Արդեն 20 տարի է Արչի Գալենցն ապրում եւ աշխատում է Բեռլինում։ Իր իսկ ձեռքով վերանորոգած տունն ավելի շատ նման է արվեստանոցի, քան բնակարանի։ Սենյակներում՝ բազմաթիվ ռուսական եւ հայկական գրքեր, պատերը՝ զարդարված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատկերներով, ամեն անկյունում՝ մի փոքրիկ քանդակ կամ գեղանկար։
Արչի Գալենցը ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը գեղանկարիչ է, իսկ մորական պապը՝ Նիկոլայ Նիկողոսյանը, քանդակագործ եւ Մոսկվայի Ստրոգանովի անվան գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Հորական պապերը եւս հայտնի նկարիչներ են եղել Հայկական Խորհրդային Հանրապետությունում. ավելին՝ նրանց տունը 1968թ. կառավարության որոշմամբ վերածվել է թանգարանի։ «Նրանց նկարները մինչ օրս հասանելի են հասարակության համար, բայց ոչ՝ իմ ուզած չափով»,- ասում է Արչին, որը դեռ չափազանց կապված է իր պապական տան հետ, որտեղ անցկացրել է ուսանողական վաղ տարիները։ «Երբ եկա Գերմանիա, ծրագրում էի ավարտելուն պես հետ վերադառնալ, որպեսզի պապական տունս վերածեմ մասնավոր թանգարանի»,- տխրությամբ ու ափսոսանքով պատմում է նա։
Մինչ Գալենցը Բեռլինի Արվեստների ակադեմիայում սովորում էր, թե ինչպես վերականգնել նկարները, ինչպես ցուցադրել արվեստի գործերն ու կարգավորել ցուցասրահների լուսավորությունը, ինչպես աշխատել մամուլի հետ, Հայաստանում իրադարձություններն անսպասելի շրջադարձ ունեցան։ «Տունն առանց իմ մասնակցության վերածվեց թանգարանի, եւ տնօրեն նշանակվեց։ Իմ կարիքն այլեւս չկար»,- ասում է Արչին։
«Ընտրություն». Արչի Գալենց, 2002թ. |
Ռուսաստանին նա պետք չեկավ
Խորհրդային Մոսկվայում Արչի Գալենցը, կրելով պապի՝ Հարությունի անունը, փորձեց ընդունվել դիզայնի դպրոց եւ երկու տարի ծախսեց ընդունելության քննություններին պատրաստվելու համար։ «Ես ուզում էի ինչ-որ տարբերվող բան անել, ոչ թե անպայման նկարել։ Դիզայնն ինձ ժամանակակից եւ շատ հետաքրքիր էր թվում»,- վերհիշում է նա։ Գալենցը մերժվեց։ «Բացառիկ զավեշտ՝ ես տապալեցի բոլոր քննությունները,- հետադարձ հայացքով մեկնաբանում է նա,- ինչ-ինչ պատճառներով ինձ չուզեցին ընդունել սովորելու»։ Վեց ամիս անց՝ 1989թ., նա դիմում է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ եւ գլխապտույտ հաջողությամբ ընդունվում. «Ես տեղափոխվեցի Երեւան՝ Արմինե տատիս մոտ, այն տունը, որը պապս էր կառուցել իր ձեռքով։ Ես մինչեւ հիմա դեռ հարազատություն եմ զգում նրանց ու նրանց արվեստի նկատմամբ»։ Տատի գեղանկարները նա վերջերս ցուցադրել է Ստամբուլում անցկացված «GRANDCHILDREN – New Geographies of Belonging» ցուցահանդեսին։
Արչիի տատի՝ Արմինե Պարոնյանի գործերից |
Արմինե Պարոնյանը ծնվել էր 1920թ. Ադաբազարում։ Թեպետ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների ալիքը նվազել, նա չորս տարեկանում կորցնում է հորն ու հարկադրված փախչում Սիրիա։ Մայրն ուսուցչուհի էր, ավագ եղբայրը՝ Արամը, ապագայում դառնալու էր առաջատար ինժեներ՝ խմելու ջրի տեխնոլոգիայի ոլորտում, իսկ ինքը՝ Արմինեն, 1930-ականների վերջերին Իտալիայում շրջագայելիս սիրահարվում է արվեստին։ «Այդ ընթացքում պապս արդեն մեծ հռչակ էր վայելում Մերձավոր Արեւելքով մեկ եւ համարվում էր Լիբանանի ամենաականավոր նկարիչներից մեկը,- ասում է Արչին,- Արմինեն ուղեւորվում է Բեյրութ՝ նրան աշակերտելու, եւ ապա, Նյու Յորքի ցուցահանդեսին պատրաստվելու ընթացքում, դառնում նրա օգնականը։ Իր առաջին ցուցահանդեսը տատս բացում է 1940թ. Հալեպում, իսկ հաջորդը՝ չորս տարի անց՝ Բեյրութում»։
Հարությունն Արմինեից տասը տարով մեծ էր։ Նա ծնվել էր 1910թ. Կյուրինում (Սեբաստիայի նահանգի Գյուրուն բնակավայրը ներկայիս Թուրքիայի կենտրոնական հատվածում)։ Հինգ տարեկանում նա եւս հարկադրված թողնում է իր հայրենի բնակավայրը։ Հայրն սպանվում է, իսկ ընտանիքի մնացյալ մասը կցվում է մահվան քարավանին ու ճանապարհվում դեպի Միջագետքի անապատները։ «Սերնդեսերունդ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ մեր ընտանիքը մանածագործական ֆաբրիկա է ունեցել։ Պապերիս տոհմածառն արմատներով հասնում էր ընդհուպ մինչեւ միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքի արքայատոհմը, սակայն, ցավոք, ապացուցող որեւէ փաստաթուղթ չկա։ Նա, այնուամենայնիվ, ազնվական վարքուբարքի տեր մարդ էր»,- ասում է Արչին։
Հարությունի մայրը, անապատներով քայլելուց չափազանց հյուծված, Սիրիա ժամանելուց շատ չանցած վախճանվում է. «Քույր-եղբայրների հետ պապիս եւս հանձնում են որբանոց։ Այստեղ է, որ ուսուցիչները բացահայտում են արվեստի նկատմամբ նրա սերն ու սկսում են նրան ոգեւորել ու հետամուտ լինել նրա ուսմանը»։
Հարությունը ճամփորդում է Մերձավոր Արեւելքում՝ հռչակվելով որպես նկարիչ, որի ստեղծագործությունները մինչ օրս զարդարում են Բեյրութի հայկական եկեղեցին։ Նրա կյանքում բեկումնային պահ էր, սակայն, 1939թ. Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցությունը։
«Ասում են՝ նա ընկերացել էր նույնիսկ Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլի հետ, երբ վերջինս լիբանանյան իր հենակետից կազմակերպում էր ֆաշիստների դեմ ֆրանսիական դիմադրությունը»,- ասում է Արչին։ 1946թ. Հարությունն ու Արմինեն, որոնք արդեն ամուսնացած էին, ներգաղթում են Խորհրդային Հայաստան։
«Պապս շատ չէր պատմում, թե 1915-ին իր գլխով ինչեր են անցել։ Բայց այդ սարսափները նա փոխանցել է իր նկարներից մեկում, որում պատկերված է գետնին ընկած, սպանված մի կին՝ իր երեխայի գրկում։ Նման ոճրագործություններին ականատես դարձած մարդիկ հաճախ են ներքուստ կուտակված ցասումն արտահայտում արվեստի միջոցով։ Հարությունի նկարներն անսպասելիորեն գունագեղ են ու պայծառ։ Տատիս նկարները եւս աչքի էին ընկնում մարդասիրական տրամադրությամբ ու վեհությամբ։ Թեպետ խորհրդային արվեստի քննադատները տատիս ու պապիս մեջ տեսնում էին հիմնականում ցեղասպանության զոհերի, սակայն նրանք իրականում շատ ավելին էին։ Նրանք ակտիվ կյանք ապրեցին՝ գովերգելով այն»,- շեշտում է Արչին։
Արչի Գալենցի ու նրա հարսնացուի՝ Արմինե Թորոսյանի հարսանեկան լուսանկարը պապի՝ Հարություն Կալենցի եւ տատի՝ Արմինե Պարոնյանի լուսանկարի ֆոնին |
«Ինձ ոգեշնչում է հասարակության՝ դրական փոփոխություն բերելու ներուժը»
Արչին Հայաստանում էր, երբ երկիրն անկախություն հռչակեց։ Նա դարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման քայլերի ականատեսը. «Իմ աշխարհայացքը կայուն կերպով ձեւավորվեց ուսանողական վաղ տարիներիս։ Դա արմատական փոփոխությունների եւ քաղաքական վերելքի ժամանակաշրջան էր։ Այն խոր համոզմունքը, որ հասարակությունն ունի դրական փոփոխություն առաջ բերելու ներուժ, այդ օրերից ի վեր ոգեշնչել ու ոգեշնչում է ինձ»,- ասում է Գալենցը։
Արչի Գալենց. «Դրոշակ», 2015թ. |
Հայաստանում երեք տարի ապրելուց հետո նա հասկացավ, որ պատասխաններ դեռեւս չունի։ «Ինքս իմ մեջ արվեստով լուրջ հետաքրքրվածություն զարգացրի եւ ուզում էի հասկանալ՝ ինչ է արվեստն առհասարակ։ Եվ երբ այդ հարցը տալիս էի, ոչ ոք պատասխան չուներ՝ ոչ ընտանիքս, ոչ էլ համալսարանական պրոֆեսորներս»,- հիշում է նա։ 1990-ականներին ուսանողների փոխանակման ծրագրով Արչին մեկնեց Գերմանիա՝ պատասխան փնտրելու։ Դիմեց Բեռլինի Արվեստի ակադեմիա՝ վիզուալ հաղորդակցություն, ինդուստրիալ դիզայն եւ հումանիտար գիտություններ սովորելու։ Ընդունվեց։ «Ես շատ ժամանակ էի անցկացնում գրադարանում՝ խորանալով արվեստի պատմության մեջ»,- պատմում է նա։ Ավարտելուց հետո Գալենցը բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցավ, արվեստի դասեր տվեց, բազում հոդվածներ գրեց։ 2008թ. բացեց սեփական ստուդիան՝ անվանելով «Interiordasein», որն իր հարկի տակ ողջունում է ինչպես արվեստագետներին, այնպես էլ արվեստի սիրահարներին։ Այսօր դրա ցուցասրահները հպարտորեն ներկայացնում են արդի հայ արվեստի հիանալի մի հավաքածու։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: