Աշխարհում յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը. ո՛չ թե էր, այլ՝ է, քանզի երիտթուրքերի նախաձեռնած ոչնչացման արշավի հետեւանքները դեռեւս մեզ հետ են այսօր` աշխարհով ցրված սփյուռքի համայնքները, որտեղ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները հայրենիքից հեռու տներ են կառուցել: Նրանք նոր կյանք են սկսել Արեւմտյան Հայաստանից հեռու ու կառչել են նոր հնարավորություններից, այսպիսով ձեռնոց նետելով աքսորի հսկայական դժվարություններին եւ հանցագործների ցեղասպանական տրամաբանությանը: Ցեղասպանության հետեւանքները նաեւ հանդես են գալիս մինչեւ 1915թ. հին երկրում ապրելու, բուն ցեղասպանության մասին, թուրքական հանրապետության հիմք հանդիսացած բռնազավթված հայկական ունեցվածքի մասին դառնա-քաղցրահամ հիշողությունների տեսքով: Նրանք ապրում են ցեղասպանության մերժման ու խառնաշփոթի պայմաններում, որտեղ զոհերը դառնում են հանցագործ, որտեղ ճիշտը սխալ է դառնում:
1915թ.-ին շատ մարդիկ գիտեին Հայոց ցեղասպանության մասին: Թերթերը Միացյալ նահանգներից մինչեւ Սկանդինավիա, Չինաստանից ու Ավստրալիայից մինչեւ Հարավային Ամերիկա լայնորեն ու գրեթե իրական ժամանակում լուսաբանում էին իրադարձությունները՝ առաջին էջերին զետեղելով հեռագրեր, հեղինակային սյունակներ եւ վերլուծական հոդվածներ: Նրանք լուսաբանում էին ոչնչացման բոլոր շերտերը՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմի ավելի ու ավելի մարդատյաց դարձող հռետորաբանությունից, հայ ազնվականների ձերբակալությունից, Օսմանյան կայսրությունում ծառայող հայ զինվորների ոչնչացումից մինչեւ մահվան երթեր ու կոտորածներ, որոնք ամբողջացրին ցեղասպանությունը: Բացահայտ ժխտումը կամ այն օրերին ավելի հաճախ հանդիպող ցինիկ ռացիոնալացումը, որն անում էր Օսմանյան պետությունն իր մի շարք արեւմտյան համակիրների հետ, ուղեկցում էր յուրաքանչյուր փուլը, սակայն վստահություն ներշնչող ականատեսների վկայությունների քանակն ու ցեղասպանությունն արձանագրած դիվանագիտական հաշվետվությունները եղել են ու մնում են անհամեմատ ավելի ճնշող:
Սակայն ինչպե՞ս կոչել, իմաստավորել այն բաձրագույն չարիքը, որն անպաշտպան թողեց տղամարդկանց, կանանց ու երեխաներին՝ երեւակայությունից դուրս այդ դաժանությունների զոհերին: Փրկվածները, ականատեսները եւ ժամանակակից դիտորդները բախվել են այս խնդրին: Նրանք դա անվանում են ջարդ, ոչնչացում, «մեծ աղետ» կամ «մեծ ոճրագործություն»: Սկանդինավիայից ու Գերմանիայից շատերը սա նույնիսկ «ցեղասպանություն» են անվանում, օգտագործելով բառեզրի այնպիսի տարբերակներ, ինչպիսին է «folkemord-ը»՝ «մարդկանց սպանությունը», իրադարձությունների հակիրճ ներկայացման համար: Մի քանի տարի առաջ էր, որ լեհական ու գերմանական արմատներով փաստաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց իրավապատմական «Genocide» բառեզրը՝ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած նացիստական Հոլոքոստը, այլեւ Հայոց ցեղասպանությունն ու այլ վայրագությունները նկարագրելու համար: Դանիացի միսիոներ Քարեն Եփփեն, ով Ուրֆայում հայերի արյունոտ ոչնչացման ականատեսը դարձավ, ինչպես նաեւ տեսավ կայսրության հյուսիսից մահվան երթով ընթացող կանանց ու երեխաներին, այս ամենը պարզապես «Մեծ մահ» կոչեց:
Դա Մեծ մահ էր, կասկած չկա: Եվ ինչ-որ առումով դա նաեւ վերջն էր, վերջն էր՝ հարուստ ու բազմազան հայ կյանքի հազարավոր տարիների ու Արեւմտյան Հայաստանի մշակույթի, միլիոնավոր մարդկանց պապենական հայրենիքի: Այդ ամենից հիմա մի չնչին բան է մնացել Թուրքիայում, եթե համեմատենք, թե ինչ գոյություն ուներ ժամանակին:
Սակայն նոր սկիզբը, որքան էլ առաջին հայացքից փխրուն չթվա, հետեւում է ամեն վերջին, ու ներկայիս Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրք է, պետական ձեւավորում կամ անցյալի փառքի մասին հիշողություն: Հայաստանը նաեւ հոգեվիճակ է, վերաբերմունք, վերապրելու ու բարօրության հասնելու կամքի ուժ, որն ամենուրեք կարելի է գտնել ու ստանալ: Այն խորն ավանդույթների ու մշտական կատարելագործման մեջ է, միշտ հարմարվում է նոր հանգամանքներին:
Այսպիսով հայկական կյանքը ծիլ տվեց աշխարհասփյուռ համայնքներում, Հնդկաստանի փոքրիկ եկեղեցիներում, Եթովպիայի արքունիքում, Մարսելի, Լիվերպուլի եւ Մոսկվայի գործարաններում ու խանութներում, Խորհրդային Հայաստանում եւ այսօր՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում: Սա հանդիսավոր ոգեկոչում է պահանջում 2015-ին, ինչպես նաեւ պահանջում է հատուկ ձեւով նշել մոռացության դեմ հաջողությամբ տարվող 100-ամյա պայքարը: Որովհետեւ չնայած ժամանակն ու ժխտողականությունը որոշակի չափով քայքայել են երբեմնի կուռ գիտելիքները ոչ միայն ցեղասպանության, այլեւ հայ մարդկանց հարուստ, կենդանի ժառանգության մասին, սակայն այսպիսի կարեւորության իրադարձություններն ու մշակույթները հենց այնպես չեն կարող անցնել:
Պատշաճ առիթ կա մեր հարգանքի տուրքը մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 1915-ից ի վեր, նրանց, ովքեր վերապրեցին ու հիմք ստեղծեցին, ինչը հայկական կյանքին թույլ տվեց շարունակական լինել, եւ նրանց, ովքեր հիմա ու ապագայում Հայաստանում ու ամբողջ աշխարհում դասեր կքաղեն անցյալից ու առաջ կընթանան՝ կազմակերպելով ավելի լայն իրազեկում ու ստեղծելով ավելի մեծ հնարավորություններ փրկվածների ժառանգների համար ու մարդկության համար, որպես այդպիսին:
Կան, իհարկե, այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են պատմական իրադարձությունների մասին գիտելիքների բացակայությունը, հատկապես՝ Թուրքիայում, որտեղ հայերը պատմությունից դուրս են գրվել կամ դավաճան են ներկայացվել: Գուցե, մի օր թուրքերն իսկապես կնշեն այն խորը հայկական արմատները, որոնք կտրվեցին 1915-ին, արմատներ, որոնք դեռ այստեղ ու այնտեղ ժամանակակից Թուրքիայում դեռեւս տեսանելի են. քաղաքների ճարտարապետության մեջ, ծայրամասերի ցրված փլատակների մեջ, բռնի կերպով ուծացված հայ նախնիներով մահմեդական թուրքերի ու քրդերի մեջ, ովքեր հիմա ցանկանում են վերադառնալ իրենց հայկական ժառանգությանը: Գուցե, մի օր թուրքական պետությունը կհետեւի թուրք քաղաքացիական հասարակության առաջատար մասերին ու կսկսի նշել այն քաջ օսմանյան թուրքերին, քրդերին ու արաբներին, ովքեր ակտիվորեն դիմադրեցին ցեղասպանությանը:
1915-ից հարյուր տարի է անցել, մեկ դար՝ պատմական տեսանյունից այդքան էլ երկար ժամանակ չէ: Նրանց համար, ովքեր հաջողակ եղան ու հասան մեծ տարիքի, սա ընդամենը մի կյանք է: Սա է պատճառի մի մասը, թե ինչու են այսօր շատ հայերի համար վերքերը դեռ արնահոսում. ժամանակը չի բուժել դրանք: Կան մի շարք կարծիքներ, թե արդյո՞ք այդ վերքերը կարող են, կամ էլ՝ պետք է բուժվեն, եւ եթե այո, ապա՝ ինչպե՞ս. փոխհատուցման, ներողություն խնդրելու, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու, տնտեսական ու քաղաքացիական համագործակցության միջոցով, եւ այլն: Այս ամենն աշխարհում հայերի ապագայի մասին շարունակական, օրինական ու խիստ անհրաժեշտ բանավեճի մի մասն է:
Սակայն անցյալ դարի ընթացքում հայերը ցույց տվեցին, որ վերքերն առաջընթացի ու զարգացման համար խոչընդոտ չպետք է լինեն, որ ամբողջ կորցրածի մասին հիշատակը կարող է կողք կողքի ապրել ստեղծարարության, տոկունության, ապագա սերունդների հանդեպ սիրո ու մի օր մի բան լինելու հույսի հետ միասին:Մաթիաս Բյորնլունդ
Մաթիաս Բյորնլունդ. դանիացի պատմաբան-ցեղասպանագետ, «Հայոց ցեղասպանությունը սկզբից մինչև վերջ» (Det armenske folkedrab fra begyndelsen til enden) գրքի հեղինակ: