2024 թ. մայիսի 9-ին ավելի քան 300 հյուրեր մասնակցեցին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը եւ Երախտագիտության ընթրիքին, որտեղ ելույթով հանդես եկան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջո Մանգանիելոն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին եւ ուրիշներ: Վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանը հանդիսատեսին հուզեց իր կատարումով, որը նա նվիրեց մարդկանց, որոնք մերօրյա ոճրագործությունների զոհն են:
«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը չկարողացավ ներկա գտնվել Լոս Անջելեսի միջոցառումներին, քանի որ նա Բաքվի բանտում է, որտեղ նրան շարունակում է ապօրինաբար պահել Ադրբեջանի կառավարությունը: Նրա կինը՝ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, ամուսնու ուղերձը փոխանցեց հյուրերին Հայաստանում տեսագրված հուզիչ տեսանյութով։
Միջոցառման ընթացքում «Գրեմմիի» առաջադրված երգիչ եւ երգահան Ալոե Բլեքն առաջին անգամ ներկայացրեց իր նոր՝ «SHINE» ստեղծագործությունը, որը գրելիս նա ոգեշնչվել է մերօյա հերոսների նվիրումով եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության:
Արարողության ավարտին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվեց հայտնի գինեկոլոգ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեին: