«Մի մարդը կարող է ոգեշնչել մեկ այլ մարդու: Եվ այդ ընթացքը՝ մարդկանց բացահայտումն ու ճանաչումը, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ դերը՝ իրենց անցած ճանապարհով եւ դրա շուրջ հյուսվող պատմությամբ, ստեղծում են կարեկցանքի մի ամբողջ սիմֆոնիա՝ ի տարբերություն անհատական դրսեւորումների»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ Devex մեդիահարթակի եթերում:
Քննարկումը թողարկվել է օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը: Այն վարում էր Devex մեդիահարթակի նախագահ եւ գլխավոր խմբագիր Ռաջ Կումարը, որին մասնակցել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Էլիս Գրինվալդը եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային:
Նուբար Աֆեյանը հիշեցրեց, թե որն է եղել «Ավրորայի» ներշնչանքի աղբյուրը, ու թե դրա ստեղծմամբ համահիմնադիրներն ինչպիսի փոփոխություններ էին ցանկանում իրականացնել հումանիտար ոլորտում: «Մենք՝ երեքս, մտորում էինք, թե ինչպես հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ, որ ավելի կարեւոր է, այն մարդկանց, որոնք փրկել են նրանց կյանքը, ում հետնորդներն ենք մենք»,- նշեց Նուբար Աֆեյանը: «Մենք իսկապես կրկնապատկել ենք մեր համայնքը: Մենք համախմբել ենք մարդկանց: Մենք սովորում ենք նրանցից: Մեր կարծիքով՝ սա եւս մեկ սերունդ ներգրավելու լավ միջոց է: Թե՛ տեխնածին, թե՛ բնական աղետների՝ համավարակի, կլիմայի փոփոխության պայմաններում մարդասիրության պահանջարկը, ցավոք, կաճի, եւ մենք կարծում ենք, որ այս նախաձեռնությունը կարող է օգնել մարդկանց իսկապես պատրաստ լինելու այն պահին, երբ դուք ունեք ուրիշներին փրկելու հնարավորություն»։
Միրզա Դինային վերհիշեց, թե ինչպես իր կյանքի շատ դժվար մի փուլում ստացավ այն լուրը, որ իրեն առաջադրել են 2019 թ. «Ավրորա» մրցանակին, ու թե ինչպես այն ուժ տվեց առաջ շարժվելու: «Ինձ ասացին, որ ես ընտրվել եմ որպես «Ավրորայի» հերոս՝ որպես մրցանակի երեք հավակնորդներից մեկը: Ես նույնիսկ չէի սպասում, որ կստանամ մրցանակը: Ես պարզապես երջանիկ էի, քանի որ շատ էի աշխատում [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման] զոհերի հետ: Դա մի շրջան էր իմ կյանքում, երբ ես գիտակցեցի՝ այո, ես ամբողջովին շարքից դուրս եմ եկել՝ տրավմաներով մարդկանց հետ աշխատելու հետեւանքով: Ու դու կարիք չունես մարդկանցից «շնորհակալություն» լսելու, քեզ պարզապես պետք է ճանաչում՝ բարոյական ճանաչում։ Այնպես որ, ինձ համար շատ կարեւոր էր դա»,- բացատրեց պարոն Դինային, որը 2019-ին արժանացել է «Ավրորա» մրցանակին իր ՝ Սիրիայում եւ Իրաքում բազմաթիվ հակամարտությունների ընթացքում եզդի համայնքի ամենախոցելի անդամներին օգնելու մեծագույն ջանքերի համար:
Խոսելով ընտրություն կատարելու, «մասնակից, ոչ թե պարզապես դիտորդ» լինելու մասին՝ Էլիս Գրինվալդը պատմեց այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնի գինեկոլոգ, վիրաբույժ եւ իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեի մասին: «Նա օգնել է կանանց ապաքինվել եւ վերականգնվել ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլեւ իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ հոգեբանական, հուզական, սոցիալական, տնտեսական: Խոսքն աներեւակայելի չափերի տրավմայից հետո մարդկանց լիարժեք ու արժանապատիվ կյանք վերադարձնելու մասին է»,- ասաց տիկին Գրինվալդը: «Ես պատիվ ունեցա հանդիպելու բժիշկ Մուկվեգեին մի քանի տարի առաջ Երեւանում՝ Հայաստանում: Ես նրան փոքր-ինչ միամտաբար հարցրի. «Դենի՛ս, ինչպե՞ս հայտնվեցիր այս տեսակ գործի մեջ»: Ու նա նայեց ինձ, դադար վերցրեց եւ ասաց. «էլիս, յուրաքանչյուրս էլ մայր ունենք»: Ու դա ամենն էր, ինչ նա ասաց: Դա այն է, ինչ «Ավրորայի» հիմքում է: Հենց դա է մարդասիրական ազդակի առանցքը: Դա գիտակցումն է այն բանի, թե ինչն է մեզ միավորում՝ որպես մարդ, այլ ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է»:
Քննարկման ավարտին Ռաջ Կումարը կրկին անդրադարձավ Նուբար Աֆեյանի՝ «կարեկցանքի պակասուրդից կարեկցանքի սիմֆոնիայի» անցում կատարելու զորեղ մտքին եւ գովասանքի խոսքեր ուղղեց «Ավրորային»՝ մարդասիրության ոլորտում նորարարության ոգին մարմնավորելու համար: «Ես, հավանաբար, որպես ձեռնարկատեր՝ կողմնակալ վերաբերմունք ունեմ, բայց հակված եմ մտածելու, որ մարդասիրական համայնքի զարգացումը կարող է փոքր-ինչ ավելի բեկումնային մոտեցումներ պահանջել: Եվ ես կարծում եմ, որ այն բաներից մեկը, որ այդքան տպավորիչ է լսել, երբ բոլորդ խոսում եք «Ավրորայի» մասին, հենց այդ բեկումնային լինելու գաղափարն է: Սա այնպիսի մարդկանց համայնք է, որոնք իսկապես նպատակ ունեն լավ գործեր անելու աշխարհում: Ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք աշխատում են ՄԱԿ-ի գործակալություններում եւ միջազգային խոշոր հասարակական կազմակերպություններում: Սրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքը նվիրել են կարեւոր եւ բարի գործ անելուն, բայց նրանք եւս հիասթափված են համակարգի աշխատաոճից: Եվ նոր գաղափարը, թարմ գաղափարը, ավելի ընդգրկուն գաղափարն այն է, որը շատ մարդիկ կընդունեն եւ կցանկանան զբաղվել դրանով»,- նշեց Ռաջ Կումարը:
Քննարկման ձայնագրությունն անգլերենով՝ ստորեւ.