Հայրը նրան Անդրանիկ էր կոչել՝ ի պատիվ Մանուկյանների ընտանիքի նահապետի, որը հռչակավոր զորավար Անդրանիկի ֆիդայիներից էր։ Բայց նա ավելի լայն ճանաչում ունի իր երկրորդ՝ Անդրե անունով, իսկ նրա երկրպագուներն իրենց սիրելի հեռուստահաղորդավարին մտերմիկ անվանում են Դեդե։ Առինքնող ժպիտը, վառվռուն կանաչ աչքերն ու ինտրիգների նկատմամբ սերն այս բացառիկ դաշնակահարին ու կոմպոզիտորին թույլ են տվել իր կայուն տեղը զբաղեցնել ֆրանսիական մեդիայում։ 58 տարեկանում արդեն պապիկ դարձած Անդրե Մանուկյանն իր ժամանակն անցկացնում Շամոնիի առանձնատանն ու Փարիզում, որտեղ էլ աշխատում է։ Նա զտարյուն հայ է՝ զարմանալիորեն առանց տխրության։
Իբրեւ հետ-1968-յան ազատական սերնդի ներկայացուցիչ՝ Անդրեն հեռու է կոմունիտարիզմից։ Այն օրերին նա իր տեղն ընտրել էր ձախական հիպիների շարքերում։ Իր հայկական կողմին նա պատահաբար ծանոթացավ ջազի միջոցով. 2007-ը Ֆրանսիայում հայ մշակույթի տարի էր, եւ շնորհիվ «Nouvelle Star» հեռուստաշոուում («American Idol»-ի ֆրանսիական համարժեքը) ձեռք բերած ճանաչման՝ Մանուկյանը հրավիրվեց հայկական սփյուռքի մասին պատմող մի հեռուստահաղորդման։ Երբ պրոդյուսերը նրան խնդրեց որեւէ հայկական բան նվագել, նա ընկավ ծանր դրության մեջ: Սակայն Հայկանուշ տատի սիրած երգերից մեկի հեռավոր հիշողությունը անսպասելիորեն վերակենդանացավ, ու նրան հաջողվեց այդ մեղեդին հանպատրաստից նվագել դաշնամուրի վրա՝ իմպրովիզացիայի ընթացքում ներմուծելով մելամաղձոտ բլյուզի տարրեր։ Վաղուց կորած, բայց անջնջելի մի բան զարթնեց Անդրեի մեջ՝ դառնալով հայկական մեղեդիներից ներշնչված «Ինկալա» ջազ-ալբոմի սկիզբը։
Անդրեի պապը՝ քաջ Անդրանիկը
Լինելով զգացմունքային արվեստագետ՝ Անդրեն դեմ չէր լինի իր անցյալը նորովի ձեւավորելուն։ Բայց Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում պատկերված ցեղասպանության անվերականգնելի վնասն ասես ապտակ լիներ նրա համար։ Ի՞նչն էր, սակայն, որ նրան ամենաշատը տպավորեց... ֆիլմի առաջին հինգ րոպեն, երբ նա տեսավ թուրք հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող հայերին։ «Ցեղասպանությունը ջնջել է այդ անցյալը»,- ասում է Մանուկյանը, որի համար օրինակելի կերպար է Հուգա Փրաթի կոմիկսների հերոս, արկածախնդիր նավապետ, «ոսկե սրտով թափառական» Կորտո Մալթացին։ Նա ուզում է ինքը լինել իր ճակատագրի ընտրողն ու դուրս գալ իր ինքնությունն ստվերող արյունալի ժառանգության քողի տակից։
Անդրեի մորական կողմի արմատներն Անատոլիայի արեւմուտքում են. նրա տատի հայրը՝ Դելերյան ազգանվամբ, Ստամբուլից արեւելք ընկած Ադաբազարի քաղաքապետն էր։ Ըստ Մանուկյանի՝ ընտանիքի այդ հատվածը ցեղասպանության ականատես չի եղել. զգալով մոտալուտ վտանգն ու «քամիների փոփոխությունը»՝ նրանք փախել են նախքան ողբերգական դեպքերի մեկնարկը։
Ադաբազարի տեսարան
Նկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Հորական պապը՝ Անդրանիկը, ավելի ծանր ճակատագիր ունեցավ։ Մոտավորապես 1894 թվականին կենտրոնական Անատոլիայի Ամասիա քաղաքում (Սեւ Ծովից ոչ հեռու) ծնված Անդրանիկն ամուսնացած էր Հայկանուշ Մնջիկյանի հետ եւ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին ուներ երկու երեխա՝ տղա ու աղջիկ։ 1914 թվականին նա զորակոչվում է օսմանյան բանակ եւ ուղարկվում արեւելք՝ Կովկասյան ռազմաճակատ, իսկ 1915թ. հունվարին՝ Սարիղամիշի մոտ օսմանյան բանակի պարտությունից հետո, ձերբակալվում ու գերեվարվում է Ռուսաստանի խորքերը։ Քրիստոնյա լինելը չի փրկում. նրան ուղարկում են Սիբիր, Չինաստանի սահմանից մի փոքր հեռու տեղակայված գաղութներից մեկը։
Տեսարաններ Ամասիայից
Նկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Այստեղ նա աշխատում է իբրեւ դերձակ եւ սովորում հունգարերեն ու գերմաներեն՝ ընկերանալով մյուս կալանավորների հետ։ Օրերից մի օր գերմանացի մի սպա նրան առաջարկում է հատել չինական սահմանն ու ապաստան հայցել գերմանական հյուպատոսությունում։ Նրանք երկուսով փախչում են, սակայն մոտակա չինական քաղաքում շուկայից չորացրած ձուկ գողանալու պատճառով հետապնդման ենթարկվելով՝ պատահմամբ ընկնում են ռուս կայազորի ձեռքն ու հետ ուղարկվում գաղութ։ Ինչպես եւ ռազմագերիների մեծ մասը, 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրանիկն ազատ է արձակվում։ Տրանս-սիբիրյան երկաթուղով նա 32 օրից հասնում է Օդեսա, իսկ ուղեվարձը վճարելու համար ճանապարհին, կանգառներ անելով, աշխատում է որպես դերձակ։ Ժամանելով քաղաք՝ նա անմիջապես գնում է նավահանգիստ ու Ռուսաստանից հեռացող մի նավ բարձրանում։
Անդրանիկի ոդիսականը
Ուղեւորվելով Թուրքիա՝ Անդրանիկը ներկայանում է որպես հույն եւ սկսում երկրով մեկ փնտրել իր ընտանիքը։ Նոր ինքնությունը, սակայն, նրան երկար չի ծառայում. շուտով նրան ձերբակալում են Կոնիայում։ «Ամեն օր պահակազորը գալիս էր եւ երկու հոգու տանում խոհանոցում օգնելու: Նրանք այլեւս հետ չէին վերադառնում...»,- հիշում է Մանուկյանը։ Անդրանիկն այնքան է անհանգստանում իր կյանքի համար, որ կրկին փախչում է եւ հաջողելով հասնել երկրի արեւելք՝ միանում է զորավար Անդրանիկի բանակին։ Սակայն երբ վերջինս ստիպված է լինում նահանջել Արեւելյան Հայաստանի տարածք, Անդրանիկը կրկին հայտնվում է Ռուսաստանում։
Իսկ այդ ժամանակ նրա երեխաներն ու կինը՝ Հայկանուշը, ծնողների եւ յոթ քույրերի հետ տեղահանված է լինում հայրենի բնակավայրից։
Բացի Հայկանուշից ու նրա քույրերից, մնացած բոլորը շուտով մահանում են սիրիական անապատի ճանապարհին։ Հայկանուշն ու քույրերն ամեն հնարավոր միջոցով փորձում են գոյատեւել: Քույրերին պաշտպանելու համար Հայկանուշը նրանց երեսը ցեխով էր պատում։ Ինքը մի կերպ է խուսափում բռնաբարությունից՝ հարձակվողներին վախեցնելու համար խելագար ձեւանալով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նրանք հասնում են Դեր Զոր եւ շուտով Կարմիր խաչի օժանդակությամբ ապաստան գտնում Բուլղարիայում։
Այստեղ բնակվում էր Անդրանիկի հորեղբայր Հակոբը, որի՝ Կարմիր խաչի միջոցով տարածած հայտարարությամբ էլ («Հակոբ Մանուկյանը փնտրում է իր ընտանիքի անդամներին») Անդրանիկը վերագտնում է ընտանիքը: Նրանք բոլորով տեղափոխվում են հետ՝ Թուրքիա, եւ բնակություն հաստատում Զմյուռնիայում (այժմյան Իզմիր քաղաքը), որտեղ Անդրանիկը խանութ-արհեստանոց է բացում։ Գործն սկսում է ծաղկել՝ կարճ ժամանակ անց Անդրանիկի տրամադրության տակ արդեն 35 կարի մեքենա կար։ 1920թ. ծնվում է նրա որդին։
Կյանքը վերադարձավ բնականոն հուն, բայց դա երկար չտեւեց։ Բռնկվեց հույն-թուրքական պատերազմը, եւ Անդրանիկը կրկին զինվորի հանդերձանք հագավ։ 1922թ. սեպտեմբերին թուրք հրամանատար Մուստաֆա Քեմալի ուժերը գրավեցին քաղաքն ու հրի մատնեցին հայկական եւ հունական թաղամասերը։ Մանուկյանների ընտանիքը, Անդրանիկից բաժանված, հազիվ կարողացավ նավով փրկվել։ Որդին՝ Արթուրը, որն այդ պահին դեռ երեք տարեկան էր, մինչ օրս հիշում է, թե ինչպես կրակի բոցերում իր ընտանիքը բարձրացավ Հունաստան ուղեւորվող ֆրանսիական նավը։
Զորացրվելով՝ Անդրանիկը կրկին ճամփա ընկավ հարազատներին փնտրելու։ Կարմիր խաչից իմացավ, որ կինը, տղան եւ կնոջ քույրերը Հունաստանում են՝ «Լարիսա» փախստականների ճամբարում։ Մի օր, երբ ընտանիքն ընթրիքի էր նստած էր, փոքրիկ Արթուրը տեսավ, թե ինչպես դուռը բացվեց ու ներս ընկավ բարձրահասակ մի տղամարդ՝ հաստ բեղերով, ռուսական շինելով ու աստրախանյան գլխարկով։
Բոլորը վախեցան. Հայկանուշը ճչաց, իսկ նրա քույրերը վազեցին վրանի հետնամաս ու սկսեցին լալ։ Սա Արթուրի առաջին հիշողությունն է իր Անդրանիկ հոր մասին։
Արթուրի քույրը՝ փոքրիկ Թագուհին, ծնվեց արդեն Հունաստանում, եւ երկու տարի ընտանիքն ապրեց փոքրիկ մի վրանում, մինչեւ մի օր ֆրանսիական Աուբենասի (Aubenas) թելի գործարանի մի աշխատող եկավ այդ կողմերը՝ բանվոր փնտրելու։ Պատերազմի ավարտին Ֆրանսիան տղամարդկանց մեծ կարիք ուներ ու վարձում էր ում եւ որտեղ կարող էր։ Այսպես Մանուկյանների ընտանիքը հայտնվեց Ֆրանսիայի հարավում գտնվող Արդեշ քաղաքում, հետո տեղափոխվեց Նիս, ապա՝ Լիոն։
Արթուրը մեծացավ անցյալի ցավոտ հիշողությունների մեջ։ Երեխա ժամանակ խուսափում էր ընտանեկան հավաքներից, որոնցում, ըստ Անդրեի, արեւելյան ուտեստներն ուղեկցվում էին «կոտորածների, բռնաբարությունների, որովայնները պատռած կանանց, որդիների աչքի առջեւ գլխատված հայրերի, ցից հանվող երեխաների» մասին սահմռկեցուցիչ պատմություններով։ Արթուրն ամեն ինչ արեց, որ իր երեխաներին հետագայում հեռու պահի բոլոր այս սարսափներից։
Անդրեն ու քույրը՝ Մարին, մեծացել են Հայկանուշ տատի մոտ՝ Լիոնի Կրուա-Ռուս (Croix-Rousse) թաղամասում։ Հորական պապը նրանց հետ հայերեն էր խոսում։ Արդյունքում՝ փոքրիկ Անդրեն եզրակացրել էր, որ մանկապարտեզի իր դայակը «բոլորովին խելոք չէ, քանի որ չի հասկանում իր ասածների մի մասը»։ Մինչ դպրոցական իր ընկերները դրսում անվաչմուշկ էին քշում, Անդրեն ստիպված էր հաճախել հայկական դպրոց, որտեղ էլ վեց տարեկանից սկսեց դաշնամուրի դասերի գնալ։ Հայրը, որը եւ՛ դաշնամուր էր նվագում, եւ՛ ջութակ, միշտ կողքին էր, օգնում ու ոգեշնչում էր որդուն, ծանոթացնում դասական երաժշտության գանձարանին։
Հարյուրամյակի կիզակետում
2015թ. ապրիլի 24-ի պատմական օրը Հայաստանում էր նաեւ Անդրեն։ Նա, ով ցեղասպանության պատմական խոր հետեւանքներին եւ իր ժառանգած բարդ խճանկարին առաջին անգամ ծանոթացել էր 1980-ականներին՝ Ֆրանսիայում եւ այլուր ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) հարձակումներից (դրանք նպատակ ունեին թուրքական կառավարությանն ստիպել ընդունել Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել հայկական հողերն ու հատուցել դրամական վնասը), այժմ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվիրակության կազմում ժամանում էր Հայաստան։
«Սա շատ տարօրինակ էր, գրեթե զավեշտալի։ Մենք Երեւան ուղեւորվեցինք կեսգիշերին։ Երբ Օլանդն ինքնաթիռ մտավ, մենք բաց թողեցինք մեր ընթրիքը՝ նրան ողջունելու համար։ Երբ առավոտյան վեցին տեղ հասանք, նա մի գեղեցիկ ու հանպատրաստից ճառ արտաբերեց Ֆրանսիայի դեսպանատանը՝ շեշտելով, թե Ֆրանսիան ինչքան բախտավոր է եղել՝ հայ քաղաքացիներ ունենալով»,- պատմում է Անդրե Մանուկյանը։
Ծիծեռնակաբերդում հիշատակի պաշտոնական արարողությանը ֆրանսիական պատվիրակությունը ժամանեց ուշացումով, երբ միջոցառումն արդեն սկսվել էր։ Երթը գլխավորում էր Անդրեն, նրա կողքից քայլում էր ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրը, որը զարմանքով ասել էր. «Ես երբեք այդքան տեսախցիկ տեսած չկայի»։
Ընթացքում նրանց մոտեցած մի լրագրող խոսափողն ուղղել էր նրանց դեմքին՝ ասելով. «Ես թուրք եմ, ինձ ասելու ի՞նչ ունեք»։ Ազնավուրը թեւերը պարզել էր ու պատասխանել. «Բարով ես եկել»։
«Անչափ հուզիչ էր»,- եզրափակեց Անդրեն։
Հայ լինել՝ Անդրեի համար նշանակում է հասկանալ ուրիշներին, լինել հետաքրքրասեր եւ օժտված լինել գոյատեւելու ու առաջ շարժվելու անբեկանելի կամքով։ Կարո՞ղ է հայը երջանիկ լինել 21-րդ դարում։ Պատասխանը հստակ է. «Այո՛, բայց պայմանով, որ հաշտվի անցյալի հետ»։
Հայաստանին Անդրեն հանդիպեց ամենալուսավոր ճանապարհներից մեկի՝ երաժշտության միջոցով։ Այդ պահից ի վեր նա հասկացավ, որ թեպետ հայերը նրան ընդունում են՝ որպես «վերադարձած անառակ որդի», իր նախնյաց երկիրը ներկայիս Թուրքիայի սահմաններում է։ Ու նա այլեւս չի խուսափում իր երաժշտագետ ընկերների հրավերով Ստամբուլ մեկնելուց։
Ծագումով հայ սիրիացի մեծանուն ջազ երգչուհի Լենա Շամամյանի հետ հանդիպումը Անդրեի համար վերջին տարիների թերեւս ամենահրաշալի իրադարձությունն էր։ Նա՝ Արեւելքից, ինքն՝ Արեւմուտքից, հարյուրամյակի տարում իրենց տաղանդն ու հայկականությունը խորապես զգալու ունակությունը ծառայեցրին ավելի բարձր մի նպատակի։ Նրանք ընդհանուր ծագում ունեն եւ հավասարապես սիրում են իրենց օսմանյան ժառանգությունը։ Այժմ թուրքական քաղաքացիական հասարակության դանդաղ արթնացումը նոր հորիզոններ է խոստանում նրանց գործին։
Լենա Շամամյանը եւ Անդրե Մանուկյանը ներկայացնում են երգ, որը նախատեսված է իրենց առաջիկա նախագծի համար:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: