Ուղիղ հարյուր տարի առաջ հայերի հետապնդումներն Օսմանյան կայսրությունում հասան գագաթնակետին: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի քաոսից` կայսրության երիտթուրք իշխանությունները 1915թ. Արեւմտյան Հայաստանում կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ 1918թ.-ից շարունակեցին կոտորածներն Արեւելյան Հայաստանում` հատելով ռուս-թուրքական սահմանը:
«Իրականում ցեղասպանության թեման անդրադարձել է գրեթե ողջ ընտանիքիս վրա: Հայրիկիս ողջ հարազատությունը սերում է Արեւելյան Հայաստանից. հորս պապը Կարսից դեպի հարավ գտնվող Կաղզվանից էր: Ընտանիքն այդ վայրերը լքել էր դեռ ցեղասպանությունից առաջ: Հնարավոր ջարդերից խուսափելով` դեռ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը հարազատները տեղափոխվել էին եւ հաստատվել սահմանից հեռու` Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի): Ապուպապիս (պապիկիս պապի) անունը Եգոր Մազմանյան էր, Գյումրիում նա սրճարաններ ուներ, որտեղ գերմանացիներ էին աշխատում: Այնտեղ եվրոպական թխվածքներ էին մատուցվում եւ վաճառքի համար տնական մուրաբաներ էին պատրաստում: Կարծում եմ՝ այն ժամանակ դա արտասովոր բան էր:
Եգոր Մազմանյանի եւ Հայաստան Վիրաբյանի հարսանեկան լուսանկարը |
Հայրիկիս մորական կողմի ընտանիքը, նախապապս ու նախատատս` Գարեգին եւ Թազագյուլ Առաքելյանները, նույնպես Կարսից են սերում,- պատմում է Աննա Մազմանյանը,- Գարեգինն այն մարդկանցից էր, ովքեր կարողանում են պլանավորել, ինչի շնորհիվ էլ շուտ հասկացավ, որ իրավիճակը վատթարանալու է, հայերին դժվարին ժամանակներ են սպասում, եւ անհրաժեշտ է ապաստան փնտրել: Նա վաճառական էր, եւ ասում են՝ ապրանքների տեղափոխման համար անգամ նավ ուներ, ահա եւ ընտանիքը տեղափոխեց Թբիլիսի, Վրաստան»:
Հայոց ցեղասպանության ողբերգությունն էլ ավելի մեծ ազդեցություն է ունեցել Մազմանյանների ընտանիքի մորական կողմի վրա: Այս պատմությունն Աննային հայտնի է տատիկի պատմածից, եւ նա այնքան վառ է ներկայացնում պատմությունը, ասես ինքն է վերապրել այդ հեռավոր անցյալի իրադարձությունները:
«Մեծ տատիս անունը Թամարա Արզումանյան էր, նրան շատ լավ եմ հիշում, նաեւ հիշում եմ նրա պատմությունները: Կարելի է ասել՝ այդ պատմություններով եմ մեծացել: Նախատատս ծնվել է 1907թ. Իգդիրում` ռուս-թուրքական սահմանի մոտ: Ցեղասպանության ժամանակ նա դեռ երեխա էր, եւ մանկական հիշողությունն արգելափակել էր բոլոր բացասական պահերը: Թերեւս, հենց դա էր պատճառը, որ նա շատ մանրամասն չէր ներկայացնում բուն գաղթը, փոխարենը` շատ էր խոսում այն մասին, թե ինչպես էր ապրում իր ընտանիքը, ինչպիսի տուն ունեին, եւ ինչպես էին իր դայակները ֆրանսերեն խոսում:
Նա ընտանիքի 12 երեխաներից 10-րդ էր, նրանից հետո երկու տղաներ էլ էին ծնվել: Թամարան շատ սիրված երեխա էր, հայրը նրա նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք ուներ: Հիշում եմ նրա խոսքերը. «Չնայած ընտանիքում 10 աղջիկ կար, իսկ մեր հայրը` Տիգրանը, միշտ տղա էր ուզում, բայց ամեն դստեր ծնվելուց հետո նա գալիս էր մեր մայրիկին շնորհավորելու, զուռնա եւ դհոլ նվագող երաժիշտներ էր վարձում»: Նա քաղաքով մեկ խանութներ ուներ»,- տատիկի պատմածներն է հիշում Աննան:
Չորս սերունդ՝ Թամարա Արզումանյանը (նախատատը), Իրինա Դարբինյանը (տատը), Սիրանուշ Գաբրիելյանը (մայրիկը) եւ Աննան |
Ջարդերից առաջ Իգդիրում Տիգրան Արզումանյանի (Արզումանենց) կյանքի մասին իր հուշերում պատմում է նաեւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, որը հայրենի քաղաքին նվիրված բազմաթիվ կտավներ ունի. «Մարդիկ անհասկանալի տագնապ էին զգում, մի տեսակ ծանր շնչառություն, ինչ-որ անհասկանալի բան կար օդում եւ տագնապ, ինչ-որ անբացատրելի բան, եւ ոչ ոք չէր կարող բացատրել դա: Այդ զգացողությունը բացարձակ չէր կապվում ժողովրդիդ` նրա զարմանալի... սառնասրտության հետ ասեմ, թե գուցե անտարբերության հետ... Սակայն ոչ այդ տագնապը, ոչ «ծանր շունչը» չէին կարող խանգարել 10 դուստր ունեցող նույն Արզումանենց Տիգրանին, որ երեկոյան նստի պատշգամբում, վայելի Մասիսից իջնող հովը, սիրված մուրաբայով թեյ ըմպի եւ` իրական զրուցակցի բացակայության պարագայում` մտավոր մենախոսություններ արտաբերի»:
Սակայն «ծանր շնչառությունը» հասավ նաեւ Իգդիր: Քաղաք սկսեցին ժամանել տասնյակ հազարավոր հայ փախստականներ Արեւմտյան Հայաստանից: Սկսվեց սովը, բռնկվեց խոլերայի համաճարակը: Շուտով իգդիրցիներն իրենք էլ ստիպված էին լքել սեփական քաղաքը`հարձակվող թուրքերը ճանապարհին կոտորում էին բոլորին:Իգդիրի փողոցները ծածկվեցին դիակներով:
Աննայի ընտանիքը կոտորածից փրկվել է զորավար Դրոյի շնորհիվ |
Դրաստամատ Կանայանը՝ Դրոն 20-րդ դարասկզբի հայկական ազգային ազատագրական շարժման ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն էր, որն իր աշխարհազորայինների հետ պաշտպանել է քաղաքացիական բնակչության նահանջը։
Թուրքերի՝ Իգդիր մուտք գործելուց ոչ շատ առաջ Դրոն գիշերը եկել էր Արզումանյանների մոտ եւ ասել. «Փրկվելու համար մի քանի ժամ ունեք»։ «Այդ գիշեր փոքր եղբորը քնած թողել էին օրորոցում։ Թամարայի ծնողները՝ Տիգրանն ու Հայկանդուխտը, կեսճանապարհին են գլխի ընկել այդ մասին, խառն իրավիճակում կարծել են, որ ծառաներից կամ դայակներից մեկը կվերցնի երեխային։ Զինվորականներն ստիպված են եղել վերադառնալ եւ վերցնել փոքր տղային»:- տատիկի պատմածն է փոխանցում Աննա Մազմանյանը։
Թամարա տատիկը պատմում էր, թե ինչպես են նրանք իրեր հավաքել, կարծել են, որ ընդամենը մի քանի օրով են հեռանում։ Չէին գիտակցում, որ ընդմիշտ են հեռանում։ Հետագայում նա ասում էր թոռներին. «Մեր ընտանիքի բոլոր արժեքավոր իրերը թաքցրել ենք տան մոտ` ընկուզենու տակ»։ Եվ նկարագրում էր այդ ամենը՝ տունը, ծառը։ Զգեստների փեշերի տակ կարել են թանքարժեք իրերը։ Թամարան գիտեր, որ հայրը նաեւ շվեյցարական բանկերում հաշիվներ ուներ, սակայն Խորհրդային Միության տարիներին վախենում էին խոսել հարուստ լինելու մասին։ Աննայի խոսքով՝ տատիկը երբեք վատ չէր խոսում թուրքերի մասին, չէր հիշում պատճառած վիշտը։ «Բայց միեւնույն ժամանակ, չնայած նա թուրքերեն գիտեր, որեւէ բառ թուրքերեն չի ասել,- հիշում է Մազմանյանը,- երբեմն ուզում էր պատառաքաղը կամ հացը թուրքերեն անվանել, բայց զսպում էր այդ ցանկությունը»:
Զգուշացումից հետո ընտանիքը գաղթել է Էջմիածին, այնուհետեւ՝ Երեւան։ Նրանք Ամերիկա տեղափոխվելու հնարավորություն ունեին, բայց Աննայի ապուտատը՝ Հայկանդուխտը, կտրականապես հրաժարվել է` ասելով, որ պետք է մնան հայրենի հողի վրա, քանի դեռ ունեն այն։
Աննայի խոսքով՝ իր նախատատ Թամարան մինչեւ կյանքի վերջին օրը պահպանել էր գեղեցիկ իրերի հանդեպ սերը։ «Երեւանում՝ Թումանյան փողոցի վրա, մեծ տատս շատ գեղեցիկ բնակարան ուներ, այնտեղ մեծացել է իմ տատիկը՝ Իրինա Դարբինյանը,- պատմում է Աննան,- այժմ հասկանում եմ, որ նախատատս փորձում էր վերականգնել Իգդիրի իրենց տունը, այդ պատճառով էլ մեծ ուշադրություն էր դարձնում կտորեղենին, սպասքին, կահույքին»։
Աննայի մորական կողմի նախապապի՝ Դավիթ Դարբինյանի ճակատագիրն էլ ավելի ողբերգական էր։ Նա նույնպես Իգդիրում էր ծնվել, սակայն նրա բարեկամները չէին հասցրել հեռանալ մինչեւ կոտորածները։ «Ամբողջ ցեղից միայն ինքը եւ իր մայրն էին փրկվել: Նրանք գաղթել էին Մրգաշատ գյուղ, որտեղ նրանց ապաստան էր տվել տեղացի մի ընտանիք: Նրա բոլոր բարեկամներն ապրում էին հարեւան տներում, այնուհետեւ նրանց տարան պատերազմ, որտեղ եւ զոհվեցին: Ապուտատս վաղ է մահացել, եւ Դավիթին, փաստորեն, մեծացրել է Օսան անունով մի աղջիկ, որը նրանց ընդունած ընտանիքից էր: Նա Դավիթից ընդամենն ութ տարով էր մեծ, բայց ամբողջ ընտանիքն աղջկան ընկալում էր որպես նրա մայր:
Դավիթ Դարբինյանը՝ Աննայի նախապապը |
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նախապապս Իրանում էր ծառայում,- ասում է Աննան,- Հայաստանում, ինչպես ամենուր այդ ժամանակ, կյանքը շատ ծանր էր։ Դավիթը հաճախ հնարավորություն ուներ մթերք ուղարկել տուն. կարագ, չրեր, ձավարեղեն, իսկ նախատատս մուտքի բոլոր բնակիչների համար ճաշեր էր պատրաստում, կերակրում էր հարեւաններին»։
Աննան հիշում է, թե ինչպիսի ճաշկերույթներ էր իր տատիկը կազմակերպում ամբողջ ընտանիքի համար. «Թամարա տատիկը հիանալի մարդ էր. անկախ նրանից, թե ինչեր էր վերապրել, նա միշտ կենսուրախ մարդ էր, ընկերական շրջապատի ոգին։ Նրա տունը միշտ հյուրեր կային, եւ նա լավատես էր»։ Մազմանյանի խոսքով՝ իր տատիկը համարում էր, որ իրենց ընտանիքի հաջորդ սերունդը պետք է նախորդից ավելի հաջողակ լինի։ «Եվ ես փորձում եմ ապրել այնպես, որ նախնիներիս արժանի լինեմ, չհիասթափեցնեմ նրանց»,- ասում է Աննան։
Աննա Մազմանյանը համոզված է, որ ձուլման վտանգը չի սպառնում հայերին, քանի դեռ գոյություն ունեն կրոնն ու լեզուն: Վերջերս Աննայի որդիները`6 եւ 7 տարեկան, սկսել են հայերեն սովորել եւ հարցեր տալ նրան հայ լինելու եւ Հայաստանում ապրելու մասին.
«Աշխարհը փոխվել է. կարող ես ցանկացած վայրում ապրել, որտեղ սովորում ես, աշխատում ես կամ այնտեղ, որտեղ քեզ հարմարավետ ես զգում: Բայց միեւնույն ժամանակ՝ մշտապես պետք է հիշես, թե ով ես դու, որտեղից, եւ ովքեր են քո նախնիները, պետք է իմանաս նրանց անունները, իմանաս քո լեզուն, գիրն ու պատմությունը»:
Աննա Մազմանյանը |
Որպես «Food Adventures» խոհարարական նախագծի հիմնադիր եւ խոհարար՝ Աննան համոզված է, որ հայերի ինքնության երրորդ սյունը խոհանոցն է. «Տեսություն ունեմ, որ հայերին նաեւ խոհանոցն է օգնել գոյատեւել: Այդ իսկ պատճառով խոհարարական արվեստն ուսումնասիրելու եւ զարգացնելու ընթացքում սկսեցի մտածել Հայաստանի մասին, որտեղ մեծ ներուժ կա, սակայն գրեթե բացակայում է խոհարարական ավանդույթներն իրականացնելու հնարավորությունը: Նույնիսկ տեղի բնակիչները շատ քիչ բան գիտեն ազգային խոհանոցի մասին: Եղել է (եւ այժմ էլ գոյություն ունի) կենցաղային, խորհրդային-հայկական խոհանոց, իսկ բազմաթիվ ազգային ուտեստներ դադարել են պատրաստել»:
Աննան ինքը ջանում է հետեւել ոչ միայն խոհարարական, այլեւ կրոնական ու պատմական ավանդույթներին, որոնք, նրա կարծիքով, մի ամբողջություն են կազմում. «Ես, օրինակ, տոնական օրերի համար աշխատում եմ պատրաստել ավանդական ուտեստներ, որովհետեւ տոնական սեղանը, համի զգացումները, տպավորվում են երեխաների հիշողության մեջ: Ինձ համար դա շատ կարեւոր է: Երեխաները կհիշեն, որ Զատիկը, օրինակ, միշտ ձուկ է, չրերով փլավ, ներկած ձվեր, բրդուճներ դրանցով: Ե՛վ լեզուն, ե՛ւ պատմությունը, ե՛ւ համի այդ զգացումները մշտապես կհիշեցնեն, թե ովքեր են իրենք»:
Ինչո՞ւ ենք մենք ուտում հենց այսպիսի աղանդեր, այլ ոչ՝ ուրիշ: Որովհետեւ սարի ժողովուրդ ենք, եւ մեր նախնիները թխում էին հենց այնպիսի կարկանդակներ, որ հովիվները կարող էին վերցնել իրենց հետ, եւ դրանք կպահպանվեին:
Ընտանեկան հնագույն ավանդույթների պահապան Աննա Մազմանյանը վստահ է, որ հայ ազգը մեծ ապագա ունի «գոյատեւման գենի» շնորհիվ. «Երբ իմ որդիների մոտ ինչ-որ բան չի ստացվում, երբ նրանք բողոքում են, ես նրանց ասում եմ. «Ձեր նախնիներն անցել են սարսափելի ժամանակների միջով, գոյատեւել են, չեն կորցրել սեփական անձի նկատմամբ վստահությունը ոչ նրա համար, որ դուք բողոքեք մանրուքներից»:
Հայերն ինքնակրթվող ժողովուրդ են, բայց շատ ենք սիրում հետ նայել: Կարծում եմ՝ չենք կարողանում առաջ նայել, չենք տեսնում հեռավոր կետը հորիզոնում: Համոզված եմ, որ զարգանալու համար պետք է ինքներս մեզ ասենք. «Եկեք վայելե՛նք կյանքն այժմ, բայց 30 տարվա պլաններ կազմենք»»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: