էր հայ բնակչությունից։ Առաջխաղացող ռուսական զորքերը թափանցեցին Օսմանյան կայսրության արեւելյան գավառների խորքը։ Էրզրում քաղաքում (որը ռուսական միջավայրում կոչում էին Թուրքահայաստանի մայրաքաղաք) եւ ամբողջ նահանգում գտնվեց ընդամենը մի քանի գերի հայ կին ու երեխա։ Տրապիզոնի (ներկայիս Թրաբզոն, հյուսիսային Թուրքիա) ամբողջ հայությունից մնացել էր ընդամենը մի քանի որբ ու կին, որոնք փրկվել էին հույն ընտանիքների օգնության շնորհիվ։

 

1917

 

Ռուսաստանում տեղի ունեցած Փետրվարյան հեղափոխության հետեւանքով ռուսական զինվորները լքեցին տարածաշրջանը։ Կովկասյան ռազմաճակատում իրադրությունը փոխվեց հօգուտ թուրքերի՝ թույլ տալով երիտթուրքական կառավարությանն անարգել շարունակել հայ բնակչության ոչնչացումը։

 

1918-ի սկիզբ

 

Օսմանյան բանակը գրավեց Երզնկան եւ Էրզրումը։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացածները, որոնք ռուսական զորքի առաջխաղացումից հետո վերադարձել էին իրենց տները, ստիպված եղան կրկին կանգնել բռնությանը դեմ հանդիման։

 

Մարտի 3, 1918

 

Քառյակ դաշինքի (Գերմանիա, Օսմանյան կայսրություն, Ավստրո-Հունգարիա եւ Բուլղարիա) հետ կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով Ռուսաստանը պարտավորվեց հետ քաշել իր զորքերը ոչ միայն Օսմանյան կայսրության տարածքից, այլեւ Կարսի, Արդահանի եւ Բաթումի օկրուգներից, որոնք մինչեւ պատերազմը պատկանում էին Ռուսական կայսրությանը։ Սա երիտթուրքական կառավարությանը հնարավորություն տվեց ցեղասպանության մեքենան տարածել նաեւ Արեւելյան Հայաստանի տարածք։ Դրանից կարճ ժամանակ անց օսմանյան զորքերը գրավեցին Սարիղամիշը, Կարսը եւ մայիսի 15-ին ներխուժեցին Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի)՝ ճանապարհին դաժանորեն սպանելով բոլոր հայերին։

 

Մայիսի վերջ, 1918

 

Բացառապես Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում տարած հաղթանակի շնորհիվ էր, որ հայերին հաջողվեց ապահովագրել Էջմիածնի, Երեւանի եւ մերձակայքի հայ բնակչության, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանից ապաստանած հարյուր հազարավոր գաղթականների կյանքը։

 

Հոկտեմբերի 30, 1918

 

Անտանտի եւ Թուրքիայի միջեւ կնքված Մուդրոսի զինադադարով օսմանյան բանակը հայտարարվեց պարտված՝ հարկադրված էվակուացվելով Կովկասյան ռազմաճակատից եւ հետ քաշվել մինչեւ Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների մինչպատերազմյան սահմանը։

 

Փետրվարի 1, 1919

 

Մուդրոսի զինադադարի կնքումից անմիջապես հետո համաշխարհային հասարակության ճնշմամբ թուրքական նոր կառավարությունը ռազմական դատարան կազմակերպեց Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի կոտորածը կազմակերպած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Դատարանի վճիռը ճանաչեց հայկական կոտորածները եւ ապացուցված համարեց երիտթուրք ղեկավարների կողմից հայերի կազմակերպված սպանությունների փաստը։ Դատարանի որոշմամբ՝ 31 կազմակերպիչներից 4-ը՝ Էնվերը, Ջեմալը, Թալեաթը եւ դոկտոր Նազիմը ճանաչվեցին մեղավոր եւ հեռակա դատապարտվեցին մահապատժի, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման։

 

1920

 

Մուսթաֆա Քեմալը՝ Թուրքիայի նոր առաջնորդը, դադարեցրեց ռազմական դատարանի գործունեությունը, իսկ դրա որոշմամբ մահապատժի ենթարկված նահանգապետերը ճանաչվեցին նահատակներ եւ թուրք ազգի հերոսներ։ Պատերազմի հանցագործ ճանաչվածներից շատերը նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունում շարունակեցին իրենց քաղաքական գործունեությունը։

 

Սեպտեմբեր-հոկտեմբեր, 1920

 

Առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակը կրկնեց օսմանյան զորքերի հարձակումն Արեւելյան Հայաստանի վրա՝ գրավելով Կարսի մարզն ու ռազմակալելով Հայաստանի Հանրապետության տարածքի գրեթե կեսը, այդ թվում՝ Ալեքսանդրապոլը։ Ալեքսանդրապոլի եւ Ախալքալաքի շրջաններում մոտ 30 գյուղ հարձակման ենթարկվեց, իսկ դրանց բնակիչները՝ կոտորվեցին։

 

Հոկտեմբերի 20, 1921

 

Անկարայում ստորագրվեց թուրք-ֆրանսիական դաշնագիրը, որը հանգեցրեց ֆրանսիական զորքերի դուրսբերմանը Կիլիկիայի տարածքից 1921 թ. դեկտեմբերից մինչեւ 1922 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում։ Կոտորածի նոր վտանգից խուսափելով՝ Կիլիկիա վերադարձած 160,000 հայ արտագաղթեց Սիրիա, Լիբանան եւ Հունաստան։

 

Օգոստոսի 10, 1920

 

Փարիզի Սեւր արվարձանում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունները հաշտության պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ։ Թուրքիան, այդ պայմանագրի 88 եւ 89-րդ հոդվածներով, ճանաչում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ազատ եւ անկախ պետություն. «Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։... Թուրքիան որոշման օրից սկսած հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից»։

 

Սեպտեմբերի 9, 1922

 

Թուրքական բանակը ներխուժեց Զմյուռնիա (ներկայիս Իզմիր) եւ կոտորեց 10,000 հայ եւ 100,000 հույն։ Չորս օր անց Զմյուռնիայի հայկական եւ հունական թաղամասերը հրի մատնվեցին։ Հայերին եւ հույներին հրդեհի գոտում շուրջկալված պահելու եւ նրանց փախուստը խոչընդոտելու նպատակով թուրքական զորախմբերը փակեցին ծովափ տանող բոլոր ելքերը։

 

 

Հետագա ընթացքը. հուլիսի 24, 1923

 

Թուրքիայի եւ դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի եւ Ռումինիայի միջեւ կնքվեց Լոզանի հաշտության պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել համաժողովին, քանի որ այն այլեւս չէր ներկայացնում Խորհրդային Միության կազմում ընդգրված Հայաստանը։

Լոզանի համաժողովում քննարկվեց նաեւ Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը (Իսմեթ փաշա, Ռեզա Նուր բեյ) վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում հայկական որեւէ պետականություն ստեղծելու առաջարկները։ Ի վերջո, պայմանագիրը Հայաստանի եւ հայության մասին որեւէ կետ չպարունակեց։ Լոզանի համաժողովն, այսպիսով, ժամանակավորապես փակեց «Հայկական հարցը», իսկ Սեւրի դաշնագրով Հայաստանին հատկացված տարածքները մտան նորաստեղծ եւ էթնիկապես զտված Թուրքիայի Հանրապետության կազմի մեջ։

 

Սեպտեմբեր, 1939

 

Լեհաստան ներխուժելու նախօրեին Ադոլֆ Հիտլերը հայտարարեց. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

 

1943

 

Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների հանդեպ նացիստների գործած ոճիրներին անդրադառնալով՝ հրեական ծագման լեհ հայտնի իրավագետ Ռաֆայել Լեմկինը ներմուծեց «ցեղասպանություն» եզրը, որը հետագայում մանրամասնեցվեց եւ իրավական սահմանում ստացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայում։ Իր հարցազրույցում Լեմկինը նշում է, որ հունարեն եւ լատիներեն արմատներից կազմված այդ բառը նա հղացել է՝ որպես հիմնարար օրինակ ընդունելով հայերի ոչնչացումը թուրքերի կողմից եւ հետադարձ հայացքով այն եւս կոչել է «ցեղասպանություն»։
 

Փաստերի ամփոփումը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի                   

Հայոց ցեղասպանության ժամանակագրությանը, դրան առնչվող վկայություններին, ականատեսների ու վերապրողների հուշերին, արխիվային փաստաթղթերին, մամուլի հրապարակումներին, լուսանկարներին եւ այլ նյութերի ավելի մանրամասն ծանոթանալու լրացուցիր աղբյուրներ.
 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Armenian National Institute

Genocide 1915

The New York Times 

100 Years 100 Facts

Եվրախորհրդարան

Ռաֆայել Լեմկինի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը (տեսանյութ)