Անդրե Աղասի. թենիսի աստղ

Անդրե Աղասի. թենիսի աստղ

«Սովորական ծանր աշխատանքին ոչինչ չի կարող փոխարինել»

Ով է նա

 

Անդրե Աղասին բոլոր ժամանակների խոշորագույն թենիսիստներից մեկն է։ BBC-ն նրան նկարագրում է որպես «սպորտի պատմության մեջ երեւի թե մեծագույն համաշխարհային աստղը»։ Նա «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Համաշխարհային չեմպիոնատի ֆինալում եւ Օլիմպիական խաղերում։

Թենիսի աշխարհ Անդրեին առաջնորդել է հայրը՝ իրանահայ Էմանուել «Մայք» Աղասին։ Ընտանեկան ազգանունն սկզբնապես եղել է Աղասյան, սակայն խտրականությունից ու ճնշումներից խուսափելու նպատակով նախնիներից մեկն այն վերափոխել է Աղասիի։ Անդրեն  դեռեւս իր մանկության տարիներից պատրաստվել է պրոֆեսիոնալ խաղին, ուր մուտք է գործել 16 տարեկանից։ Չնայած այն փաստին, որ նա ծնվել էր ողնաշարի սպոնդիլոլիստեզով (ողերի տեղաշարժ), ինչը հանգեցրել էր մեջքի տանջալի ցավերի ի հայտ գալուն, նա իր կարիերայի վաղ տարիներից իրեն դրսեւորել էր իբրեւ մեծ ներուժի տեր սպորտսմեն։ Արդարացնելով սպասումները՝ նա հաղթել է 870 խաղ եւ մի քանի մրցաշար, այդ թվում՝ Մեծ սաղավարտում։

Վաղ տարիներից դրսեւորած խարիզմատիկ անհատականությունը նրան թույլ է տվել դառնալու բազմաթիվ գովազդային արշավների դեմքը։ Աղասիի ինքնօրինակությունը, որը տեսանելի է ինչպես խաղադաշտում, այնպես էլ պարբերականների շապիկներին ու հեռուստատեսային գովազդներում, նրան հայտնի է դարձրել նաեւ թենիսի ոլորտից դուրս եւ գրավել է այնպիսի լսարանի ուշադրությունը, որի համար սպորտը մինչ այդ եղել է չափազանց անհետաքրքիր։

Պրոֆեսիոնալ սպորտից հեռանալուց հետո Աղասին բնակություն է հաստատել հայրենի Լաս Վեգասում, իր կնոջ՝ Շտեֆի Գրաֆի հետ, ով եւս թենիսի չեմպիոն է։ Մի քանի բարեգործական եւ բիզնես ձեռնարկումներին զուգահեռ, նա հիմնել է Անդրե Աղասի քոլեջի նախապատրաստական ակադեմիան (Andre Agassi College Preparatory Academy).

Հետաքրքիր փաստ

Ինքնակենսագրության մեջ Աղասին խոստովանում է, որ ատել է թենիսը։

Ավելին

Andre Agassi Foundation for Education

Biography: Andre Agassi