logo
ՓԱԿԵԼMenu
Հայկական ոգելից խմիչք

Հայկական ոգելից խմիչք

Բրիտանացիները կարող են իրենցը համարել ջինը, ամերիկացիները՝ բուրբոնը: Իսկ կա՞ն խմիչքներ, որ կարող են համարվել հայկական: Հայերն այնքան վաղուց են ասպարեզում, որ դժվար է վստահ լինել. որոշ հանրահայտ խմիչքներ, ինչպիսիք են գինին ու գարեջուրը, չի բացառվում անգամ հայաստանյան ծագում ունենան: Պատմական արձանագրությունները եւ վերջին հայտնագործությունները վկայում են, որ դրանք հազարամյակներով արտադրվել են Հայաստանում:

Այսօր նորարար մոտեցումներով առաջնորդվող գործարարների շնորհիվ Հայաստանում վերածնվում է ավանդական ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ համադրվելով արտադրության որոշ ժամանակակից միջոցների փորձարարական ներդրման հետ: Ծանոթացեք իրավիճակին եւ վայելե՛ք պատասխանատվությամբ:


ԳԻՆԻ 

                          Տարիների փոշով ծածկված հին գինու շշեր մառանում, Երեւան
 

Ոչ մի այլ ոգելից խմիչք Հայոց աշխարհում այնքան հին պատմություն չունի, որքան գինին. աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը, որը 6100 տարեկան է, հայտնաբերվել է Արենիում: Նաեւ՝ հայկական ոգելից խմիչքներից ուրիշ ոչ մեկի արտադրությունը նույնպիսի մեծ վերելք չի ապրել վերջին տարիներին:

Խորհրդային տարիներին շեշտը դրվում էր քանակի վրա, որակը երկրորդ պլանում էր, եւ արտադրությունը հաճախ ինքնանպատակ էր: Եվ թեպետ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում կարմիր գինի էր արտադրվում, սակայն կարեւորվում էր արտադրության գաղափարը, ոչ թե որակի բարելավումը: Անկախության վերահաստատումից հետո Հայաստանը ժառանգեց գինու թերզարգացած արտադրական կարողությունները: Վերջերս, սակայն, հայ գինեգործներին հաջողվեց առաջատար դիրքեր զբաղեցնել խմիչքի արտադրության ոլորտում, եւ իսկապես՝ նրանք հրաշալի գործ են արել:
 

Կարմիր, սպիտակ եւ վարդագույն
 

Այսօր արտադրվող գինիների բազմազանությունը մեծ է: Դրանք պատրաստվում են ինչպես խաղողի հանրաճանաչ տեսակներից՝ կաբեռնե-սավինյոն, սիրա եւ մուսկատ, այնպես էլ տեղական հայկական տեսակներից՝արենի, խնդողնի եւ ոսկեհատ: Ներկայում աշխույժ արտադրությունը հայացքն ուղղել է ստեղծարար փորձարարությանը՝ ամենաժամանակակից տեխնոլոգիաները համադրելով հայկական գինեգործության ավանդույթների հետ, երբ գինին խմորվում է կարասներում: Աշխարհագրական առումով նույնպես Հայաստանում գինու արտադրությունը սահմանափակ չէ. գինի արտադրվում է ողջ երկրում՝ Արմավիրից ու Արենիից մինչեւ Արցախ:
 

Երիտասարդ գինի (մաճառ)
 

Մաճառը մասամբ խմորված գինին է, որը հիմնականում (բայց ոչ պարտադիր) ստանում են խաղողի սպիտակ տեսակներից: Այն կիսաքաղցր է՝ փոքր-ինչ տտիպ: Մաճառը հազվադեպ է մատուցվում տաք ճաշատեսակների հետ. այն օգտագործվում է թեթեւ ուտեստների հետ կամ առանձին:
 

Քաղցր գինի
 

Հայաստանում արտադրվում է քաղցր գինի՝ հիմնականում նռան: Այս գինին սովորաբար վայելում են ճաշից հետո՝աղանդերի հետ, ինչպես պորտվեյնը կամ այլ դիժեստիվներ:
 


ԲՐԵՆԴԻ (ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ)

 

 

Տակառներում տարիներով հնեցվող կոնյակ՝ անվանակոչված ի պատիվ Հայաստանի եւ այլ երկրների բարեկամության

Հայաստանում հայտնի որպես կոնյակ՝ բրենդին հայկական ոգելից խմիչքների արքան է: Լեգենդի համաձայն՝ Ուինսթոն Չերչիլն այնքան էր սիրում հայկական կոնյակ, որ խորհրդային տարիներին Իոսիֆ Ստալինը նրան արկղերով էր ուղարկում այս խմիչքը:


Բրենդին քամվում է խաղողի տեղական տեսակներից, որոնք առաջատար դիրքում են նաեւ զարգացող գինեգործության մեջ: Այնուհետեւ խաղողի հյութը զտվում է՝ վերածվելով ալկոհոլային խմիչքի, եւ հնեցվում փայտե տակառներում, որոնք էլ կոնյակին հաղորդում են բնորոշ հարուստ բույրն ու գույնը: Հայկական բրենդիի հիասքանչ գույնը՝որպես կանոն կարամելային շագանակագույն երանգով, եւ հարուստ համը հայտնի են ողջ աշխարհում:
 

ՏՆԱԿԱՆ ՕՂԻ

 

 

  Տեղական շուկայում վաճառվող տնական օղի.«տնական օղի` 60 ձիաուժ» գրությամբ
 

Գեղեցիկ շշերով խանութում ցուցադրված ոգելից խմիչքները ներկայանալի տեսք ունեն, սակայն իրական հայկական խմիչք համտեսելու համար պետք է փորձել նաեւ տնական օղին կամ, ինչպես տեղում են ասում, «արաղը»: Եթե Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայի հյուսիսում ինքնաշեն ալկոհոլային խմիչքը թորում են հիմնականում հացահատիկից, ապա Հայաստանում այն պատրաստվում է տեղական մրգից՝ ծիրան, դեղձ, խնձոր կամ հոն: Սակայն հայկական տնական օղիների գլխավորը թթի օղին է: Այն սրտից թույլ մարդկանց համար չէ, սակայն անմոռանալի փորձառություն է երաշխավորում: Եթե, իհարկե, կարողանաք հիշել:

 

ԳԱՐԵՋՈՒՐ

 

 

                      Երեւանյան փաբերից մեկում հաճախորդը վայելում է գարեջուրը
 

Հայաստանում առկա բոլոր խմիչքներից գարեջուրը, թերեւս, ամենաքիչ տարածվածն է: Սակայն մենք գիտենք, որ գարեջրի արտադրությունը Հայաստանում սկսվել է առնվազն 2400 տարի առաջ: Հույն նշանավոր զորավար եւ պատմաբան Քսենոֆոնն իր գրառումներում հիշատակում է, որ արշավանքներից մեկի ընթացքում Հայաստանում գարեջուր է համտեսել: Այսօր գարեջրի արդյունաբերությունն այնքան աշխույժ չէ, որքան խաղողի հումքից պատրաստվող մրցակիցների արտադրությունը, սակայն անկախանալուց ի վեր գարեջրի արտադրությունը նույնպես զգալի առաջընթաց է ունեցել, եւ պարբերաբար թարմացվող տեսականին թույլ է տալիս կանխատեսել այս խմիչքի արտադրության մոտալուտ վերելքը: