Լինելով Հոլիվուդի ամենահաջողակ կինո- եւ հեռուստատեսային պրոդյուսերներից ու ժամանցային ոլորտի գործադիր ղեկավարներից մեկը՝ Հովարդ Ղազանջյանը մասնակցել է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մի քանիսի ստեղծմանը, ներառյալ՝ «Ինդիանա Ջոնս եւ Կորուսյալ Տապանի ասպատակները» (Indiana Jones and the Raiders of the Lost Ark) ֆիլմը եւ «Աստղային պատերազմեր» շարքի դասական՝ «Ջեդայի վերադարձը» (Return of the Jedi) դրվագը։ Յոթ տարի լինելով «Lucasfilms Ltd.» ընկերության արտադրության գծով փոխնախագահ՝ նա ղեկավարել է նաեւ «Աստղային պատերազմներ» շարքի հինգերորդ՝ «Կայսրության հակահարվածը» դրվագի նկարահանումները։
Այս բացառիկ ֆիլմաշարերի մասին խոսելիս Ղազանջյանն ասում է. «Աստղային պատերազմներն» ամենացնցող նախագծերից էր, որին երբեւէ մասնակցել եմ, մասամբ քանի որ դա «Lucasfilm»-ի անկախ արտադրությունն էր, որտեղ ես հաշվետու էի միայն Ջորջ Լուկասին, այլ ոչ թե կինոստուդիայի գործադիրներին։ Մեծ բավականություն էր ֆիլմերի նկարահանումների ընթացքում Լուկասի հետ կողք կողքի աշխատելը եւ ավելին՝ տեսնելը, թե ինչպես են «Skywalker Ranch»-ն ու «Lucasfilm»-ն աստիճանաբար աճում՝ վերածվելով նրան, ինչ այսօր կան»։
Ըստ Ղազանջյանի՝ «Աստղային պատերազմների» կարգի ֆիլմ արտադրելիս «չափազանց բարդ էր չշեղվել ժամանակացույցից ու բյուջեից եւ ֆիլմը ժամանակին հանձնել կինոթատրոն, իսկ ամենակարեւորը՝ ստեղծել այնպիսի որակի ֆիլմ, որը կապրեր տասնամյակներով»։ Հարցին, թե ինչից է, որ ամենատարաբնույթ մարդիկ աշխարհի բոլոր կողմերում այդքան սիրում են «Աստղային պատերազմները», Ղազանջյանը պատասխանում է. «Որովհետեւ դա հեքիաթի, ժամանցի ու գեղարվեստական պատումի բացառիկ խառնուրդ է, եւ այնտեղ կան ուղղակի ապշեցուցիչ տեսարաններ»։
Ղազանջյանն ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոդպրոցը, իսկ ապա քառասուն տարի շարունակ հղկել իր վարպետությունը լեգենդար կինոգործիչների, մասնավորապես՝ Ալֆրեդ Հիչքոքի, Բիլի Վիլդերի, Սեմ Փեքինփայի, Էլիա Կազանի, Քլինթ Իսթվուդի, Ռոբերտ Ուայզի, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի եւ Սթիվեն Սփիլբերգի կողքին։ Նրա ֆիլմերն առաջադրվել են տասնյակից ավելի անվակարգերում եւ արժանացել տասը «Օսկար» մրցանակի։ «Լավագույն հեռուստավավերագրության» համար նա ստացել է «Էմմի» մրցանակ, իսկ PBS ալիքով երեխաների համար թողարկել է ուսուցողական անիմացիոն ֆիլմաշար։ Նա բացառիկ համբավ է վաստակել՝ ֆիլմերը ժամանակին հանդիսատեսին հանձնելու եւ նվազագույն միջոցներով առավելագույն արժեքն էկրան բարձրացնելու իր կարողության շնորհիվ։
Հովարդը սիրում է դուրս գալ պրոդյուսերի ավանդական դերի սահմաններից՝ ներգրավվելով սցենարի ու դերասանական կազմի ընտրության, տեղանքի որոնման, արտադրության եւ հատուկ էֆեկտների, ինչպես նաեւ ֆիլմի ավարտական փուլի, տարածման ու առեւտրայնացման բոլոր ոլորտներում։ Նա հայտնի է նաեւ որպես գրական գործերի հեղինակ։ Նրա գրչին են պատկանում ամերիկյան հերոսներ Ռոյ Ռոջերսի եւ Դեյլ Էվանսի մասին կենսագրական գործերը («Կովբոյն ու սենյորիտան» (The Cowboy and the Senorita), «Բարի երթ. Ռոյ Ռոջերսի եւ Դեյլ Էվանսի կյանքի ու ժամանակների պատկերավոր փառաբանություն» (Happy Trails: A Pictorial Celebration of the Life and Times of Roy Rogers and Dale Evans)), Ջոն Ուեյնի կենսագրությունը («Երիտասարդ դուքսը»), ինչպես նաեւ վեց այլ գիրք։ Ղազանջյանն ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ Կալիֆորնիայի կինոհանձնաժողովում (CFC), որում նշանակվել էր Կալիֆորնիայի նախկին նահանգապետեր Ջորջ Դոքմաջյանի ու Փիթ Ուիլսոնի կողմից։ Այժմ Ամերիկայի ռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիաների ակտիվ անդամ է, ներգրավված է Հեռուստատեսային ակադեմիայի եւ Կինոարվեստի ու գիտությունների ակադեմիայի աշխատանքներում։
Նրա սիրած կինոգործիչներն են Դեյվիդ Լինն ու Ռոբերտ Վայզը։ Գուցե զարմանալի հնչի, սակայն նրա համար իր մասնակցությամբ ստեղծված ամենասիրելի ֆիլմն «Աստղային պատերազմները» չէ, այլ մարտաֆիլմի դասական համարվող «Կորուսյալ Տապանի ասպատակները», ինչպես նաեւ «Կամելոտը» եւ «Վայրենի բանդան» (The Wild Bunch), որոնց նկարահանումներին նա մասնակցել է որպես ռեժիսորի օգնական։
Թեպետ մանկական ու պատանեկան տարիներին Ղազանջյանի ծնողները շատ են խոսել նրա հայկական ինքնությունից ու ընտանեկան պատմությունից, Հովարդն ինքը գերադասում է ընտանեկան հարցերը, ինչպես նաեւ իր տեսակետները 1915 թվականին պապուտատերի վերապրածի մասին պահել իր անձնական տիրույթում։ Համարվում է, որ Հովարդի մայրական տատը՝ Ռոզ Խազոյանը, Միացյալ Նահանգներ է ժամանել 1910 թվականին։ Մորական պապը՝ Ալբերտ Խազոյանը, լինելով ֆիդայի, թուրքերի կողմից ձերբակալվել ու բանտարկվել է, իսկ Ամերիկա հասել է 1911 թվականին։ «Նրանց հինգ երեխաները ծնվել են Հայաստանում, երկուսը՝ Կալիֆորնիայում,- ասում է Հովարդը,- առաջին երեխան տղա էր, բայց մահացավ, քանի որ թուրքերը թունավորեցին նրա կաթը»։
Հայոց ցեղասպանությանն անդրադառնալով՝ Հովարդն ասում է. «Ինչ էլ լինի՝ հարկավոր է հիշել, սակայն պետք է նաեւ առաջ շարժվել»։
Ղազանջյանը ներկայումս ներգրավված է մի շարք հետաքրքիր նախագծերում, այդ թվում՝ վեսթրն ոճի հեռուստատեսային իրական (TV Reality Western) նկարահանումներում եւ IMAX ձեւաչափի ֆիլմի արտադրությունում։ Ֆիլմերից ազատ ժամանակ Հովարդը սիրում է վեպեր համահեղինակել։ Ղազանջյանն ապրում է Կալիֆորնիայի Ալտադենա քաղաքում՝ կնոջ եւ երեք երեխաների հետ։