logo
ՓԱԿԵԼMenu
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան. ««Ավրորայի» հիմնական սկզբունքներն իրապես համահունչ են Հիսուսի ուղերձին»

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան. ««Ավրորայի» հիմնական սկզբունքներն իրապես համահունչ են Հիսուսի ուղերձին»

2022 թ. հոկտեմբերի 15-ին Սուրբ Ղազար կղզում անցկացվող «Ավրորայի» միջոցառումների շրջանակում Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի է ունեցել աղոթք եւ հոգեւոր համերգ։ Հյուրերին ողջունեցին համաշխարհային հայկական քրիստոնեական համայնքի անդամները, այդ թվում՝ Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Այս աղոթքի եւ խորհրդածության պահին ես հիշում եմ Հիսուս Քրիստոսի հետեւյալ խոսքերը, որոնք արձանագրված են Մատթեոսի Ավետարանում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ արեցիք այս փոքրիկ եղբայրներից մեկի համար, Ի՛նձ համար արեցիք»: Հիսուսն այս խոսքերն ասում է՝ իբրեւ մի հատված քաղցածներին, ծարավներին, օտարներին, աղքատներին, հիվանդներին կամ գերության մեջ գտնվողներին օգնություն ցուցաբերելու մասին գեղեցիկ դասի: Նա հիշեցնում է, Հիսուսն իր ունկնդիրներին հիշեցնում է, որ Քրիստոսն ինքն ապրում է այս տառապյալ մարդկանցից յուրաքանչյուրի մեջ, եւ ամեն անգամ, երբ մենք օգնության ձեռք ենք մեկնում այդպիսի մարդկանց, մենք, ըստ էության, կարեկցանք ենք ցուցաբերում մեր Տիրոջ հանդեպ: Այսօր, երբ մտածում եմ այս խոսքերի մասին, հիշում եմ, թե ինչպես ծնունդ առավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գաղափարը:

Ռուբեն, դու կհիշես մեր զրույցը Նյու Յորքում սուրճի սեղանի շուրջ։ Հիշում եմ, թե ինչպես իմ լավ ընկերներ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանն ունեին Հայոց ցեղասպանության ցավոտ հիշատակն արդյունավետորեն վերաիմաստավորելու արտասովոր մի գաղափար. կարեկցել այլոց՝ Հայոց ցեղասպանության նահատակների անունից եւ ի երախտագիտություն վերապրածների: Եվ ես նաեւ հիշում եմ, թե ինչպես նրանք գործի վերածեցին այս գաղափարը՝ ստեղծելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

«Ավրորայի» հիմնական սկզբունքներն են գործով արտահայտված երախտագիտությունը եւ նվիրատվության շղթան, որոնք իրապես համահունչ են Հիսուսի արտահայտած հզոր ուղերձին. «Քանի որ արեցիք այս փոքրիկ եղբայրներից մեկի համար, Ի՛նձ համար արեցիք»: Նախաձեռնությունն օգնության ձեռք է մեկնում առավել խոցելիներին՝ երեխաներին, կանանց, փախստականներին, եւ դրանով իսկ խթանում է այն գաղափարը, որ երախտագիտությունն ստիպում է մեզ ավելին անել մեր եղբայրների եւ քույրերի համար, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն, քանզի մենք միեւնույն մարդկային ընտանիքի անդամներն ենք։ Այո, մենք միեւնույն մարդկային ընտանիքի անդամներն ենք։

Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենածանր ժամանակաշրջանը, երբ միլիոնավոր մեր որդիներ ու դուստրեր հալածվեցին եւ ստիպված լքեցին իրենց հայրենիքը: Բայց միեւնույն ժամանակ բազմաթիվ բարեգութ անծանոթներ, ոգեշնչված մարդասիրության ոգով, օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին՝ մեղմելով նրանց ցավն ու փրկելով նրանց։ Դա Աստծո կամքն էր, եւ Տիրոջ շնորհիվ մենք այսօր այստեղ ենք: Ինչպես Հիսուսը ցույց տվեց մեզ, Աստված ցանկանում է, որ մեր կյանքը լցվի ողորմությամբ, սիրով եւ կարեկցանքով: Կյանքի ողբերգական փաստն է, որ աղետները, պատերազմները, հակամարտությունները շարունակում են կորուստներ եւ տառապանք պատճառել աշխարհին, բայց մեզ առաջնորդող բարությամբ եւ կարեկցանքով մենք կարող ենք քայլել ավելի լավ ապագա տանող ճանապարհով դեպի նոր հույս եւ տեսլական: Դա հենց այն տեսլականն է, որն «Ավրորա» մրցանակն ստեղծողները ներկայացրին ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ ձեռնարկել գործողություններ վայրագություններն ու մարդկային տառապանքն արմատախիլ անելու համար: Այսօր մեր շնորհակալությունն ու գնահատանքն ենք հայտնում այս կարեւոր եւ աստվածահաճո նախաձեռնության հիմնադիրներին, ինչպես նաեւ նրա բոլոր աջակիցներին։

Թող որ դուք շարունակեք հաջողել կենսափրկիչ ձեր առաքելության մեջ: Այն, ինչ անում եք, առաքելություն է, եւ թող մեր Տիրոջ շնորհը լինի բոլորիդ հետ։ Ամեն»: