logo
ՓԱԿԵԼMenu
Ապրիլին կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները եւ  տեղի կունենա Aurora Dialogues հատուկ միջոցառում

Ապրիլին կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները եւ տեղի կունենա Aurora Dialogues հատուկ միջոցառում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի* 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու այս տարվա «Ավրորայի» հերոսներին եւ իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: Այս միջոցառումները կհամախմբեն տեղական եւ միջազգային գործընկերներին, կօգնեն նրանց միավորելու ջանքերն առավելագույն ազդեցություն ունենալու համար: 

2021 թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կխոնարհեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝  ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների:

Նույն օրն ավելի ուշ Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները:  2021 թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացավ 2020 թ. ապրիլի 24-ից մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: Ավադույթի համաձայն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները կարձանագրվեն նաեւ 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը: 

2021 թ. ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական եւ սփյուռքի  կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: 

Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության եւ մշակույթի, տնտեսական զարգացման եւ սոցիալական թեմաներով աշխատարաններ: Դրանք կվարեն «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղբալյանը, Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: 

Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը եւ համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական եւ միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, եւ մտադիր է ընդլայնել գործունեությունը:  

Լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապրիլի 24, 2019 թ. 

* Ինչպես գիտեք, կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: Այդ իսկ պատճառով ապրիլի 24-ին Մատենադարանում տեղի կունենա նաեւ միջոցառում՝ ի պատիվ Վարդան Գրեգորյանի ժառանգության: Ապրիլի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի Վարդան Գրեգորյանի հիշատակի երեկո: Իսկ ապրիլի 25-ին նախատեսված Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումը տեղափոխվել է եւ կանցկացվի մայիսի 2-ին: 

Թարմացումը՝ ապրիլի 16, 2021 թ.