«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։
Ով է նա
Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Անդրանիկ է կոչում, հռչակավոր եւ բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։
Լքելով Օսմանյան կայսրությունը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնում է արեւելքում՝ Արցախի, եւ հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան եւ զորավար Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։
1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, եւ կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։
Անդրանիկը մահացել է Կալիֆորնիայում, սակայն նրա հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։
Հետաքրքիր փաստ
Անդրանիկի սխրանքների վերաբերյալ New York Journal-American պարբերականում 1920թ. տպագրվել է կոմիքսների շարք։
Ավելին