Հեղինակ՝ Ռուբեն Ինճիկյան, Ժնեւի Ուեբստեր (Webster) համալսարանի պրոֆեսոր
2013թ.սեպտեմբերի 25-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նշում էր իր հիմնադրի, հայտնի պատմաբան Հովհաննես Ինճիկյանի 100 ամյակը: 1990թ. կյանքից հեռացած Ինճիկյանն իր երիտասարդ գործընկերներին թողել է մարդկային եւ ազգանվեր արժեքների ու գործերի հարուստ ժառանգություն:
Ինճիկյանի գործընկերները կարեւորում են նրա դերը ինստիտուտի ստեղծման եւ կայացման մեջ, իսկ ընտանիքի անդամները, ավելի ավագ գործընկերները եւ հայտնի պատմաբանները հիշում են Հովհաննես Ինճիկյանին՝ որպես վառ հայրենասերի եւ մարդու արժանապատվության պաշտպանի: Առանձնապես կարեւոր է նրա առանցքային դերն այն հայերի հավաքական հիշողության պահպանման մեջ, որոնք զոհվեցին 1915-1921թթ. Մեծ Եղեռնի ժամանակ:
2013 թվականի սեպտեմբերի 25-ի «Արմենիա» հեռուստատեսության եթերով, Հովհաննես Ինճիկյանին նվիրված հաղորդման ընթացքում խոսվեց Ինճիկյանի նամակի մասին՝ ուղղված Խորհրդային Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանին, որը նա գրել էր 1964 թվականին պատմաբաններ Ծատուր Աղայանի եւ Ջոն Կիրակոսյանի հետ: Նրանք առաջարկում էին կառուցել հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի եւ դարձնել այն հիշատակի վայր ապագա սերունդների համար: 1965թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Մոսկվան խոհեմություն ցուցաբերեց եւ ընդունեց Զարոբյանի կողմից հավանության արժանացած հայ հայտնի պատմաբանների առաջարկությունը: Այսպիսով, Հովհաննես Ինճիկյանը դարձավ Մեծ Եղեռնին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախաձեռնողներից մեկը:
Հայաստանում Հովհաննես Ինճիկյանը հայտնի էր դեռ շատ ավելի վաղ՝ որպես մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպան: Երբ 40 տարեկան էր, լինելով Հայաստանի քաղաքական էլիտայի մաս, նա համարձակություն ցուցաբերեց պաշտպանելու Խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգորի Արուտյունովին, ում ստալինյան բռնաճնշումների տարիներին որոշել էին հեռացնել Կենտրոնական Կոմիտեից եւ պատժել: Երբ նիստի մասնակիցների մեծամասնությունը մեղադրում էր Արուտյունովին, Ինճիկյանն ունեցավ քաջություն՝ առաջարկելով գնահատել նրա նվաճումները եւ նոր աշխատանքի նշանակել: Նիստի արդյունքում այն ժամանակվա համար աննախադեպ բան եղավ. Արուտյունովին նույնիսկ չբանտարկեցին: 1953թ. կատարած այս քաջության եւ քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ՝ դեստալինիզացիայի գործընթացից դեռ շատ առաջ, Հովհաննես Ինճիկյանը դարձավ հայտնի անհատ այն ժամանակվա վերնախավի համար՝ համարձակվելով լինել սկզբունքային եւ ոչ թե պատեհ պահն օգտագործող:
Արեւելագիտության ինստիտուտի ստեղծումից հետո Հովհաննես Ինճիկյանն ավելի կենտրոնացավ գիտական գործունեության վրա եւ մասնավորապես գրեց մենագրություններ Օսմանական կայսրության բուրժուազիայի եւ ցեղասպանության սոցիալական հոգեբանության մասին: Այս հիմնարար մենագրությունները ոգեշնչեցին նոր հետազոտությունների: Օսմանական կայսրությունում կապիտալիզմի զարգացման պատմությունը հետազոտելիս՝ Ինճիկյանը եկավ այն եզրակացության, որ Ցեղասպանության նպատակներից մեկն էլ կայսրության արդյունաբերության եւ ֆինանսների զգալի մասը հսկող հայ գործարարների հարստության բռնագրավումն էր: Այդ առումով հիտլերական վարչախումբը հետեւեց երիտթուրքերի օրինակին՝ Հոլոքոստն իրականացնելիս: Դա նույնպես բացատրում է Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածի մասին»՝ որպես արդարացում հրեաներին ոչնչացնելիս: Իր «Ցեղասպանության սոցիալական հոգեբանությունը» գրքում Ինճիկյանը փորձել է բացատրել ռասայական խտրականության եւ ատելության հայեցակարգը, որը հիմք է ծառայում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար եւ բացատրում է, թե ինչու է ամբոխը ժամանակ առ ժամանակ ընտրում փոքրամասնություն ոչնչացնելու ճանապարհը: Վերլուծելով այդպիսի վարքագծի գաղափարական հիմքերը՝ նա եկել է եզրահանգման, որ դա հիմնված է կրթական եւ մշակութային գաղափարների վրա, որոնք քարոզում են գերիշխող էթնիկական խմբի բացառիկությունը, որը թույլ է տալիս վերահսկել եւ ճնշել մյուս էթնիկական կամ կրոնական խմբերին: Եղեռնի դեպքում հայերը դիտվում էին որպես խոչընդոտ ցնորական գաղափարին հասնելու, այսինքն՝ քանդվող Օսմանյան կայսրությունը պանթյուրքիստական ծրագրով փոխարինելու:
Մեծանուն պատմաբան, Եղեռնի նահատակ հայերի հավաքական հիշողության պահպանման պաշտպան պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի գաղափարները պետք է դառնան պայքարի միջոց Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական դիրքորոշման դեմ: Ավելին՝ ռասիզմը, անհանդուրժողականությունը եւ բացառիկության տարբեր ձեւերը շարունակում են ստեղծել լուրջ խնդիրներ մարդկության առաջ, որը կարիք ունի կենտրոնանալ գոյատեւման գլոբալ մարտահրավերների վրա: Այսպիսով, այն ժամանակ, երբ Հովհաննես Ինճիկյանի աշխատանքները հիմնված էին տարածաշրջանային, հայոց պատմության, եւ մասնավորապես 1915-1921թթ. Եղեռնի վրա, իր նախազգուշացումները մնում են արդիական նաեւ այսօր: