ԱՆԴՐԱՆԻԿ «ԱՆԴԻ» ՄԱԴԱԴՅԱՆ. ՓՈՓ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՊԵՐԱՍՏՂ

ԱՆԴՐԱՆԻԿ «ԱՆԴԻ» ՄԱԴԱԴՅԱՆ. ՓՈՓ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՊԵՐԱՍՏՂ

«Ես հայ եմ, որը ծնվել է Իրանում, այնպես որ արյանս մեջ այդ երկու երանգն էլ կա։ Եվ ի տարբերություն միջին իրանահայի՝ ես հասակ եմ առել՝ սիրահարված լինելով ամերիկյան ու բրիտանական երաժշտությանը, Ռոդ Ստյուարտին, Չիկագոյին, Ռեյ Չառլզին, Դիփ Փարփլին»։

 

Նրա մասին 

Անդրանիկ Մադադյանը, որին շատերը ճանաչում են որպես Անդի, պարսկական փոփ երաժշտության ամենահայտնի կատարողներից է։ Նրան անվանում են նաեւ «Պարսկաստանի արքայազն» (Prince of Persia), «Պարսկաստանի Էլվիս» եւ Իրանի «փոփի արքա»։ 

Թեհրանում ծնված Անդին մեծացել է հայկական ընտանիքում։ Երաժշտություն եւ բեմական արվեստ սովորել է՝ աշակերտելով իրանական հայտնի պրոդյուսերներից մեկին, եւ անուն հանել երկրով մեկ։ Այդուհանդերձ, Իսլամական հեղափոխության տարիներին, երբ հայրենիքում մնալն այլեւս անհնարին դարձավ, նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ եւ հաստատվեց Լոս Անջելեսում։  

Իրանում եւ իրանական ստվար սփյուռքում նա տարիների ընթացքում երկրպագուների մեծ բանակ հավաքեց։ Զավեշտալիորեն, Իրանում նրա երաժշտությունն արգելված է, ինչը, սակայն, չի խոչընդոտել, որ երկրպագուները կրկնօրինակեն նրա ձայնագրություններն ու միլիոնավոր օրինակներով ընդհատակյա ձեւով տարածեն երկրով մեկ։ 

Անդիի ֆյուժըն ոճը համատեղում է հայկական, պարսկական, արաբական եւ արեւմտյան մեղեդիներն ու ազդեցությունները։ Ամենատարբեր ձեւաչափերով աշխատելու իր պատրաստակամության շնորհիվ նա կարողացել է համագործակցել ժամանակակից բազմաթիվ կատարողների, այդ թվում՝ Ջոն Բոն Ջովիի հետ։ Նա վայելում է մեծ համբավ, ինչը թույլ է տվել իրեն ելույթներ ունենալ ամենատարբեր հարթակներում, օրինակ՝ «Չելսի» եւ «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբների՝ Ռոուզ Բոուլում տեղի ունեցած խաղի ժամանակ։ Նա նաեւ նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից է, օրինակ, Բեն Քինգսլիի մասնակցությամբ «Ավազի ու մշուշի տունը» (The House of Sand and Fog) կինոնկարը։ 

 

Հետաքրքիր փաստ 

Անդին նաեւ եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

 

Ավելին

Andy Music

Already a Superstar in Iran, “Persian Elvis” Sets Sights on US

Andy on Shahs of Sunset