«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues քննարկում տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 11-12-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Հումանիտար ոլորտի նշանավոր գործիչներ, գիտնականներ, մարդասերներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության մի շարք անդամներ իրենց ուշադրությունը կբեւեռեն աշխարհի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրներին ցուցաբերվող անհապաղ արձագանքի բարելավման եւ դրանց համար կայուն լուծումների որոնման գործում բազմակողմ եւ բազմաշահառու մոտեցումների վրա։
Բեռլինում սպասվող միջոցառումը մասն է կազմում Aurora Dialogues քննարկումների հավելյալ ծրագրի, որը ներառում է միջազգային համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք նպատակ ունեն նման քննարկումներով նպաստել աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։ «Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում աղետներին դիմագրավելու եւ դրանց դեմ լրջագույն պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք ունակ են հանգեցնելու էական փոփոխությունների։
Առաջին Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին 2016թ. ապրիլի 23-ին Մատենադարանում: Մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն էին ներկայացնում փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրության ոլորտում կանանց դերի եւ աշխարհի ուշադրությունը մարդասիրական ճգնաժամերի վրա բեւեռելու գործում մեդիայի դերի վերաբերյալ:
2017թ. նման միջոցառումներ տեղի ունեցան Երեւանում եւ Բեռլինում, իսկ 2018թ. Aurora Dialogues քննարկումները Նյու Յորքում էին (մարտին եւ սեպտեմբերին), Մոսկվայում, Երեւանում եւ Բեռլինում: